RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2017-04-21 > #016, 2017-04-28 > #017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017



Տեղադրվել է` 2017-05-05 00:11:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 5623, Տպվել է` 90, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ ՀԻՄՆՎԱԾ Է

ԳԱՅԱՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Գերմանիա

Գերմանիայի Դորթմունդ քաղաքի բուսաբանական այգում` «Ռոմբերգպարկում», Հայաստանն անցած տարվանից արդեն իր բաժինն ուներ: Օրեր առաջ` ապրիլի 20-ին, այն երրորդ եւ հիմնական ծառատունկից հետո ստացավ իր ամբողջական տեսքը: Ծառատունկին, որը տեղի ունեցավ Գերմանիայի «Հայ ակադեմիական միության» նախաձեռնությամբ, մասնակցում էին Բունդեսթագի պատգամավոր պարոն Թորստեն Հոֆմանը, Հյուսիս-Հռենոսյան երկրամասի Լանդթագի պատգամավոր տիկին Կլաուդիա Միդդենդորֆը եւ բազմաթիվ հայ եւ գերմանացի հրավիրյալներ: Ծառատունկը հատուկ ուշադրության արժանացնելով` իր ողջույնի խոսքն էր ուղարկել Բունդեսթագի նախագահ դոկտոր, պրոֆեսոր Նորբերտ Լամմերտը:

Այգում այս անգամ մոտ 130 նոր էնդեմիկ ծառատեսակներ տնկվեցին: Անցած տարվանից այստեղ լաբորատորիայում արմատակալման պրոցեսի մեջ էին թփուտներ, պտղատու եւ դեկորատիվ ծառեր` մասնավորապես տանձենի, խնձորենի, ընկուզենի, ծիրանենի, դեղձենի, թթենի, սերկեւիլի ծառեր ու նաեւ բարդի, ուռենի եւ այլն: (Անցած տարի տնկվել էին նաեւ արաքսյան կաղնի, եփրատյան բարդի, աճարենի, թխկի, լորենի, մայրի, սոսի, փշատենի, կեռասենի): Ծառերի մեծ մասը նվիրել է Երեւանի բուսաբանական այգին, իսկ բնապահպանության նախարարությունը կազմակերպիչ Գերմանիայի «Հայ ակադեմիական միությանն» այս անգամ օգնել է Հայաստանից արտահանելու հարցերում:

Միության նախագահ Ազատ Օրդուխանյանի հավաստմամբ, աշնանը` հոկտեմբերի 11-ին, տեղի կունենա հայ-գերմանական բարեկամության այգու պաշտոնական բացումը, երբ արդեն ծառերը բավականաչափ աճած, մեծացած կլինեն: Այդ ժամանակ նույնպես նախատեսվում է ծառատունկ անել: Բացմանը ներկա կլինեն նաեւ հայ մասնագետներ եւ պատասխանատու պաշտոնյաներ ՀՀ-ից: Այգում կտեղադրվի հուշաքար, որի վրա գրված կլինի, որ «Ռոմբերգպարկի» այդ հատվածը հայ-գերմանական բարեկամությանն է նվիրված:

Օրդուխանյանի գնահատմամբ, այգին Հայաստանին ճանաչում կբերի, այն ունի նաեւ տնտեսական նշանակություն: Ծառերոը, որոնք լավ կընտելանան գերմանական կլիմային, հետագայում մեծ քանակությամբ Հայաստանից կգնվեն: Այժմ գերմանացի մասնագետների կողմից հայկական էնդեմիկ այդ ծառերը, թփերը եւ ծաղիկները ուսումնասիրվում են, որ բացահայտվեն դրանց բոլոր առանձնահատկությունները:

Հիշեցնենք, որ «Ռոմբերգպարկն» իր 64 հա տարածքով Գերմանիայում իր մեծությամբ առաջինն է: Իր տեսակով սա համարվում է աշխարհի չորրորդ խոշոր բուսաբանական այգին, որտեղ ներկայացված են աշխարհի գրեթե բոլոր տարածաշրջանները: Եվ ահա այս այգու 3,2 հա տարածքում այսուհետ ներկայանում է Հայաստանն իր ծառատեսակներով: Հայաստանի բուսական աշխարհը ներկայացնող բաժինը ամենամեծերից մեկն է: Տարածքով այն ավելին է, քան օրինակ` Արգենտինայի, Բրազիլիայի, Չինաստանի, ԱՄՆ-ի բաժինները:

Ի դեպ, «Ռոմբերգպարկը» ոչ միայն բուսաբանական այգի է, այլ նաեւ խոշոր գիտահետազոտական, կրթական կենտրոն: Այն հիմնադրվել է 1818 թ. Ռոմբերգ ընտանիքի կողմից եւ, ի տարբերություն շատ գերմանական այգիների, կցված չէ որեւէ համալսարանի: 1926-ին ընտանիքը հանձնել է այգին քաղաքին, պայմանով, որ այնտեղ պետք է տեղի ունենան մշակութային ծրագրեր: Ձեռք բերված պայմանավորվածությունն առ այսօր շարունակվում է: Բույսերն ուսումնասիրելու համար այգի են գալիս մասնագետներ ամենատարբեր վայրերից, իսկ ուսանողներն ու աշակերտներն էլ դասեր ու գործնական պարապմունքներ են անում: Նմանատիպ հնարավորություն ունեն նաեւ հայ մասնագետները, որի մասին արդեն կա ձեռք բերված պայմանավորվածություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 05-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ