ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՍՏԱՄԲՈՒԼԻ ԹՈՒԶԼԱ ՇՐՋԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ Հ. Ծ. «Ակօս» թերթի հաղորդման համաձայն, Ստամբուլի քաղաքապետարանը հավանություն է տվել Թուզլա շրջանի զարգացման ծրագրին, որը ներառում է կառուցել այնտեղ նոր կրթական եւ մշակութային կենտրոններ, կինոթատրոն եւ գրադարան: Ծրագիրը նախատեսում է նաեւ վերանորոգել շրջանի «Քեմպ Արմեն որբանոցը», որը երկար բանակցություններից հետո Գեդիկփաշայի Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին էր վերադարձվել 2015-ի հոկտեմբերին: «Քեմպ Արմեն որբանոցը» կառուցել էին հայ որբերը: Վաղամեռիկ Հրանտ Դինքն ու կինըՙ Ռաքելը, այնտեղ են մեծացել: 1983-ին թուրքական կառավարությունը բռնագրավել էր որբանոցը: Երբ 2011-ին եկեղեցապատկան որոշ կալվածներ վերադարձվեցին իրենց իսկական սեփականատերերին, «Քեմպ Արմենը» չէր ներառվել ցուցակում, եւ բուլդոզերները 2015-ին սկսել էին քանդել շենքը: Բարեբախտաբար որոշ կազմակերպությունների եւ քաղաքացիների ջանքերի շնորհիվ կանգնեցվել էր քանդումը: Որբանոցը զբաղեցնում է մոտ 5000 քառ. մետր տարածք: Վերակառուցման աշխատանքները կսկսվեն շուտով: |