ՀԱՋԻԵՎԻ ՆՈՈՒ-ՀԱՈՒՆ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ բանակցություններից հետո Կիպրոսի արտգործնախարար Կուսուլիդեսը հայտարարել է, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել «Հյուսիսային Կիպրոսի» եւ Արցախի միջեւ, քանի որ ի տարբերություն առաջինի, որը Թուրքիայի կողմից բռնազավթված է, «Արցախը հայերի պատմական տարածքն է»: Այդ առթիվ haqqin.az-ը մայիսի 30-ին կարճ տեղեկատվություն էր տարածել եւ հավելել, որ «մոտակա ժամերին սպասում է» Ադրբեջանի ԱԳՆ արձագանքին: (https://haqqin.az/news/101452) Օրվա ընթացքում, սակայն, հակառակորդի արտաքին քաղաքական գերատեսչությունը լուռ մնաց: Միայն մայիսի 31-ին նույն լրատվամիջոցը փոխանցեց ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը, որը ստանդարտի մեջ ունի մի նրբերանգ: Քննադատելով Կիպրոսի ԱԳ նախարարին, ադրբեջանցի պաշտոնյան հարկ է համարել դիտել տալ, որ Կիպրոսի հյուսիսում «դարեր ի վեր ապրում են թուրքեր, որոնք նույնպես ունեն ինքնորոշման իրավունք»:(https://haqqin.az/news/101486) Այս դիտարկումը պատահական համարել չի կարելի: Ադրբեջանի ԱԳՆ-ում, հավանաբար, երկար են մտածել, թե ինչ պատասխանեն եւ եկել եզրահանգման, որ ամենաճիշտը Կիպրոսին «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» ճանաչման հավանականության մասին ակնարկը կլիներ: Սա դիվանագիտական նոու-հաու կարելի է համարել, քանի որ ստացվում է այսպես. եթե Կիպրոսը համարում է, որ Արցախը հայերի պատմական տարածք է եւ ունի ինքնորոշման իրավունք, ապա նույնը վերաբերում է նաեւ կղզի պետության հյուսիսային շրջանի էթնիկ թուրքերին: Ավելի պարզ ասած, Ադրբեջանը Կիպրոսի հյուսիսային հատվածը ճանաչում է որպես «թուրքերի պատմական տարածք»: Դժվար է ասել, թե Կիպրոսի ԱԳ նախարարի հայտարարությունը Բաքվում հասկացել են որպես այդ երկրի կողմից Արցախի անկախության ճանաչման պատրաստակամության դրսեւորում, բայց «Հյուսիսային Կիպրոսի» մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակի ակնարկից հենց դա է հասկացվում: Տվյալ դեպքում դա նաեւ արդարանալու ենթատեքստ ունի. գաղտնիք չէ, որ Ադրբեջանը «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հետ ունի բազմակողմ հարաբերություններ: Իհարկե` Թուրքիայով միջնորդավորված, բայց դա ոչինչ չի փոխում: Փաստն այն է, որ բոլոր պետությունների տարածքային ամբողջականությունը «հարգող» Ադրբեջանը գործնականում ճանաչում է «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը»: Ադրբեջանի ԱԳՆ անհանգստությունն այս իմաստով հասկանալի է. Բաքուն չի բացառում, որ Կիպրոսն էլ կարող է Հայաստանով միջնորդավորված, բայց փաստացի ուղղակի կապեր հաստատել Արցախի հետ: Ստացվում է, որ Ադրբեջանը, կամա թե ակամա, դրդում է, որպեսզի Արցախի միջազգային ճանաչման գործընթաց սկսվի: Դա, երեւի, փրկություն կլիներ Ալիեւի համար, քանի որ նրան կտար սեփական հանրության առաջ արդարանալու հնարավորություն: |