RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14 > #015, 2017-04-21 > #016, 2017-04-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017



Տեղադրվել է` 2017-04-19 16:01:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 6806, Տպվել է` 512, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՆ ՀՀԿ-Ի ԴՊՐՈՑ

Պատրաստեցՙ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Հանրապետական կուսակցությունը մտադիր է հրավիրել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին դասավանդելու ՀՀԿ-ի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցում: Աշոտյանը, շեշտելով, որ իրենք շատ ուրախ կլինեն, եթե Տեր-Պետրոսյանն ընդունի իրենց հրավերը, նշել է, որ դեռ չեն հրավիրել, բայց անպայման հրավիրելու են: ՀՀԿ փոխնախագահը ներկայացրել է նաեւ այն երկու պատճառները, թե ինչու են որոշել հրավիրել առաջին նախագահին: Առաջինն այն, որ արեւմտյան բազմաթիվ երկրներում նախկին նախագահաներն իրենց գիտելիքները փոխանցում են երիտասարդներին, եւ երկրորդն այն, որ հանրապետականներն ուրախ կլինեն, եթե իրենց դպրոցում դասավանդեն մարդիկ, որոնց քաղաքական հայացքները տարբերվում են ՀՀԿ-ի քաղաքական պլատֆորմից:

Այս համատեքստում չի բացառվում, որ շուտով ՀՀԿ-ի դպրոցում, բացի Տեր-Պետրոսյանից, դասավանդի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ դպրոցում բացվի երեք հոսքՙ լեւոնական, քոչարյանական եւ հանրապետական:

Սերժ Սարգսյանը մեկնել է Ղրղզստան

Աշխատանքային այցով երեկ Բիշքեկ է մեկնել նախագահ Սերժ Սարգսյանը: Ղրղզստանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների վերջինՙ դեկտեմբերյան հանդիպումից հետո հայտարարվեց, որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը տեղափոխվում է հաջորդ (այս) տարվա ապրիլ, երբ նորից կհանդիպեն ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները: Նշենք, որ գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, եթե իհարկե Բելառուսը, Ղազախստանը,...նորից չառաջարկեն հետաձգել հարցի քննարկումը:

Դաշնակցության հետ քննարկվում է, Ծառուկյանի հետՙ ոչ

Չորեքշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ այս պահին քննարկումներ են իրականացվում ՀՅԴ գործընկերների հետՙ կապված ՀՀԿ-ՀՅԴ ապագա համագործակցության հարցերի հետ: Շարմազանովը խոստացել է, որ այդ քննարկումներն ավարտելուն պես իրենք կտեղեկացնեն դրանց արդյունքների մասին, իսկ այժմ, երբ դրանք դեռ ընթանում են, ճիշտ չի լինի խոսել քննարկումների մասին:

Շարմազանովը վստահեցրել է, որ վարչապետի հարցը իրենք չեն քննարկում, քանի որ «վարչապետ շարունակելու է մնալ Կարեն Կարապետյանը»: Իսկ հարցին, թե Ծառուկյան դաշինքի հետ ե՞ւս քննարկվում են համագործակցության հարցեր, ՀՀԿ խոսնակը պատասխանել է, որ նման հարց այս պահին ՀՀԿ-ի օրակարգում չկա:

...Վերջումՙ լուսանկարվեցին

Հինգշաբթիՙ դեռեւս գործող ԱԺ-ի հերթական քառօրյայի վերջին օրը խորհրդարանում գրանցվել էր 14 պատգամավոր: Նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նշելով, որ քվորում չկա, առաջարկեց, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի, սպասել մինչեւը ժամը 15:00, որպեսզի պատգամավորները ներկայանան նիստին: Չներկայացան: Տիկին Նաղդալյանն էլ շնորհակալություն հայտնեց ներկա 14 պատգամավորներինՙ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար եւ առաջարկեց... միասին լուսանկարվել:

Առաջարկն ընդունվեց 14 կողմ, 0 ձեռնպահ եւ 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 14-04-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ