ՆՈՐ ՖԻԼՄ ՆՊԱՍՏԱՄԱՏՈՒՅՑ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հ. Ծ. «Թեեւ բավականաչափ վավերագրական ֆիլմեր կան Հայոց ցեղասպանության մասին, այդուհանդերձ, նոր ֆիլմերը նոր լույսի ներքո են դիտարկում պատմական իրադարձությունները, եւ այդ իմաստով մրցանակակիր պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջորջ Բիլարդի «Նրանք չեն մահանալու: Մերձավոր Արեւելքի նպաստամատույց ընկերության պատմությունը» (They Shall Not Perish: The story of Near East Relief) խորագրով ֆիլմը առանձնահատուկ ուշադրության է արժանի», գրում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակից, լրագրող Արամ Արքունը: Ֆիլմի նախնական ցուցադրումը հատուկ հայկական համայնքի սակավաթիվ ներկայացուցիչների համար կայացել էր փետրվարի 16-ին «Facing History and Ourselves» կրթական կազմակերպության նախաձեռնությամբ, իսկ ապրիլի 8-ին Նյու Յորքի «Թայմս կենտրոնում» կայացել է ֆիլմի պաշտոնական ցուցադրումը հանրության: Ինչպես խորագիրն է հուշում, հիսուներեք րոպեանոց ֆիլմը պատմում է «Նիըր իսթ Ռիլիֆ» ամերիկյան մարդասիրական ընկերության կարեւոր դերի մասինՙ մեր պատմության ամենաողբերգական ժամանակահատվածում: «Դեմ առ դեմ պատմությանը եւ ինքներս մեզ» կազմակերպությունը արդեն 40 տարի է, ինչ դասավանդում է Հայոց ցեղասպանության թեման, եւ նոր ֆիլմը, ըստ կազմակերպության նախագահ Ռոջեր Բրուքսի , նոր հնարավորություններ է ընձեռում թեման առավել մատչելի դարձնելու միլիոնավոր ուսանողների համար: Ֆիլմի ներածականը պատմելու համար ընտրվել են մրցանակակիր, հանրածանոթ մի շարք աստղեր, ինչպիսիք են Վիկտոր Գարբերը, Թոնի Շալհուբը, Անդրեա Մարտինը, Մայքլ Արոնովը, Քարա Վեդդերը եւ ուրիշներ: Դեսպան Հենրի Մորգենթաուի զեկույցները մասնավորապես եւ օտարազգի այլ ականատեսների վկայությունները նպաստել են ժամանակին հիմնելու «Նիըր իսթ» նպաստամատույց ընկերությունը, որը ոչ միայն փրկել է հայերին եւ այլոց սովածությունից եւ մահվանից, այլեւ կրթություն եւ բժշկական օգնություն ցուցաբերել նրանց: Ֆիլմը այժմեական հնչեղություն ունի նկատի առնելով իրադրությունը Սիրիայում: Նախատեսվում է դրա ցուցադրության հասույթներից մասնաբաժին հատկացնել նաեւ սիրիահայ փախստականներին: Ֆիլմը ֆինանսավորել է «Նիըր իսթ» հիմնադրամի վարչության անդամ Շանթ Մարտիրոսյանը : Մանրամասնություններըՙ «theyshallnot perish.com» կայքում: |