RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8790, Տպվել է` 488, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «ԾԻԱԾԱՆԻ» ՏԱԿ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մայիսի 17-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը իր դրոշը փոխարինել էր մեկ այլ դրոշով։ Կոնկրետ բրիտանական դեսպանատունը հաճախ է դեսպանատան տարածքում դրոշները փոխում, ու դրոշափոխությունն այս տարածքում զարմանալի չէ։ Օրինակ, երբեմն Բրիտանիայի դեսպատան շենքի դիմաց ծածանվում է Շոտլանդիայի դրոշը, երբեմնՙ Ուելսի, հաճախՙ Անգլիայի, մեկ-մեկՙ Հյուսիսային Իռլանդիայի, բայց այս բոլորը համարվում են Թագավորության մաս, եւ նորմալ է, որ բրիտանական դեսպանատունը կարող է, օրինակ, իր մասը հանդիսացող Շոտլանդիայի դրոշը ծածանել, մանավանդ շոտլանդական անկախության հանրաքվեի օրերին։

Այս անգամ, սակայն, Բրիտանիայի դեսպանատան տարածքում ծածանվում էր բոլորովին այլ դրոշ, ու եթե եղանակը բրիտանական լիներ, ապա կարելի էր ենթադրել, որ ծիածան է հայտնվել երկնքում։ Այսպես, մայիսի 17-ին Երեւանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի դիմացի տարածքում ծածանվում էր ԼԳԲՏ հանրության դրոշը, ուշադրությունՙ բրիտանական Թագավորության դրոշի փոխարեն։ Այս դրոշածածանումը բնականաբար հարուցեց հայ հասարակության վրդովմունքը, եւ մի շարք հասարակական կազմակերպություններ, օրինակՙ «Հանուն օրենքի» հասարակական շարժումը, «Հայրենանվեր երիտասարդների միությունը», «Մայրաքաղաքը յուրաքանչյուրիսը» եւ «Ազգային արժեքների պաշտպան ճակատը», արագ հասկանալով, որ հայաստանցին իրավունք չունի ջարդել բրիտանական (կամ որեւէ) երեւանյան դեսպանատան դարպասները, ներխուժել ներս ու այնտեղից հանել իրեն անցանկալի դրոշը, չմոռանալով այրել այն, նամակ գրեցին ՀՀ ԱԳՆ-ին։ Նամակում մարդիկ հիշեցնում են ԱԳՆ-ին, որ Եվրոմիությունը վերջերս զեկույց էր հրապարակել, ըստ որի ԼԳԲՏ համայնքի արժեքները ընդունելու հարցում ՀՀ-ն Եվրոպայում նախավերջին տեղում է։ Հետեւաբար, ինչպես տրամաբանում են նամակագիրները, բրիտանական դեսպանատունը անտեսում է ՀՀ բնակչության մեծամասնության կարծիքը, ինչն էլ հակասում է ժողովրդավարության հիմնական սկզբունքներին։

Նամակագիրները նաեւ հիշատակում են 1961-ի Վիեննայի կոնվենցիան, որտեղ հստակ նշված են դիվանագիտական ներկայացուցչությունների գործառույթները։ Ըստ նամակագիրներիՙ բրիտանական դեսպանատան հիշյալ քայլը չի տեղավորվում այդ կոնվենցիայով նշված գործառույթների մեջ, քանի որ դեսպանատունը զբաղված է քարոզչությամբ։

Վերջում նամակագիրները կոչ են անում ՀՀ ԱԳՆ-ինՙ համարժեք գնահատական տալ բրիտանական դեսպանատան գործողություններին եւ թույլ չտալ, ուշադրություն։ «վիրավորել հայ ազգին»։ «Պահանջում ենք բողոքի նոտա ուղարկել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն», գրված է նամակում։

Այն, որ բրիտանական դեսպանատունը, ԼԲԳՏ-ի դրոշը ծածանելով (ընդ որումՙ կապ չունի որտեղ) զբաղվում է քարոզչությամբ, ապացուցվում է մի պարզ հանգամանքով. ԼԳԲՏ պետություն գոյություն չունի, անգամ չճանաչված, եւ ուրեմն բրիտանական դեսպանատան տարածքում պետության դրոշ չի ծածանվել, այլ որոշակի (թեկուզ հրաշալի) արժեքներ կրող հանրույթի։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ բրիտանական դեսպանատունը, Մեծ Բրիտանիան առհասարակ, կիսում են այդ հանրույթի արժեքները, կողմ են դրանց տարածմանը, հակառակ պարագայում տվյալ արժեքները կրող մարդկանց խորհրդաշող դրոշը չէին ծածանի։

Բայց այն, որ ԼԳԲՏ-ի դրոշի ծածանումը վիրավորում է հայ ազգին չգիտեմ, ես, օրինակ, չեմ վիրավորվել, ու ասեմ, թե ինչու։ Բանն այն է, որ ես հանգիստ եմ վերաբերվում ԼԳԲՏՙ այդ թվում հայ համայնքի ներկայացուցիչներին։ Հանգիստ, այսինքնՙ ոչ ագրեսիվ, գլուխները ջարդելուն ոչ կողմնակից։ Միեւնույն ժամանակ, ես վստահ եմ իմ ուժերին եւ գիտեմ, որ իմ երեխային այդ համայնքին միանալ չի սպառնում։ Ի դեպ, ինչպես գիտենք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ չեն ծնվում, այսինքն դա բնածին չէ, այլ դառնում են, առավելաբար սխալ դաստիարակության հետեւանքով։

Հիմա ո՞րն է խնդիրը։ Իմ կարծիքով, եթե այն կա, ապա Մեծ Բրիտանիայում է, Հայաստանում, ինչպես դրոշի ծածանման մասին ահազանգողներն իրենք են նշել, բնակչության մեծամասնությունը չի ընդունում ԼԳԲՏ համայնքի արժեքները, ինչն էլ ապացուցում է, որ Հայաստանում խնդիր չկա։ Այս հարցում, իհարկե։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ