0,5 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԱՃ ԵՎ 20 ՏՈԿՈՍ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՃ 2016-ԻՆ Ա. Մ. 2016-ին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 0,5 տոկոսով: Այդ տեղեկատվությունն է հրապարակել ազգային վիճակագրական ծառայությունըՙ օպերատիվ ամփոփմամբ ստացված, այսինքն` նախնական ցուցանիշների համաձայն: Տարվա ընթացքում տնտեսական ակտիվության աճի ցուցանիշը հետեւյալ տատանումներն է գրանցել նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նկատմամբ. 2016թ. հունվար | 5 տոկոս | 2016թ. հունվար-փետրվար | 4,7 տոկոս | 2016թ. հունվար-մարտ | 5,5 տոկոս | 2016թ. հունվար-ապրիլ | 6 տոկոս | 2016թ. հունվար-մայիս | 5,5 տոկոս | 2016թ. հունվար-հունիս | 4,8 տոկոս | 2016թ. հունվար-հուլիս | 3 տոկոս | 2016թ. հունվար-օգոստոս | 2,4 տոկոս | 2016թ. հունվար-սեպտեմբեր | 1,6 տոկոս | 2016թ. հունվար-հոկտեմբեր | 0,4 տոկոս | 2016թ. հունվար-նոյեմբեր | 0,6 տոկոս | 2016թ. հունվար-դեկտեմբեր | 0,5 տոկոս |
Աճ արձանագրած ճյուղերն են արդյունաբերությունը, ծառայությունները եւ մանրածախ առեւտուրը, իսկ ահա գյուղատնտեսությունում եւ շինարարությունում անկում է արձանագրվել: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,7 տոկոսով, ծառայություններինըՙ 7,1 տոկոսով, առեւտրի շրջանառությանըՙ 1 տոկոսով, իսկ գյուղատնտեսությունում անկումը կազմել է 5,2 տոկոս եւ շինարարությունումՙ 10,8 տոկոս: Գումարային առումով ամենամեծ ծավալներն ունի առեւտրի շրջանառությունը` 2 տրլն 233 մլրդ դրամ, ապա արդյունաբերության արտադրանքը` 1 տրլն 429 մլրդ դրամ, երրորդը` ծառայությունները` 1 տրլն 265 մլրդ դրամ: Անցած տարվա թերեւս ամենաակնառու դրական ցուցանիշը արտահանման կտրուկ աճն է: Այսպես, արտահանումն աճել է 20 տոկոսով եւ կազմել 1 մլրդ 782 մլն դոլար, իսկ ներմուծումը աճել է 1,6 տոկոսով եւ կազմել է 3 մլրդ 292 մլն դոլար: Արդյունքում կրճատվել է նաեւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը, կազմելով 1 մլրդ 510 մլն դոլար: Ընդհանուր առմամբ, արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 7,4 տոկոսով եւ կազմել 5 մլրդ 75 մլն դոլար : Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա այն 2016-ի տարեկան արդյունքներով, բարձրացել է 1,7 տոկոսով եւ կազմել 187 հազար 850 դրամ, մասնավոր հատվածում` 221 հազար 850 դրամ, աճելով 4,6 տոկոսով, պետականում` 161 հազար 872 դրամ, նվազելով 1,8 տոկոսով: Նշենք, որ միջին աշխատավարձի ցուցանիշի մեջ ներառված է եկամտային հարկը: Տարեկան ցուցանիշների մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: |