ՀԱՄԱՐՁԱԿ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԷՎԱՆՍԻ «ՊԱՏԱՆԴՎԱԾ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ» Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Գրականությանը, խիզախությանը եւ լեգենդներին նվիրված միջոցառումների շարք է նախատեսել անցկացնել Մեծն Բոստոնի Սբ. Երրորդություն հայկական եկեղեցին: Առաջին միջոցառման համար հրավիրվել է Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, որը ներկայացրել է իր նոր «Պատանդված ճշմարտությունը: Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը: Ի՞նչ էր առաջ: Ի՞նչ է հիմա» (Truth Held Hostage: America and the Armenian Genocide; What Then? What Now?) գիրքը, եկեղեցու Չարլզ եւ Նվարդ Թալանյան մշակութային կենտրոնում: Հատորին անդրադարձողներն այն որակել են դեսպան Մորգենթաուի 1918-ին Հայոց ցեղասպանության մասին գրած հուշագրությունից հետո ամենակարեւոր աշխատությունը գրված ամերիկացի դիվանագետի կողմից: «Պատիվ է մեզ համար հյուրընկալել այս խիզախ դիվանագետին, որը չվարանեց պաշտպանել ճշմարտությունը: Նրան լսելը անջնջելի տպավորություն է թողել մեր սրտերում եւ մտքերում: Վստահ եմ, ամեն հայ կցանկանար ունենալ մեկ օրինակ այդ գրքից», նշել է այդ առթիվ եկեղեցու հոգեւոր հայր Վազգեն Գուզույանը : Էվանսը Մ. Նահանգների պետքարտուղարությունում ծառայել է ավելի քան 35 տարի (1971-2006 թվերին): Հայաստանում ԱՄՆ դեսպան է եղել 2004-ից 2006 թվականը, որից հետո «ցեղասպանություն» բառը օգտագործելու համար հեռացվել է պաշտոնից: Բացի վերոնշյալ գրքից, հեղինակել է նաեւ «Ուրեմն Աստված էլ պետք է որ հայ լինի: 16 ելույթ հայկական թեմաներով» հատորը (Therefore God Must Be Armenian: Sixteen Talks Given on Armenian Issues (2007-2012): «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» մայիսի 20-ի համարում Հարրի Մեծատուրյանը անդրադառնում է Մ. Նահանգների քաղաքականության հակասական բնույթին, եւ գրում, որ մինչ այլ երկրներում (Ֆրանսիայում, օրինակ) դեսպաններին չի թույլատրվում մասնակցել Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին, Հայաստանում նրանց թույլատրվում է ծաղկեպսակ դնելու արարողությանը մասնակցել, բայց խստիվ արգելված է որեւէ խոսք ասել այդ առնչությամբ: Լռությունը պարտադրված է: Ճշմարտությունըՙ պատանդված: «Բռնության ենթարկվածները ակնկալում են, որ ճշմարտությունը բացահայտվի եւ մեղավորները պատժվեն: Թշնամիների կողմից կարելի է ակնկալել լռություն եւ անտարբերություն, բայց բարեկամները չպետք է լուռ մնան: Բարեկամների լռությունը անհանդուրժելի է», նշում է Մեծատուրյանը, եւ ավելացնում, որ Էվանսը իր գրքում «10 համեստ առաջարկներ» է ներկայացնում Ամերիկայի եւ Թուրքիայի կառավարություններին, որոնք պետք է լրջորեն ուսումնասիրվեն նրանց կողմից վերջ տալու համար այս երկար ձգվող լռությանը: |