ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է «ԱՐԵԳՆԱԶԱՆ» ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ Դպրոցի ավագ դասարանների աշակերտների շրջանում ապագա մասնագիտության ընտրությունն ամենակարեւոր հարցերից մեկն է: Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի մասնագիտությունները, ի թիվս այլ մասնագիտությունների, նույնպես պատանիների ուշադրության կենտրոնում են: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի դռները մշտապես բաց են դպրոցականների առջեւՙ մի շարք մասնագիտությունների վերաբերյալ պատկերացում կազմելու, կողմնորոշվելու հարցում նրանց առավելագույնս օգտակար լինելու նպատակով: Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է «Բաց դռների օրեր»ՙ ավագ դպրոցի սաների, ինչպես նաեւ ուսանողների համար: Այս անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ը հյուրընկալել էր Երեւանի «Արեգնազան» կրթահամալիրում սովորող 21 տասերորդ դասարանցիների, ինչպես նաեւ նրանց դասղեկներՙ Տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանին եւ Գայանե Դաշտոյանին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն «Արեգնազանի» սաներին հակիրճ ներկայացրել է ընկերության պատմությունը, առաքելությունն ու գործունեության հիմնական ուղղությունները: Ռալֆ Յիրիկյանը խոսել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգի, կորպորատիվ կառավարման մշակույթի կարեւորության եւ առանձնահատկությունների մասինՙ որպես նորարարության նախապայմաններ: ՎիվաՍել-ՄՏՍ-ի տնօրենը պատանիներին ներկայացրել է կորպորատիվ պատասխանատվության սկզբունքները, այդ ուղղությամբ ընկերության իրականացրած աշխատանքներն ու սոցիալական ներդրումների առանցքային ծրագրերը: Ուսանողները ծանոթացել են ընկերության բիզնես-կառավարման մոդելին, ու նաեւՙ շարժական կապի տեխնոլոգիաների հիմունքներին: Ընկերության գլխամասային գրասենյակում կազմակերպվել է շրջայց, որի ընթացքում տասներորդ դասարանցիներն այցելել են ընկերության գործառնական հիմնական կենտրոններ: Ռալֆ Յիրիկյանի հետ դպրոցականների հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով: «ՏՀՏ-ն դինամիկ զարգացող ոլորտ է: Այս ոլորտը ներառում է մի շարք նեղ մասնագիտական ենթաոլորտներ, որտեղ աշխատելու համար անհրաժեշտ են կրթություն, գիտելիքներ եւ ամենակարեւորըՙ հետեւողականություն ու ստեղծագործական միտք: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներգրավված են լավագույն մասնագետները: Իսկ լավագույնը լինելը պահանջում է ոչ միայն կրթություն եւ գիտելիք, այլեւՙ շարունակական աշխատանքՙ հմտություններն անընդհատ կատարելագործելու եւ ընկերության կողմից սահմանված թիրախներին հասնելու միջոցով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Արեգնազան» կրթահամալիրը գործում է 1994 թ.-ից եւ Հայաստանի առաջին եւ միակ վալդորֆյան դպրոցն է: Ներդաշնակ զարգացումը վալդորֆյան մանկավարժության հիմնական սկզբունքն է, որի նպատակը երեխայի տարաբնույթ առանձնահատկություններն ու մարդկային որակները հնարավորինս համաչափ ու տարիքային-հոգեբանական առանձնահատկություններին համապատասխան զարգացնելն է: Մոտեցումն ուղղված է երեխային զարգացման ավելի լայն հնարավորություններ ընձեռելուն: Վալդորֆյան դպրոցների թիվն աշխարհում անցել է 1000-ից` բոլոր մայրցամաքներում: Այս դպրոցներն առանձնապես տարածված են Եվրոպայի գերմանալեզու երկրներում, Արեւմտյան եւ Արեւելյան Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում, Հարավային Ամերիկայում: Վալդորֆյան դպրոցներ են գործում նաեւ Իսրայելում, Ճապոնիայում եւ Եգիպտոսում: Բոլորը դպրոցները պետական արտոնագրեր ունեն, հիմնական դպրոցների ավարտական վկայականներն ու վկայագրերը ընդունվում են տվյալ երկրներում: |