«ՍՓՅՈՒՌՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՄԱԽՄԲՎԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԱՌՆԱ ՉՔՆԱՂ ԵՐԿԻՐ ԵՎ ՀԱՐԱՏԵՎԻ ՄԵՐ ԱԶԳԸ» ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից Համոզված է Ռուբեն Վարդանյանը Ապրիլի 24-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը Ծիծեռնակաբերդի բարձունքում ծաղիկներ խոնարհեցինՙ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների: - Այսօր հայրենակիցներիս դեմքերին վերափոխություն նկատեցի, որին, անկեղծ ասած, վաղուց էի սպասում, - լրագրողներին հայտնեց Ռուբեն Վարդանյանն ու հավելեց: - Հայն արդեն փորձում է փոխել իր ընկալումըՙ զոհից արժանապատիվ եւ ստեղծարար քաղաքացու: Հաջողության համար մենք պետք է առաջ նայենք եւ համախմբվենք, Սփյուռքը եւ Հայաստանը պետք է միանան եւ մեր հաջողությունը ցույց տանք բոլորին, մեր հարեւաններին, որ իրենց ուզածը չի ստացվելու, որ մենք կյանքն ենք զարգացնում, մեր լուման ենք դնում աշխարհի զարգացման մեջ եւ անում ամեն ինչ, որ աշխարհը հիշի` ինչ է եղել 102 տարի առաջ, նայելով մեզ` հասկանա, որ մենք երեք հազար տարուց ավելի պատմություն ունենք, եւ մենք այն ազգն ենք, որ աշխարհին շատ բան է տալիս եւ տալու է... Ռուբեն Վարդանյանն այնուհետեւ նշում է, որ «Ավրորա» նախաձեռնությունն այս տարի իր գագաթնակետին կհասնի մայիսի 28-ինՙ Հանրապետության օրը: Մայիսի 28-ը մեծ խորհուրդ ունի եւ մրցանակի շնորհման արարողությունն ու ուղեկցող միջոցառումները կարժեւորեն այդ ուղինՙ մահից դեպի կյանք, սարսափից դեպի հույս, կործանումիցՙ վերածնունդ... Ռուսաստանցի ճանաչված գործարար եւ բարերար, իր պատմական Հայրենիքի նվիրյալ Ռուբեն Վարդանյանը հիրավի այսօր պայծառ անուն է մեր իրականության մեջ, եւ կարծում եմ ընթերցողին հետաքրքրական կլինի համառոտակի ծանոթանալու նրա կենսագրության ուշագրավ մանրամասներին: Ծնվել է 1968 թ. մայիսի 25-ին Երեւանում: Միջնակարգ դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո մեկնել է Մոսկվա, սովորել Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տնտեսագիտության ֆակուլտետում եւ գերազանցությամբ ավարտել: Փորձաշրջան է անցել Իտալիայում, ավարտել է Նյու Յորքում կազմակերպված շուկաներին վերաբերող դասընթացները: Ուսանել է INSEAD-ում (Ֆրանսիա), ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցի դասընթացները, հատուկ դասընթացներ է անցել Եյլի համալսարանում ու Սթենֆորդի համալսարանի բիզնեսի բարձրագույն դպրոցում: 1992 թվականից ղեկավարել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունըՙ զբաղեցնելով գործադիր տնօրենի, այնուհետեւՙ նախագահի, գլխավոր գործադիր տնօրենի ու «Տրոյկա Դիալոգ» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները: 2002-2004 թվականներին զբաղեցրել է «Ռոսգոստրախ» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Տարբեր ժամանակահատվածներում Ռուբեն Վարդանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել ռուսաստանյան մի շարք հեղինակավոր կազմակերպություններում, եղել հայտնի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ: Նա իր ժամանակի մեծ մասը հատկացնում է բարեգործական հիմունքներով գործող ենթակառուցվածքներին: Դիլիջանում հիմնած եւ կարճ ժամանակում ճանաչման արժանացած կրթահամալիրիՙ UWC Dilijan College-ի հիմնադիրն է: Դիլիջանյան քոլեջը Արեւելյան Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածքում UWC համակարգի առաջին գիշերօթիկ դպրոցն է: Այն բացվել է 2014 թ. սեպտեմբերին եւ այսօր այնտեղ սովորում է ավելի քան 70 երկրներից ժամանած եւ Հայաստանից շուրջ 200 երիտասարդ: - Դիլիջանի դպրոցը երիտասարդների համար մեծ ճանապարհ է բացում դեպի աշխարհի լավագույն համալսարաններ,- ասում է Ռուբեն Վարդանյանն ու համոզմունք հայտնում, որ աշխարհը դեռ կխոսի այդ կրթօջախի մասին, դիլիջանյան քոլեջի շրջանավարտները ճանաչված մարդիկ կդառնան եւ իրենց խոսքը կասեն աշխարհին... Ռուբեն Վարդանյանը «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի համահիմնադիրն է: Կազմակերպությունն իրականացնում է երկրի զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր: Դրանցից մեկն էլ «Տաթեւի վերածնունդ» էր, որի շրջանակներում 2010 թվականին կյանքի կոչվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին` «Տաթեւերը»: ճոպանուղին դեպի Սյունիքի բնական եւ պատմական տեսարաններ ու վայրեր տանող եւ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար ճոպանուղին է` 5752 մետր օդային ճանապարհով: 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Նյու Յորքում հայտարարվեց նոր համաշխարհային նախագծիՙ 100 LIVES-ի մեկնարկի մասին: Համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանի, ամերիկահայ Նուբար Աֆեյանի եւ Նյու Յորքի Կառնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանի նախաձեռնությունն ուղղված էր Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց հայ ժողովրդին փրկության ձեռք մեկնած անձանց ու կազմակերպություններին երախտագիտություն հայտնելուն, վերապրածների եւ նրանց փրկողների պատմությունները ներկայացնելուն, եւ ամենաինքնուրույն ծրագիրըՙ աշխարհի տարբեր վայրերում տառապող մարդկանց ու երեխաների օգնությանը նվիրված գործիչների հանրաճանաչման եւ օգնության: 100 LIVES նախաձեռության շրջանակում հիմնվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը` Aurora Prize for Awakening Humanity ամենամյա մրցանակը, որը անվանվել է ի պատիվ Ավրորա Մարդիգանյանի, ով նշանակալի դեր է ունեցել Հայոց ցեղասպանության մասին աշխարհին իրազեկելու գործումՙ իր ապրած սարսափների մասին պատմելով «Հոշոտված Հայաստան» գրքում, որի հիման վրա նույնանուն ֆիլմ է նկարահանվել: «Ավրորա» մրցանակը ամեն տարի Երեւանում շնորհվելու է այն մարդկանց, ովքեր բացառիկ ավանդ են ունեցել մարդկային կյանքեր փրկելու եւ մարդասիրական գաղափարներ տարածելու գործում: Ընտրող հանձնաժողովի համանախագահն է կինոգործիչ եւ բարերար Ջորջ Քլունին: Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահը Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Էլի Վիզելն էրՙ 2015 թվականի մարտից մինչեւ իր մահըՙ 2016 թվականի հուլիս: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրիգորյանը, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրներ Լեյմա Գբովեն, Շիրին Էբադին, Օսկար Արիասը, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար եւ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ Հինա Ջիլանին եւ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը... Ռուբեն Վարդանյանն ու նրա կինը` Վերոնիկա Զոնաբենդը ունեն 4 երեխա: Կինը ծնունդով ՌԴ Ժուկովսկի քաղաքից է: 1990 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, աշխատել է Ավիացիոն համակարգերի գիտահետազոտական ինստիտուտում, 1993 թվականից զբաղեցրել է «Տվերունիվերսալբանկ»-ի Արտարժույթի բաժնի տնօրենի տեղակալի պաշտոնը: 1994-1995 թվականներին Վերոնիկան սովորել է Լոնդոնի Տնտեսագիտության եւ Քաղաքագիտության դպրոցում «բանկային գործ եւ ֆինանսներ» մասնագիտացմամբ: 1999 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, Հայաստանում Դիլիջանի քոլեջի հիմնադիր-գործընկերն ու տնօրենների խորհրդի նախագահն է: Կարգավորում է Հայաստանում եւ Ռուսաստանում բարեգործական նախագծեր իրականացնող իրենց ընտանեկան հիմնադրամի գործունեությունը: Ռուբենն ու Վերոնիկան որոշել են, որ իրենց երեխաներին մեծ ժառանգություն չեն թողնի, որպեսզի «ձերբազատեն նրանց մեծ կարողության առաջացրած խնդիրներից»: Փոխարենը` նրանք գումարներ կծախսեն բարեգործություն իրականացնելով... Եվ ահա ընդամենը մի քանի օր առաջ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելով իր բարեգործական աստվածահաճո առաքելությունը սրտի կանչով եւ մեծագույն սիրով կատարող Ռուբեն Վարդանյանին ու նրա գործընկերներին, ասել է հետեւյալը. «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուբեն Վարդանյանին եւ իր գործընկերներին, որ մտահոգ են Հայաստանի համար, կանոնավոր աշխատանքներ են իրականացնում մեր երկրում, եւ մենք մեր վերաբերմունքով համարժեք արձագանքով պետք է ոգեւորենք նրանց»: Ռուբեն Վարդանյանը կարեւորել է պետության կողմից երկրի զարգացման տեսլականի մշակումը, ինչպես նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցությանն ուղղված ծրագրերի իրականացումը: Նա նշել է, որ 2007 թ.-ից մինչ օրս իրենք Հայաստանում տարաբնույթ ծրագրերի իրականացման համար արդեն ներդրել են ավելի քան 550 միլիոն ԱՄՆ դոլար եւ նախատեսվում է առաջիկա 15 տարում շուրջ 1.3 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրումներ կատարել, որոնք լուրջ դրական ազդեցություն կունենան Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման վրա.. - Հետ նայելը հավասարազոր է պարտության,- ասում է Ռուբեն Վարդանյանը:- Հայը այսուհետեւ եւ ընդմիշտ` պետք է առաջ նայի, շենացնի իր երկիրն ու հզորանա: Սփյուռքը եւ Հայաստանը պետք է անպայման համախմբվեն, որպեսզի Հայաստանը դառնա չքնաղ երկիր եւ հարատվի մեր ազգը... Այսօր ահա այսպիսի հավատամքով է առաջ նայում հայրենիքի նվիրյալն ու մեծ ազգասերը: Առաջիկայում դեռ շատ առիթներ կունենանք լսելու նրա հայրենանվեր գործերի մասին եւ հպարտորեն արտաբերելու նրա անունը: Աստված պահապան: |