RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2017-01-13 > #002, 2017-01-20 > #003, 2017-01-27 > #004, 2017-02-03 > #005, 2017-02-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017



Տեղադրվել է` 2017-01-26 22:41:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 3697, Տպվել է` 478, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՈԳԼԱՆԴԸ ՊԱՏՇԱՃ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՉԷ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԴԱՎԻԹ ԲՈՅԱՋՅԱՆ, Անկախ լրագրող, ԱՄՆ

Նախքան պաշտոնից հեռանալը նախագահ Օբաման չկարողացավ խուսափել եւս մի սարսափելի նշանակում կատարելուց: Նա կարիերիստ դիվանագետ Ռիչարդ Հոգլանդին ընտրեց փոխարինելու ադրբեջանամետ Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-Մինսկի խմբում, որպես համանախագահ:

Հոգլանդը ցեղասպանություն ժխտող է, անուղղելի տեսակից: Հիշենք 2006-7 թվերը, երբ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Հոգլանդին դեսպան նշանակեց Հայաստանում: Հարցումների ժամանակ նա կտրականապես ժխտեց Հայոց ցեղասպանության փաստը: Սենատորները դեմ քվեարկեցին եւ նրա թեկնածությունը հանվեց: Հիշենք նաեւ, որ այդ տարիներին էր, որ Բուշ կրտսերը պաշտոնազրկեց Հայաստանի դեսպան Ջոն Էվանսին, Ցեղասպանության փաստը ընդունելու համար:

Երկերեսանիություն

Որպես Պակիստանում փոխդեսպան Հոգլանդը մի միջոցառում կազմակերպեց, որը բացահայտում է նրա երկերեսանիությունը եւ Մ. Նահանգների քաղաքականության կեղծավոր բնույթը:

Հոգլանդը 2011-ին նախաձեռնեց «Միասեռականների հպարտանալու հանդիսությունը» (LGBT) կազմակերպել Իսլամաբադի ամերիկյան դեսպանատանը, վիրավորանք հասցնելով ավանդապահ երկրի կրոնական եւ քաղաքական խմբավորումներին: Հոգլանդի սեռական հակումները ոչ ոքի համար գաղտնիք չեն: Նա գեյ է, եւ արտաքին գործերի կառույցներում հիմնադիրն է գեյերի եւ լեզբիականների հատուկ խմբի:

Հետաքրքրական է իմանալ, թե նա նույնքան ատո՞ւմ է թուրքերին, որքան հայերին եւ պակիստանցիներին: Մենք միայն գիտենք, որ նա բառեր չխնայեց գովաբանելու թուրքերին անցյալ տարի կայացած Ամերիկայում ապրող թուրքերի տարեկան համագումարում:

Մինչ նա պայքարում է հանուն իր նման մարդկանց իրավունքների, նա ամբողջովին մոռանում է եւ անտեսում հայոց իրավական իրավունքները:

Պասսիվ վերաբերմունք

Ինչքան մեզ հայտնի է, Հայաստանը չբողոքեց Հոգլանդի թեկնածության դեմ 2006-7 թվերին: Ոչ էլ հիմա, նման պասսիվություն դրսեւորելը սխալ է:

Ամերիկայի հայկական համագումարը (AAA) հարցականի տակ դրեց նրա թեկնածությունը 2006-7-ին, բայց Հայ դատի հանձնախումբը (ANCA) վճռականորեն դեմ արտահայտվեց: Անցյալ ամիս, սակայն, ANCA-ն հայտնեց, որ մինչ հաշվի առնում է նրա կողմից Ցեղասպանության ժխտումը, այդուհանդերձ ակնկալում է «կոնստրուկտիվ հարաբերություններ զարգացնել եւ համագործակցել նրա հետ» Արցախի խնդրի առնչությամբ: Դժվար է պատկերացնել, թե ինչքան «կոնստրուկտիվ» կարող է լինել «համագործակցությունը» Հայոց ցեղասպանությունը ժխտող անձնավորության հետ: Ամերիկայի Հայկական համագումարը դեռ իր խոսքը չի ասել Մինսկի խմբում Հոգլանդի թեկնածությանը, բայց լռությունը այս դեպքում հաստատ ոսկի չէ:

Որպես ամերիկաբնակ, ես չեմ կարող Հայաստանին կամ Արցախին թելադրել ինչ անել, սակայն ոչ մի երկրի չի պարտադրվում գործ ունենալ մեկի հետ, որը համառորեն մերժում է ընդունել նրա ժողովրդի Ցեղասպանության ենթարկված լինելու փաստը: Երկրներն ազատ են մերժելու այս կամ այն դիվանագետի նշանակումը, եթե վերջիններս հայտնի են իրենց վիրավորական կամ նախատական դիրքորոշումներով: Արցախն ու Հայաստանը կարող են շարունակել համագործակցել Մինսկի խմբի ռուս եւ ֆրանսիացի համանախագահների, բայց ոչ Հոգլանդի հետ:

Մ. Նահագներն ու ԵԱՀԿ-ն կհասկանան, որ սխալ է նրա նշանակումը, եւ այսպիսով կբարձրանա Արցախի եւ Հայաստանի վարկը:

Հայաստանցիներն ու արցախցիները իրենց ձայնը բարձրացնում են ադրբեջանցիների ագրեսիվ գործողությունների ժամանակ, բայց երկու երկրների կառավարությունները համեմատաբար պասսիվ են հատկապես ԵԱՀԿ-ի համատեղ հայտարարությունների նկատմամբ: Նման կեցվածքը հուսալքում է ժողովրդին եւ ընդհակառակըՙ խրախուսում Ադրբեջանին:

Հարց է առաջանում, թե այդքան կարեւո՞ր է, թե ում է նշանակում Մ. Նահանգները, չէ՞ որ նրանք հետեւելու են երկրի քաղաքականությանը: Այո, կարեւոր է, եւ դիվանագետները կարող են շեղվել երկրի պաշտոնական քաղաքականությունից ինչպես պաշտոնավարման ընթացքում, այնպես էլ դրանից հետո: Օրինակը Ջոն Էվանսն է, որ շարունակում է բարձրաձայնել եւ գրել Հայոց ցեղասպանության մասին: Նա COAF-ի (Հայաստանի երեխաները հիմնադրամի) վարչության խորհրդատու անդամներից է, իսկ կինըՙ Դաննանՙ այդ վարչության անդամ: Ի հակադրություն մենք ունեցել ենք Մեթյու Բրայզա եւ Ջեյմս Ուորլիք: Եվ հիմա էլ առաջադրվում է Ռիչարդ Հոգլանդը: Բոլորն էլ հայտնի ադրբեջանամետ եւ թրքամետ` իրենց հայացքներով: Հոգլանդը կարող է շատ վտանգավոր «խաղաղության» նախագծեր առաջարկել Արցախին եւ Հայաստանին: Ճիշտ է, նրան առայժմ «ժամանակավոր» են նշանակել եւ «վերջնական» թեկնածուն ավելի ուշ է հայտարարվելու, սակայն Հայաստանի եւ Արցախի կառավարությունները հիմա՛ պետք է գործի անցնեն եւ պահանջեն հանել նրա թեկնածությունըՙ հայտարարելով նրան «Persona non grata»:

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (Armenian Mirror-Spectator-իցՙ չնչին կրճատումներով)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 27-01-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ