THE AMERICAN CONSERVATIVE. ԹՐԱՄՓԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏՆՈ՞ՐԴ Պ. Ք. ԱՄՆ-ը հանուն ինչի՞ կպայքարի Սիրիայումՙ հանուն միասեռականների իրավունքների՞ Սիրիական օդուժի «Շայրաթ» ռազմակայանի ռմբակոծման հրամանն արձակելովՙ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով հանդես է գալիս «Նախ եւ առաջ Ամերիկան» կարգախոսով, երկիրը հավանաբար ներքաշեց մերձավորարեւելյան մի նոր պատերազմի մեջ: Ավելին, ԱՄՆ-ի գործողություններն առայժմ ազդեցություն չեն գործել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որի օդուժը շարունակեց նույն ռազմակայանից հարվածներ հասցնել խռովարարներին: Այդ մասին գրում է Պատրիկ Ջ. Բյուկենենը The American Conservative-ի հրատարակության մեջ: Իր հերթին, ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկին Հեյլին ապրիլի 9-ին հայտարարեց, որ Թրամփը «դրանով չի սահմանափակվի» եւ «հարկ եղած դեպքում ավելին կանի»: Ավելին, ինչպես նշում է հեղինակը, եթե Թրամփը չկարողանա Հեյլիի սպառնալիքը իրողություն դարձնել գործերով, ապա իրեն գովաբանող «ճուռակները» կսկսեն նրան խարազանել «Դոնալդ Օբամա» անունով: Մյուս կողմից, եթե Թրամփը հետեւի Ջոն Մակքեյնի, Լինդսի Գրեմի, Մարկո Ռուբիոյի եւ այլոց ռազմաշունչ կոչերին եւ հրամայի ոչնչացնել Սիրիայի օդուժը, ԱՄՆ-ը կարող է պատերազմի մեջ հայտնվել ոչ միայն «Իսլամական պետության» եւ «Ալ-Ղաիդայի», այլեւ պաշտոնական Դամասկոսի, Իրանի, Ռուսաստանի եւ շիաների «Հզբոլլահ» խմբավորման հետ: Սիրիայի պատերազմը կընդգրկի Թրամփի նախագահության ամբողջ ժամկետը: ԱՄՆ-ը պատրա՞ստ է արդյոք դրան: Ինչպե՞ս կարելի է հաջողության հասնել նման պատերազմումՙ չավելացնելով ամերիկյան զորքի թվակազմը Մերձավոր Արեւելքում: Գոյություն ունի եւս մեկ խնդիր: Սիրիային հասցված հրթիռային հարվածը հակասում էր ԱՄՆ սահմանադրությանը: Ասադը չէր սպառնում ԱՄՆ-ին եւ չէր հարվածում նրան, իսկ Սիրիայի դեմ պատերազմի հայտարարման լիազորություններ ունեցող Կոնգրեսը այդպես էլ պատերազմ չհայտարարեց: Կոնգրեսը Օբամային նման լիազորություններ չտվեց 2013 թ.: Թեեւ ուժի կիրառման պատրվակը դարձավ քիմիական հարձակումը, որի պատասխանատվությունը բարդում են պաշտոնական Դամասկոսի վրա, քաղաքացիական պատերազմի տարիներին Սիրիայում զոհվել է 400 հազ. մարդ, այդ թվումՙ երեխաներ եւ մանկիկներ: Նրանք արդյոք Ասադի բանակի՞ զոհերն են, հարց է տալիս ամերիկացի լրագրողը: Անշուշտ նրանք նաեւ ԱՄՆ զինված ուժերի, Ռուսաստանի, Իսրայելի, Թուրքիայի, քրդերի, իրանցիների, «Հզբոլլահի», շիա աշխարհազորի, ինչպես նաեւ «Ալ-Ղաիդայի» եւ «Իսլամական պետության» գրոհայինների զոհերն են: Ասադը դիմակայում է ոչ միայն խռովարարներին, այլեւ գրոհայիններին, որոնք Սիրիայում սպանում են ալավիներին եւ քրիստոնյաներին, ինչպես որ Եգիպտոսում Ծաղկազարդի տոնին սպանեցին ղպտիներին: Ինչո՞ւ Ասադը պետք է նրանց մահվան համար ավելի շատ պատասխանատվություն կրի, քան նրան սպանել կամ տապալել ձգտողները: Բացի դրանից, ԱՄՆ-ը վստա՞հ է արդյոք, թե Ասադն անձամբ հրամայել է քիմիական զենք օգտագործել քաղաքացիական բնակչության դեմ: Քանզի դա անիմաստ կլիներ: Պատերազմում հաջողություններ արձանագրող Ասադը, ում հրաժարականը ԱՄՆ-ը այլեւս չէր պահանջում, ինչու պիտի հրամայեր նյարդակաթվածային զենք օգտագործել մանուկների դեմ: Դրան կհաջորդեր ԱՄՆ-ի կատաղությունը, մինչդեռ ինքը ռազմական որեւէ հաջողություն չէր ունենա: Ինչպես 2013 թ. քիմիական հարձակման դեպքում, այս տարվա ապրիլի 4-ի պատահարի մեջ շատ-շատ են ծրագրավորված սադրանքի նշանները, որի նպատակը ԱՄՆ-ի ներքաշումն է սիրիական պատերազմի մեջ: Եվ ինչպես ամեն մի պատերազմում, առաջին կրակոցներն արժանանում են առավել մեծ հավանության: Բայց եթե նախագահը նետվել է նոր պահպանողականների եւ պատերազմի կուսակցության ներկայացուցիչների գիրկը, ուրեմն ԱՄՆ-ը վերստին խրվում է մերձավոր-արեւելյան ճահճուտի մեջ: Եվ Թրամփը պետք է հիշի, որ ԱՄՆ-ին անտեղի պատերազմներից հեռու պահելու նպատակով իրեն իշխանության հասցրած մարդկանցից շատերը կարող են հեռանալ իրենից: ԱՄՆ-ը Սիրիայի քաղաքացիական պատերազմում չունի կենսականորեն կարեւոր ազգային շահեր, մինչդեռ դրա մասնակիցներից շատերը ունեն բավական ծանրակշիռ շահեր, որոնց համար պատրաստ են պայքարել մինչեւ վերջ: Այսպես, «Իսլամական պետության» նպատակը խալիֆաթի ստեղծումն էր, «Ալ-Ղաիդայի» նպատակը «խաչակիրների» արտաքսումն է «Դար Էլ-Իսլամից» (իսլամի երկրից): Իսկ Անկարան, ինչպես միշտ, պայքարում է քրդերի դեմ: Բաշար Ասադը պայքարում է անձամբ իր եւ սեփական վարչակարգի գոյատեւման համար: Ռուսաստանի նպատակը մեծ տերության կարգավիճակի եւ միջերկրածովյան իր վերջին ռազմակայանի պահպանումն է: Թեհրանը ձգտում է պահպանել դեպի իր շիա դաշնակից «Հզբոլլահը» տանող ցամաքային կամուրջը: «Հզբոլլահը» իր հերթին չի ուզում կտրվել մնացյալ շիա աշխարհից եւ մեկուսացված մնալ Լիբանանում: Քանի որ բոլոր խաղացողները կենսական շահեր ունեն Սիրիայում, նրանք այդ երկրում ավելի շատ մարդկային ուժեր են ներդրել, քան ԱՄՆ-ը: Եվ նրանք մտադիր չեն հրաժարվել Սիրիայում իրենց ձեռքբերումներից կամ նպատակներից եւ առանց մարտի ընկրկել Վաշինգտոնի առջեւ: Եթե ԱՄՆ-ը պատերազմ սկսի Սիրիայում, նա հանուն ինչի՞ է պայքարելու: Հանուն նոր աշխարհակարգի՞, հանուն ժողովրդավարությա՞ն, հանուն մզկիթի ու պետության տարանջատմա՞ն, հանուն էթնիկական ու կրոնական բազմազանությա՞ն, հանուն մահմեդական հերետիկոսների խոսքի ազատությա՞ն, թե՞ հանուն միասեռականների իրավունքների: 2013 թ. ազգային մեծ կոալիցիան մեկտեղ հավաքվեց, որպեսզի Կոնգրեսին ստիպի մերժել Սիրիայի պատերազմի մեջ ԱՄՆ-ին ներքաշելու Օբամայի ցանկությունը: Այժմ ԱՄՆ-ի առջեւ ծառացած է նույն խնդիրը: Կոնգրեսը պետք է լուծի նույն հարցը. ԱՄՆ նախագահը իրավասո՞ւ է արդոք երկիրը պատերազմի մեջ ներքաշելու ընդդեմ Ասադի եւ Սիրիայում նրա դաշնակիցների: Եթե Աֆղանստանից, Իրաքից, Լիբիայից եւ Եմենից հետո երկրի քաղաքացիները չեն ուզում, որպեսզի ԱՄՆ-ը մասնակցի մերձավորարեւելյան եւս մեկ պատերազմի, ապա դեռ ժամանակ կա դրան վերջ դնելու, քանի դեռ պատերազմի կուսակցությունը երկիրը քարշ չի տվել այնտեղ: Բայց հարկավոր է գործել այժմ եւեթ: |