RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02 > #022, 2017-06-09 > #023, 2017-06-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017



Տեղադրվել է` 2017-06-02 12:59:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 8744, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎՐԱՑԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ԵՐԱԶ ԵՆ ՏԵՍԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե դու ադրբեջանցի ես, ապա արդեն խնդիրներ ունես, առնվազն մարդու իրավունքների եւ ազատ խոսքի հետ կապված, գոնե Եվրոպայում: Եթե դու ոչ միայն ադրբեջանցի ես, այլ նաեւ լրագրող եւ ուզում ես ազատ խոսել, ուրեմն խնդիրներ ունես հենց Ադրբեջանում, ինչպես նաեւ կինդ ունի, ծնողներդ ունեն, երեխաներդ, անգամ աներորդիդ, կամ փեսադ: Իսկ եթե դու ադրբեջանցի լրագրող ես, ում ազգանունն է Մուխտարլի... Բայց սկզբից սկսենք, մանավանդ, որ մեզանից ոչ ոք ադրբեջանցի չէ, այն էլ մուխտարլի:

Մայիսի 29-ի երեկոյան, Թբիլիսիի իր տնից դուրս է գալիս ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլինՙ հավանաբար գործերով: Մի քիչ քայլում է երեկոյան Թբիլիսիում եւ ժամը 20:00-ի կողմերը հասնում տեղի հայտնի Կոլտնտեսության հրապարակի սրճարան, որտեղ կա՛մ պատահաբար, կա՛մ պայմանավորված հանդիպում է իր վաղեմի ընկերոջըՙ նորից ադրբեջանցի Դաշգին Աղալարլիին: Ի դեպ, վերջինս պատահական մարդ չէ, ակտիվիստ է, որն ուզում է քաղաքական ապաստան ստանալ Վարաստանում: Ու չնայած Դաշգինն ու Աֆղանը ընկերներ են, բայց այդ հանդիպումը առավելաբար գործնական բնույթ ուներ, քանի որ Աֆղանը լրջորեն ուսումնասիրում է Վրաստանում ադրբեջանցի քաղաքական հալածյալներին եւ նրանց մասին մի մեծ ռեպորտաժ է արդեն իսկ հրապարակել JAMnews լրատվամիջոցում: Մի խոսքով: Զրույցի վերջում, Դաշգինի վկայությամբ, Աֆղանը զանգահարում է տուն եւ կնոջն հարցնում, թե ի՞նչ է տան համար հարկավոր: Կինն էլ ասում էՙ «հաց կբերես»: Ապա երկու ընկերները դուրս են գալիս սրճարանից, ի դեպ, պարզ չէ, թե ո՞վ է փակում հաշիվը: Դաշգինը պատմում է, որ քայլելով հասնում են կանգառ, որտեղով անցնում էր Դաշգինի երթուղայինը, իսկ Աֆղանը պետք է փողոցն անցներ: Ընկերներն իրար հրաժեշտ են տալիս, սկզբում գալիս է Դաշգինի երթուղայինը, ապա Աֆղանը գնում է:

Մի քանի ժամ անց Թբիլիսիի ոստիկանությունը ստանում է դիմում տիկին Լեյլա Մուստաֆաեւայից: Տիկինը ոստիկանությանը տեղեկացնում է, որ իր ամուսինը տուն չի վերադարձել, ավելին, պնդում է, որ անհետացել է: Լեյլա Մուստաֆաեւան Աֆղան Մուխտարլիի կինն է:

Նույն օրը Լեյլան կապվում է լրատվամիջոցների հետ, նրանց ներկայացնում իրենց պատմությունը, նշում, որ ամուսինն արդեն մեկ տարուց ավել է ապրում է Թբիլիսիում, քանի որ իր լրագրողական գործունեության պատճառով Ադրբեջանում խնդիրներ ուներ: Ապա լրագրողներին գտնում է Դաշգին Աղալարլին, որին Լեյլան արդեն հայտնած է լինում Աֆղանի անհետացման մասին լուրը, եւ պատմում, որ երբ իրենք Կոլտնտեսության հրապարակի սրճարանից քայլում էին դեպի կանգառ, իրենց մշտապես հետում էին ինչ-որ մարդիկ: Դաշգինը հստակ նշել է, որ նրանք վրացի չէին, ադրբեջաներեն էին խոսում, իսկ Աֆղանն էլ նրանց մի քանի անգամ նկարեց: Օգտվելով առիթիցՙ Դաշգինը վրացի լրագրողներին նաեւ հայտնել է, որ իրենքՙ այսինքն Ադրբեջանից Վրաստան գնացած քաղհալածյալները, հենց Վրաստանում էլ խնդիրներ ունեն, քանի որ զգում են, որ իրենց միշտ հետեւում են. «Մեր հետեւից միշտ մի քանի մարդ է գալիս», նշել է Դաշգինն ու շեշտել, որ Վրաստանում վերջին ժամանակներս ակտիվացել է այնտեղ ապրող ադրբեջանցի լրագրողների եւ ակտիվիստների հետապնդումը:

Ավելի ուշ Լեյլա Մուստաֆաեւան կրկին կապվում է լրագրողների հետ եւ նրանց հայտնում, որ իր ամուսնում տարել են Բաքու, հասկանալի է, որ ոչ Կոլտնտեսության հրապարակի սրճարան, կամ առհասարակ սրճարան: Լեյլան լրագրողների ուշադրությունը հրավիրում է հատկապես այն հանգամանքի վրա, որ իր ամուսնու անձնագիրն իր մոտ է, այսինքն Աֆղան Մուխտարլին առանց անձնագիր, հետեւաբար անօրինական է տարվել Բաքու: Վրացի լրագրողները հատկապես այս տեղեկությունից հետո անմիջապես կապվում են իրենց երկրի համապատասխան մարմինների հետ ու այստեղ սկսվում է իրական պատմությունը:

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ այդ առիթով ավելի ուշ հայտարարությամբ հանդես կգա: Այս մասին վրացական ՆԳՆ-ն հայտնում է մայիսի 30-ին: Դեպքը, հիշեցնեմ, տեղի է ունեցել մայիսի 29-ին, Լեյլա Մուստաֆաեւան ոստիկանություն է դիմել մայիսի 29-ին, լրագրողները ոստիկանություն հարցում են ուղարկել մայիսի 29-ին, Դաշգին Աղալարլին լրագրողների հետ զրուցել եւ Վրաստանում ադրբեջանական «բեսպրիդելի» մասին հայտնել է մայիսի 29-ին:

Մայիսի 30-ին Վրաստանի ՆԳՆ-ն իսկապես հանդես եկավ հայտարարությամբ: Կարդում ենքՙ «Վրաստանի տարածքում անհետացած ազգությամբ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին Վրաստանի տարածքում որոնելու համար Վրաստանի ՆԳՆ-ն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ»: Քանի որ ե՛ւ մենք, ե՛ւ տիկին Մուստաֆաեւան, ե՛ւ պարոն Աղալարլին հրաշալի հասկանում ենք, որ Վրաստանի ՆԳՆ-ն այդպես էլ չի կարողանալու գտնել ազգությամբ ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիինՙ Վրաստանի տարածքում, այն պարզ պատճառով, որ Աֆղանը Վրաստանի տարածքում չէ եւ այդ մասին Վրաստանի ՆԳՆ-ն տեղեկացվել է առնվազն տեղական մամուլի միջոցով, ապա փորձենք հասկանալ, թե ի՞նչ է դեպքի առնչությամբ ասում Վրաստանի ԱԳՆ-ն. չէ՞, որ, ըստ տեղեկությունների, ընդ որում, արժանահիշատակ, տեղի է ունեցել Վրաստանի պետական սահմանի անօրինական հատում, այն էլ այլ պետության հատուկ ծառայությունների «բեսպրիդելի» արդյունքում: Պարզվում է Վրաստանի ԱԳՆ-ն այս դեպքի առնչությամբ լռում է, սա այն պարագայում, երբ առիթ-անառիթ հայտարարում է, որ Վրաստանը եվրոպական երկիր է, որտեղ բոլոր քաղաքացիները պաշտպանված են, մարդու ամեն մի իրավունքըՙ հարգված, եւ այլ պետությունների կողմից երկրում ինչ-որ, առավել եւսՙ ապօրինի գործընթացներ իրականացնելըՙ բացառելի:

Մյուս կողմից, չի բացառվում, որ Վրաստանի ԱԳՆ-ի եւ առհասարակ պաշտոնական Թբիլիսիի լռությունն այս թեմայի հետ կապված, արդարացված է: Շատ հնարավոր է, որ Վրաստանում լրջորեն մտածում են փոխել երկրիՙ բոլորիս հայտնի Վրաստան անունը, Վրաստանիՙ վերջերս ստացած եւ կպչող մականունովՙ SOCARtvelo:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #21, 02-06-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ