60-ԱՄՅԱԿ ՍԻՐԱՆՈՒՇ ՄՈՍՈՅԱՆ, Բարեգործական ճաշարանի հասարակական կարգով վերստուգող Ապրիլյան գարնանային ծաղկունքի հետ է ծնվել ռուս-հայկական դարավոր, ջերմ բարեկամությունը միահյուսող ասպետըՙ Արա Աբրահամյանը : Ապրիլի 15-ին բոլորվում է նրա 60-ամյակը: Կյանքի շատ բովանդակալից, իմաստալից ճանապարհ է անցել եղեգնաձորցի բարեգործը: Դեռ պատանեկան տարիներից նրա հոգում թեւածում էր աբովյանական իմաստուն պատգամը. «Ով հայ ժողովուրդ, քո օրհասական պահին հայացքդ ուղղիր դեպի հյուսիս, դեպի ռուս մեծ ժողովուրդը»: Այս միտքը լուսավոր փարոս դարձավ նրա ուղուն: Եվ պատահական չէ, որ կյանքի ընկերուհի ընտրեց սիրունատես ռուս աղջկան եւ կազմեց հիանալի ընտանիք: Անչափ մեծ է երկու ազգերի բարեկամությունը միահյուսող բարերարի գործունեությունը: Նա իր աշխատանքային ներդրումն ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային բնագավառներում: Սակայն նա իր բարեգործության շեշտը հիմնականում դրեց սոցիալապես անմխիթար վիճակում գտնվող մարդկանց վրա: Աստվածաշնչյան պայծառաշող խոսքը նրան մղեց եկեղեցաշինության: Սկզբում նա հոյակերտ եկեղեցի կառուցեց հայրենի Մալիշկա գյուղում, ապա Երեւանում: Երեւանի Արաբկիր շրջանի «Բարեգործական ճաշարանը», որը կրում է նրա լուսահոգի ծնողներիՙ «Արշավիր եւ Պայծառ Աբրահամյաններ հիմնադրամ» անունը, արդեն 16 տարեկան է: Այստեղ հաճախող տարբեր տարիքի ու մասնագիտության տեր մարդիկ ու երեխաներ իրենց գոհունակությունն են հայտնում թե՛ Արա Աբրահամյանին, թե՛ ճաշարանի աշխատակազմին: Եվ գնալով ավելանում է հաճախող անդամների թիվը: Այստեղ են այցելում նաեւ Սիրիայից ներգաղթած հայեր: Բարեգործական ճաշարանի անդամները եւ աշխատակազմը Արա Աբրահամյանի 60-ամյա հոբելյանի գեղեցիկ առիթով իրենց հոգու ջերմ ողջույնն են հղում նրան եւ նրա ընտանիքինՙ բարեմաղթելով առողջություն եւ երջանկություն ու հարուստ, պայծառ կենսագրական նոր էջեր: «Ազգ»ի խմբագրությունը միանում է շնորհավորանքներին ու բարեմաղթանքներին: |