RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



ՀՐԱՇԱԼԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 6347, Տպվել է` 49, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ԻՍԿԱԿԱՆՆ ՈՒ ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆԸ

ՆԱԻՐ ՅԱՆ

Տարվա մեջ մեկ պահք կաՙ Մեծ Պահքը, ինչպես որ Սուրբ Զատիկն է մեկըՙ որպես քրիստոնեական հավատքի բարձրակետ: Մեծ Պահքը նախորդում է Սուրբ Զատկին: Աստծո Որդին մտավ մարդկանց մեջ, ինքն էլ մարդացավ, իր առաքելությունը կատարեց, Խաչի վրա իր մահկանացուն կնքեց, երրորդ օրը հարություն առավ եւ իր պատգամները ժառանգեց մեզ:

Մեծ Պահքն սկսվում է բուն Բարեկենդանով: Պահքի յուրօրինակ պահանջ դրեց Աստված Ադամի առաջՙ բոլոր պտուղներն ուտել, բացի մեկից: Այդ պահանջը մարդու գայթակղության չափը ստուգելու համար էր նաեւ:

Մեծ Պահքի կարեւորագույն ժամանակաշրջանն Ավագ Շաբաթն է, որն սկսվեց Ծաղկազարդով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ: Ավագ Հինգշաբթին դեռ առավոտից սկսվում է ապաշխարության կարգով. Տերն ասացՙ ապաշխարեք, որովհետեւ երկնքի արքայությունը մոտենում է: Ավագ Ուրբաթ կատարվում է Խաչելության կարգը. եկեղեցիներում Տիրոջ համար ծաղկահյուս շիրիմ է պատրաստվում, մեջտեղումՙ Խաչըՙ ճերմակ քողով պարուրված, որը խորհրդանշում է Քրիստոսի պատանքը: Իսկ Ավագ Շաբաթ ճրագալույցի պատարագն է. բոլորը միմյանց ավետում ենՙ Քրիստոս հարյավ ի մեռելոց. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի, մեզ եւ ձեզ Մեծ Ավետիս:

Նրանք, ովքեր հետեւում են Սուրբ Զատկի անցկացման կարգին, հասկանում են Մեծ Պահքի ու զատկական տոնի խորհուրդը, նշանակությունը, որի հիմքում գիտակցված հավատն է: Մեր հասարակության ո՞ր տոկոսն է Սուրբ Զատիկը կարեւորումՙ որպես Հիսուս Քրիստոսի գիտակցված զոհողությունՙ հանուն մարդկության փրկության եւ ո՞ր տոկոսն է տոնն ընկալումՙ որպես ճոխ սեղանների, զարդ ու զարդարանքների ցուցադրման առիթ, եկեղեցին դժվարանում է ասել: Եռաբլուրի Սուրբ Նահատակաց եկեղեցու եւ Արաբկիր համայնքի հոգեւոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը նկատում է. «Ավագ Շաբաթվա պատարագներին մտեք եկեղեցի - կտեսնեք, թե ովքեր գիտենՙ շաբաթվա որ օրն ինչ նշանակություն ունի: Ճրագալույցի պատարագին եկեղեցիներում անհամեմատ շատ մարդ է լինում, բայց դժվար է ասելՙ ով ինչպես է հասկանում եկեղեցուց տարած ճրագի խորհուրդը: Դեմ չեմ, թող հատկապես երեխաների համար Սուրբ Զատկի տոնին բազմագույն ճուտիկներ, ձվիկներ, զարդ ու զարդարանքներ լինեն, բայց մեծերը պետք է իմանան տոնի նշանակությունը, ձու ներկելու, ձուկ եփելու խորհուրդը ու, որ ամենակարեւորըՙ բացատրեն երեխաներին: Հայ քրիստոնյան դեռ մանկուց պետք է իմանա եկեղեցական տոների դերն ու նշանակությունը, պատմությունը եւ այդ գիտակցումով արժեւորի ծեսերը: Գիտե՞քՙ ինձ ինչ զավեշտական հարցեր են տալիս, օրինակՙ տեր հայր, ձվի զատիկը ե՞րբ է, կամՙ Փոքր Զատիկը Մեծ Զատկից ինչո՞վ է տարբերվում: Բացատրում եմՙ սիրելիներս, չկա Փոքր Զատիկ հասկացություն, ձեր ասածը Սուրբ Ծնունդն է. կա միայն Սուրբ Զատիկՙ Տիրոջ Հարության տոնը»:

Սուրբ Զատիկն ուրախ տոն է, որը խորհրդանշում է նաեւ գարնան գալուստը, զարթոնքը: Քրիստոսի մատնությունը, չարչարանքները, խաչելությունը տխրություն է ներշնչում, բայց Տիրոջ Հարությունը բոլոր տխրությունները վերացնում եւ վերաճում է ուրախության: Ավանդույթները, ծեսերը, տոնը խորհրդանշող իրերն ու դետալները ձեւական, մակերեսային բնույթ կկրեն, եթե հիմնված չլինեն քրիստոնեական գիտակցված հավատի, ավետարանական պատմության խոր ըմբռնման վրա:

Սովետական 70 տարիները մեզ կտրել են ոչ միայն քրիստոնեական հավատից ու եկեղեցական տոներից, այլեւ աշխարհիկ կյանքում մեծ տարածում գտած ավանդույթներից, որոնցով ուղեկցվել են այդ եկեղեցական տոները: Մեր նախնիներն իմաստուն էին ու սվորույթ-ավանդույթների ամեն թվացյալ մանրուքին խոր իմաստ են հաղորդել:

Մեծ Պահքի ժամանակ հայերը սոխից Ակլատիզ տիկնիկ են պատրաստել, կախել երդիկից, որպեսզի նա վերահսկիՙ արդյո՞ք տան անդամներից որեւէ մեկը ու հատկապես երեխաները ձեռքները չեն գցում կենդանական ուտելիքներին: Մեծերը ցուցադրական կերպով մանրաքարերով խփել են փոքրիկների ձեռքերին, որոնք փորձել են մոտենալ յուղի կամ մածնի պուլիկին: Սա նաեւ դաստիարակչական իմաստ է պարունակել. դեռ փոքրուց երեխան պետք է կարողանար զսպել իրեն, որկրամոլ չլինել: Քրիստոնեական հավատով ներշնչված, այդ հավատը արժեւորելովՙ Մեծ Պահքի ժամանակ դեռ փոքր տարիքից չի կարելի գայթակղվել կենդանական կերակուրներով, այլ պետք է ձգտել ժուժկալության:

Մեր նախնիներն Ակլատիզ տիկնիկի վրա յոթ փետուր են դրել, որոնք խորհրդանշել են Պահքի յոթ շաբաթները: Ամեն շաբաթվա վերջում մի փետուրը հանել են, իսկ վերջինՙ Ավագ Շաբաթվա փետուրը հանելու ժամանակ մեծ հանդիսավորությամբ ճանապարհել են Ակլատիզ տիկնիկին եւ ընդունել Ուտիս տիկնիկին, որը թույլատրել է օգտվել կենդանական ուտելիքներից:

Հենց որ Մեծ Պահքը կիսվել է, հայերը միջինքի գաթա են պատրաստել, մեջը դրամ կամ ընդեղեն դրել: Ում որ ընկներ գաթայի այդ կտորը, ուրեմն տարին բարեհաջող կլիներ նրա համար: Ընդ որում, գաթան բաժանել են ոչ միայն տան անդամների, այլեւ տնային կենդանիների միջեւ:

Հայերը խստորեն հետեւել են զատկական տոնի եկեղեցական ու ազգային ավանդույթներին, ծեսերին, արարողակարգերին: Այդպիսով նրանք թե՛ հետաքրքրական առօրյա են ունեցել, թե՛ ամուր են պահել ազգային մշակույթը, կառչած են եղել արմատներին:

Մեծ Պահքից դուրս գալովՙ հայերը զատկական համեստ սեղաններ են գցելՙ խաշած ձուկ, կարմիր հավկիթներ, չամչով փլավ, կանաչեղեն ու գինի: Ամեն ուտեստ իր խորհուրդն է ունեցելՙ կապված Հիսուս Քրիստոսի Հարության հետ: Մեծ Պահքի շրջանում դաշտերում առատորեն վայրի կանաչեղեն է աճել, որը հեշտացրել է տանտիկինների գործըՙ էժան, սննդարար ու պահքին համապատասխան: Կանաչեղենի սննդարար ու պահքին համապատասխան լինելու մասին այսօր էլ տարակարծություններ չկան, բայց էժան լինելու հետ ոչ ոք չի համաձայնի: Ընդհակառակը, հենց պահքի շրջանում է կանաչեղենը թանկանում, ձուն ու ձուկն էլՙ վրադիր:

Հնում հավկիթները ներկել են սոխի կճեպով կամ տորոնի արմատներով, որպեսզի կարմիր գույն սատանան: Կարմիրը հատուկ խորհուրդ ունի, իսկ մեր ժամանակներում հավկիթները բազմագույն են ու ավելի շուտ զարդարանքի նշանակություն ունեն, քան զատկական տոնի խորհրդանիշի: Իսկ ավանդական գաթային փոխարինել են կուլիչները: Այնինչ կլոր գաթաների վրա մեր նախնիները հատուկ նախշեր են արել, որոնցից յուրաքանչյուրն իր իմաստն ու նշանակությունն է ունեցել: Դա, կարելի է ասել, հատուկ գիտություն է եղել, հատուկ մշակույթ ու հատուկ գիր, որովհետեւ գաթայի վրա դրոշմվել է հինավուրց պատմություն, մշակույթ, քաղաքակրթություն ու փիլիսոփայություն: Գաթա թխելու արվեստը փոխանցվել է սերնդեսերունդ, ու եթե տան աղջիկը չկարողանար գաթա թխել, աշխարհով մեկ խայտառակ կլիներ:

Այսօր մեր հասարակության մի ստվար մասը Սուրբ Զատկի տոնն ընկալում է որպես ուտելիքի բեռից կքած սեղաններ պատրաստելու հերթական առիթ: Օտարամուտ սովորույթները տարեցտարի համալրվում են նոր տարրերով: Էլ չասենք, որ նոր աքսեսուարների ու զարդերի վաճառքը Սուրբ Զատկի նախօրեին խելահեղության է հասնում: Սուրբ Հարության տոնը բիզնեսի է վերածվում, այնինչ մեր նախնիներն ամեն ինչ իրենց ձեռքով են պատրաստելՙ հիմքում դնելով քրիստոնեական ամուր հավատքն ու ազգի, ընտանիքի հավերժականություն խորհուրդը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ