«ՏԻՐԱԿԱԼԻՆ ՍԻՐԵ՞ԼՆ Է ԳԵՐԱԴԱՍԵԼԻ, ԹԵ՞ ՎԱԽԵՆԱԼԸ» ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա Ընտրությունների շեմին Երեւանից մեկնում էի Մոսկվա: Հսկա «Բոյինգի» ուղեւորների գերակշիռ մասը խոպանչիներ էինՙ առավելապես մարզերից: Բնականաբար, երկուսուկես ժամվա թռիչքի միօրինականությունը մեղմելու համար զրուցում ես ուղեկիցներիդ հետ: Իմ այն հարցին, թե ինչու նրանք չեն քվեարկում, նոր միայն մեկնում արտագնա աշխատանքի Ռուսաստան, վրդովմունքով լի նույն պատասխանն էի ստանում. բոլորը համոզված էին, որ անկախ ամեն ինչից ընտրություններում կհաղթեն Հանրապետական կուսակցությունն ու նրա լիդերը, իսկ դա նշանակում է, որ երկրում ոչ մի դրական փոփոխություն տեղի չի ունենա: Ավելին, կյանքը շատ ավելի կվատանա: Իսկ իմ մյուս հարցին, թե, լավ, բայց միթե ոչ ոք հույս չի կապում Կարեն Կարապետյանի հետ, ի պատասխան նույն հեգնական հուսախաբությունն էր դրսեւորվումՙ ի՜նչ կարող է նա անել Հանրապետականի վերահսկողության ներքո: Չի՞ կրկնվի Երեւանի քաղաքապետի նրա դառը կենսափորձը: Մի աչքով չնայեք, խոպանչիները հիանալի գիտեն Հայաստանի ներքաղաքական կյանքն ու նրա նրբերանգները: Այլ պարագայում կասվեր, որ նրանց մեջ խոսում է ժողովրդական իմաստնությունը: Միեւնույն ժամանակ գյուղացի խոպանչիները լավ էլ իրազեկված էին, թե ինչ է տեղի ունենում իրենց «երկրորդ» հայրենիքումՙ Ռուսաստանում: Մասնավորապես խոսքը վերաբերում է այն բանին, որ Ռուսաստանի Պետդումայում քննարկման է դրված օրենսդրական մի նախաձեռնություն, որով մեծապես հեշտացվում է ՌԴ քաղաքացիության ընդունումը: Ո՛ր օրը հաջողվեց ընդունել Ռուսաստանի քաղաքացիություն, ասում էին նրանք, նույն օրը իրենք կգան ու Հայաստանից Ռուսաստան կտանեն իրենց ընտանիքներին: Զզվել ենք առանց կնոջ ու երեխաների ապրելուց, տրտնջում էին նրանք: Ասել է թե այս հանգամանքը մեծ խթան կհաղորդի առանց այն էլ կանգ չառնող արտագաղթին: Հազարավոր խոպանչիներ կգերադասեն ապրել օտար երկրում, գուցեեւ ոչ նվազ կոռուպցիոն-օլիգարխիական, միայն թե չտեսնեն Հայաստանի ղեկավարների երեսը: Նախագահ Սերժ Սարգսյանի համար ամենաանցանկալին արտագաղթի թեման է: «Ահագնացող» այդ երեւույթի ամեն մի հիշատակում նյարդայնացնում է նրան, հանում համբերությունից: Նույնիսկ Հանրապետական կուսակցության վերջին համագումարում նախագահը լրիվ բացառեց երկիրն ամայացնող այդ աղետալի արտահոսքի վերաբերյալ որեւէ քննարկում: Եվ դա այն դեպքում, երբ նրա կառավարման ինը տարիների ընթացքում երկիրը լքել է 300 հազարից ավելի մարդ: Ներկա ընտրությունները ակնբախորեն ցույց տվեցին, որ լրատվամիջոցները, հասարակական կարծիքը ոչ մի դեր չեն խաղում երկրի ներքաղաքական կյանքում, առավել եւս իշխանափոխության հարցերում: Պարադոքսալ բան. նախընտրական պայքարի ողջ ժամանակահատվածում ի՜նչ էր լսում բովանդակ հայ ժողովուրդըՙ հանրապետականները երկիրը քայքայեցին, քանդեցին, ավերեցին, կողոպտեցին, ամայացրին, ռաբիսացրին, սնանկացրին, այլասերեցին եւ այլն, եւ այլն: Եվ ինչ: Պարզվեց, որ այդ նույն ժողովրդի կեսը այնուամենայնիվ իր ձայնն է տալիս հանրապետականներին: Չէ՞ր հավատում նա մեղադրանքներին: Այն էլ ինչպե՜ս, նույնիսկ հոգեկան մեծ բավականություն էր ստանում: Եվ եթե արձանագրում ենք այս արտառոց փաստը, ապա պիտի նաեւ ընդունենք, որ մենք պարզապես անկատար ազգ ենք: Գուցե այսպիսին ենք եղել մեր ողջ պատմության ընթացքում, ապրելով նաեւ ցեղասպանություն: Բայց խոսենք ամենաանհանդուրժելիի մասին, եւ այդ մասին մեկ անգամ չի ասվել: Անկախության 25 տարվա պատմությունը ցույց տվեց, որ հայոց պետության ղեկավարներըՙ առայժմ նախագահները, իրենց գործունեությամբ ոչ մի պատասխանատվություն չեն կրում ո՛չ ժողովրդի, ո՛չ հասարակական կարծիքի, ո՛չ էլ պատմության առջեւ: Արդյո՞ք նրանց ստեղծագործությունը չէ ներկայիս ողբալի Հայաստանը: Կառավարում են ինչպես կարող են եւ ինչպես ուզում են: Նախընտրական օրերին Հայաստանի հեռուստատեսությունը հատվածներ էր տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանի երբեմնի միտինգային բոցաշունչ ելույթներիցՙ «անկախության ու ազատության» տենչալի գաղափարների քարոզչությամբ: Այսօր, ըստ մամուլի վկայությունների, այդ մարդու թոռնիկները հասակ են առնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Իսկ կոմերիտական Ռոբերտ Քոչարյանի մտքով կանցնե՞ր, որ ինքը երբեւէ կդառնա դոլարային միլիարդատեր: Ո՞ւմ շնորհիվ Հայաստանը վերջնականապես զրկվեց ընդդիմությունից: Ասացեք, խնդրեմ, այս երեքից ո՞րն է շահել սեփական ժողովրդի հարգանքը: Ակամայից ուզում ես մեջբերել անսեթեւեթ իմաստունինՙ Մաքիավելուն, որը տիրակալի հանդեպ համաժողովրդական սերը համարում է շատ ավելի անհուսալի զգացում, քան վախը. «Տիրակալին սիրե՞լն է գերադասելի, թե նրանից վախենալը: Ասում են լավն այն է, որ միաժամանակ ե՛ւ սիրում են, ե՛ւ վախենում: Սակայն սերը դժվարությամբ է համատեղվում վախի հետ, ուստի, եթե հարկադրված ենք ընտրություն կատարել, ապա վախը գերադասելի է: Տիրակալներին սիրում են սեփական հայեցողությամբ, բայց վախենում են տիրակալների՛ հայեցողությամբ»: Կենդանական վախը այդպես էլ չկարողացավ հաղթահարել առանց այդ էլ անդդեմ ու անարյուն հայ ընդդիմությունը: Ահա եւ, մեկ տարի հետո Սերժ Սարգսյանը ավարտում է իր նախագահական ժամկետը: Տեղին կլիներ, որ հայոց մամուլում քաղաքագետները, փորձագետները, սոցիոլոգները, պատմաբանները մեկնաբանություններ, վերլուծություններ հրապարակեին նրա այդ նախագահական գործունեության արդյունքների մասին: Պետական կենսագործունեության ո՞ր բնագավառներում է երկիրը առաջընթաց ապրելՙ էկոնոմիկա, ռազմարդյունաբերական համալիր, նորագույն տեխնոլոգիաներ, մշակույթ, արվեստ: Ի՞նչ է արվել երկիրը համակած արտագաղթի համաճարակը արդյունավետորեն կանխարգելելու համար: Քանի՞ խոշոր գործարան է կառուցվել: Բարոյահոգեբանական ի՞նչ մթնոլորտ է նա ժառանգություն թողնում իր հետնորդին եւ այլն: Այդ կարգի նյութերում պիտի գերիշխեն ոչ թե մերկապարանոց մեղադրանքները կամ ստորաքարշ գովերգումները, այլ օբյեկտիվությունը, փաստը, տվյալը, ապացույցը: |