RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 16581, Տպվել է` 511, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՁՆԱԳՆԴԻ ՆՄԱՆ ԱՃԵԼՈՒ Է «ԱՎՐՈՐԱՅԻ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

«Հպարտ եմ, որ հայ եմ», «Ավրորա» 2017-ի մրցանակաբաշխության ավարտին ի պատասխան Հանրային հեռուստատեսության հարցի, ասաց մաեստրո Տիգրան Մանսուրյանը : Ու ես ոչ միայն հրաշալի հասկացա նրան, այլեւ հեռվում էլ նույն զգացողությունն ունեցա արդեն երկրորդ տարին անընդմեջ, մանավանդ, չեմ թաքցնի, այս անգամ նաեւՙ «էգոիստական» բացատրությամբ: Մարդասիրության հրաշալի օրինակ, աշխարհի հետ այսպես հաղորդակցվելուՙ նվիրական մարդուն որոնելու, նրան աշխարհի թաքուն անկյուններում գտնելու, մեծարելու, այդ մարդու կերպարն ուսանելի, գործը «վարակիչ» դարձնելու հրաշալի ուղերձն այս անգամ տեղ էր հասել:

Գերմանական «Թագեսշպիգելն» «Ավրորային» էր անդրադարձել երկու հրապարակմամբՙ Երեւանից: Նախորդ տարի գերմանական լրատվական աշխուժությունն «Ավրորայի» հանդեպ պայմանավորված էր իհարկե Ջորջ Քլունիի ներկայությամբ, այս տարի էլ դեղին մամուլն անտարբեր չմնաց այն փաստին, որ Քլունին Երեւան գալուց հրաժարվել է, քանի որ շուտով Ամալը լույս աշխարհ է բերելու իր երկվորյակներին: Ուրեմն «Թագեսշպիգելի» մեր գործընկերոջՙ Ռոլֆ Բրոքշմիդտի (Rolf Brockschmidt) Երեւանում այս տարի գտնվելն ու «Ավրորայի» հրաշալի նախաձեռնության մասին 2 հոդված հրապարակելը շոյում է իմ լրագրողական «էգոիզմը»: Այն, որ անգլիալեզու, ռուսալեզու պարբերականներն անդրադառնում են «Ավրորային», կարծես բավարարում են մեր սպասելիքները, բայց չմոռանանք, որ աշխարհին օգնելու իր պատրաստակամությամբ, ֆինանսներ տրամադրելու առատաձեռն օրինակ է գերմանացին, որ քսակը բաց է անում հենց այսպիսի նախաձեռնությունների համար: Բրոքշմիդտը սիրով էր գրել «Ավրորայի», Հայոց ցեղասպանության զոհերի անունից հայ վերապրողների ժառանգների մարդասիրական նախաձեռնության, կարիքավոր մարդկանցՙ զոհաբերությունների գնով օգնող «լուռ հերոսների», երեւանյան 3 ժամանոց մրցանակաբաշխության տոնական երեկոյի մանրամասների, մրցանակակիր Թոմ Քաթինայի, նրան փոխարինելու մեկնած հայ բժիշկների մասին, քննադատական հայացքն արտոնելով մեզՙ հայ լրագրողներիս: Նրան իհարկե չենք հարցնիՙ իր կարծիքով, «ժամանակ եւ տարածություն հաղթահարած» իր հայրենակցիՙ Բախի նման վերընթերցումն ինչ-որ բան ավելացնո՞ւմ է մեր ունկերի հիշողությանը, ոչ էլ մյուս հարցը կտանքՙ հունիսի 13-ին Բեռլինի ֆիլհարմոնիայում ունկնդելո՞ւ է Մարիա Գուլեգինայի եւ Յուսիֆ Էյվազովի համերգը: Այս վերջինին կարող եմ ինքս էլ հետեւել, թեպետ համոզված եմ, որ իր արմատների մասին ոչ միշտ ջերմությամբ խոստովանող երգչուհու համար իտալացի եւ ռուս կոմպոզիտորների ստեղծագործությունների մատուցումն ավելի «դյուրին» կլինի, քան մայիսի 28- ին երեւանյան բեմում «հայկական» երգացանկն արտոնեց:

Հայաստանցի գործընկերներս պասիվ չմնացին, իհարկե, նկատեցին, որ համաշխարհային բեմին հրաժեշտ չտված դրամատիկ սոպրանոյի համար անհաղթահարելի մնացին թե՛ Բաբաջանյանի «Վոկալիզը», թե՛ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան»-ը: Տպավորություն ունեմ, թե գործընկերներս ավելի նախընտրեցին սոցիալական կայքերում իրենց դժգոհությունն արտահայտել, քան սեփական լրատվամիջոցներում, ինչն ինձ իրավունք վերապահեց այդ օրվա բարձրակարգ երեկոյի մասին մի քանի խոհ էլ ստորեւ ամրագրել:

Հունիսի 1-ին 80-ամյակը բոլորած Լուսինե Զաքարյանի հոբելյանն առիթ է գրելու, որ Բաբաջանյանը «Վոկալիզը» նվիրել էր հենց նրան: Բարեբախտաբար, այդ ստեղծագործության հրաշալի կատարումը Լուսինեի մահով չի «վերջանում», եւ «Ավրորայի» մրցանակաբաշխության ժամանակ, դիտապաստառին խոշոր պլանով Առնո Բաբաջանյանի վիրտուալ ներկայությունը հուշում է, թե ծրագիր կազմելիս առավել հոգատար պիտի լինենք մեր մեծերի ժառանգության հանդեպ: Իսկ Ազնավուրի իրական ներկայությունը պիտի հիշեցներ ոչ վաղ անցյալում լեգենդար Վարպետի անթաքույց ոգեւորությունը, երբ Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչները» իրենց երգացանկում ներկայացրել էին նաեւ «Քեզ համար, Հայաստան»-ը: Եվ եթե «Ավրորայի» ուղերձն աշխարհին ապրիլի 24-ի փոխարեն առավել հարմար էր ուղղել մայիսի 28-ին, նույն խորհրդանշական ձեւաչափն արդյոք չէ՞ր հուշում, թե երգն առ Հայաստան պիտի երգեն հենց հայ փոքրիկները:

Ուրախ եմ, որ գերմանացի գործընկերս չէր «պեղել» Մարիա Գուլեգինայի իմպրեսարիոյի սոցիալական ցանցով տարածած լուսանկարը. այն փաստում էր, թե մեզ բարեգործական, մարդասիրական, շքեղ կյանքից հրաժարվելու անուղղակի ուղերձ սփռող «Ավրորայի» հատուկ հրավիրյալ երգչուհին, ՅՈՒՆԻՍԵՖ- ի բարի կամքի դեսպանը, Երեւան էր ժամանել... հատուկ օդանավովՙ փոքրիկ ջեթով, ինչին անդրադարձ չարեց նաեւ Հանրային հեռուստաընկերությունը, երբ «Օրակարգի» եթերում ռեպորտաժ ներկայացրեց հենց «Զվարթնոց» օդանավակայանից:

Մի բան այդուհանդերձ հստակ էՙ հաջորդ տարի գերմանացիներն ավելի մեծ ուշադրությամբ են հետեւելու «Ավրորա» մրցանակաբաշխությանը: «Թագեսշպիգելի» բառապաշարովՙ ձնագնդի նման աճելու է մարդասիրական այս նախաձեռնության համաշխարհային արձագանքը: Չգիտեմ, թե քանի ակնդիր է ունեցել «Ավրորա» 2017-ը արտերկրում, առանձնահատուկՙ Գերմանիայում, բայց համոզված եմ, թե գերմանացի հեռուստադիտողին նման շոուներն հետաքրքրում են: Իսկ դրա մեջ կասկածից վեր էՙ մեծ դերակատարում ունի շոուն վարողը: Լրագրողական շոյված էգոիզմիս մի վկայություն եւսՙ 2018- ի հանդիսավոր երեկոն դարձյալ վարելու է Դեյվիդ Իգնեյշըսը, հրաժեշտից առաջ ինքն իրազեկեց: Եթերում չտրտնջաց իհարկե, որ 3 ժամանոց հսկա ծրագիրը 2017- ին մենակ վարեց: Տրտունջն ու հարցը թողեց հայ գործընկերներինՙ արդարացվա՞ծ էր արդյոք Հասմիկ Պապյանիՙ մարզահամերգայինի բեմում բացակայությունը: Մի մարտահրավեր, որ պատվով կատարեց 2016- ին. բեմումՙ հագեցնող ներկայություն, հեռուստաէկրանինՙ դեմք մագնիս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ