ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԲՈՆԻՄԱՆԱ ՉԷ, ԱՅԼՙ ԲԱՐԱՆԿԻՑԵ Հ. ԱՖՅԱՆ Եւ այսպես, Թոմ Քաթինա: Այսուհետ աշխարհում, իսկ եթե շատ անկեղծ լինենք` աշխարհում հայերի եւ մեր բարեկամների շրջանակում, առնվազն մեկ տարով, մինչեւ «Ավրորայի» 2018-ի մրցանակաբաշխությունը, մարդասիրությունը կապվելու է այս անվան հետ: Սուդանի Նուբայի լեռների միակ բժիշկը, մարդ, ով թողել է հայրենի ԱՄՆ-ում ամեն ինչ եւ ոչ թե, օրինակ, եկել Հայաստան ու մտել քաղաքականություն, այլ գնացել է Նուբայի լեռներ ու զբաղվել բառիս բուն իմաստով մարդկանց փրկելով: Ընդ որում Նուբայի լեռներում ապրում է շուրջ 750 հազար մարդ, ու Թոմ Քաթինան այդ մարդկանց համար հրեշտակ է, իսկական, ոչ նրանցից, որոնց մասին մենք կարդում ենք Աստվածաշնչում: Ավրորայից բժիշկ Թոմը ստանալու է 100 հազար ԱՄՆ դոլար, որպեսզի անի այն, ինչ ինքն է ուզում եւ եւս 1 մլն դոլար, որպեսզի իր համար վստահելի կազմակերպությունների միջոցով շարունակի զբաղվել իր գործով: Քաթինան, որն ամենեւին էլ միլիոնատիրոջ պես չէր հագնված, արդեն իսկ նշել է, որ անձամբ իրեն շնորհված 100 հազար դոլարն էլ ուղղելու է Նուբայի լեռներում հիվանդանոցի վերազինմանը, որտեղ, ի դեպ, նրան փոխարինելու էին գնացել երեք հայ բժիշկներ, որպեսզի բժիշկ Թոմը կարողանա մասնակցել Ավրորայի մրցանակաբաշխությանը: Հայաստանում, ինչպես նշել է Թոմը, նա իրեն զգացել է ինչպես իր տանը, ընտանիքի անդամների հետՙ խոհանոցում կերակուր պատրաստելիս. այդքան ջերմացած: Ի դեպ, Քաթինան ունի 5 եղբայր եւ մեկ քույր: Ամուսնացել է մեկ տարի առաջ, հենց Նուբայի լեռներում, տեղացի Նասիմա անունով կնոջ հետ: Ընդ որում, համաձայն տեղական օրենքի, Թոմը հարսնացուի ընտանիքին վճարել է գլխագինՙ 7 կով, 15 այծ: Նասիմայի ընտանիքն էլ ամենեւին դեմ չի եղել, որ իրենց աղջիկն ամուսնանա կողմնակի եկամուտ չունեցող ազնիվ բժշկի հետ եւ աչք է փակել այն հանգամանքին, որ Թոմը, Նուբայի լեռներում բժիշկ աշխատելով, ամսական ստանում է 350 ԱՄՆ դոլար: Ճիշտ է, շատ հնարավոր է, որ հիմա Նասիմայի ծնողները փորձեն համոզել Թոմին, որ նա հարուստ Հայաստանից բերած ահռելի փողերով մի շքեղ առանձնատուն կառուցի Նուբայի ամենաբարձր լեռնագագաթի վրա, կողքին էլ մի կազինո ու եկեղեցի, բայց Թոմը, կարծում եմ, չի համաձայնվի. Թոմը մարդասեր է: Ճիշտ Մարգարիտ Բարանկիցեի պես, որը նույնպես ներկա էր «Ավրորայի» այս տարվա մրցանակաբաշխությանը, որպես «Ավրորայի» 2016-ի դափնեկիր եւ պարզապես մարդասեր: Հենց տիկին Բարանկիցեն էլ ասել է մի բան, որը թերեւս լավագույնն է սահմանում մարդասիրությունը: «Մարդասիրությունը ձնագնդի պես է. տարածվում է», ասել է տիկին Բարանկիցեն: Իմիջիայլոց, Բարանկիցեն տիկին Մարգարիտի սկզբնական ազգանունը չի եղել: Նրա հայրը, որը Բարանկիցե էր, մահանում է քաղցկեղից, այն ժամանակ, երբ Մարգարիտը դեռ շատ փոքրիկ էր: Մայրն էլ դստերը տալիս է իր ազգանունըՙ Հաբոնիմանա, Մարգարիտ Հաբոնիմանա: Հաբոնիմանաՙ նշանակում է «Աստված հետեւում է»: Բայց պապի հորդորովՙ Մարգարիտի մայրը վերականգնում է դստեր, թույլ տվեք, իսկական ազգանունը, եւ նա կոչվում է Բարանկիցե, որն էլ նշանակում էՙ «Ինձ ուզում եք»: Այս սովորական թվացող անվանափոխության մեջ, կարծում եմ, մեծ իմաստ կա, քանի որ մարդասիրությունը, պարզվում է, ոչ թե այն է, ինչ կատարվում է, երբ Աստված է հետեւում, այլ այն է, ինչն ուզում ենք բոլորս: Ինչեւէ, տիկին Բարանկիցեի կարծիքով մարդասիրությունը ձնագնդի պես է. տարածվում է: Դա իհարկե այդպես է, բայց մարդասիրությունը ձնագնդի պես է ոչ միայն այն պատճառով, որ տարածվում է, այլ քանի որ որոշակի կիզիչ պայմաններումՙ հալչում-հոսում է: Այս մասին Բարանկիցեն եւ Քաթինան իհարկե ոչինչ չեն ասել, բայց մենք, որ ամեն օր մարդասիրության քննություն ենք հանձնում տնից դուրս գալիս, մեքենա վարելիս, հետիոտնի համար նախատեսված տեղով անցնելիս, բարձունքներում անձեռնմխելի դղյակներին նայելիս, դրանց տակ անտաղանդ կամ տաղանդավոր մուրացկանների առատությունից, հիվանդանոցներում հերթ կանգնելիս, այնտեղ պառկելիս, խանութից առեւտուր անելիս, եկեղեցի մտնելիս, եկեղեցում, աշխատավայրում, հարազատին փող տալիս կամ վերցնելիս, ամենքի հետ եւ ամենուրՙ այս երկրում, որը մարդասիրության կենտրոնն է դառնում, հո գիտե՞նք, որ մարդասիրությունը կիզիչ պայմաններում հալչում-հոսում էՙ ձնագնդի պես: Մարդասիրությունը դարձել է մրցանակի արժանի բան: Ավրորայի նախաձեռնողներիցՙ Ռուբեն Վարդանյանն էլ երազում է, որ գա մի ժամանակ, երբ մարդասիրության մրցանակ շնորհելու անհրաժեշտություն չլինի: Իսկ մինչ այդ ժամանակները վրա հասնեն կամ այդ ժամանակները մոտեցնելու համար, խնդրում եմ, մարդասիրության համար մրցանակներ հանձնեք, սկսելովՙ յուրաքանչյուրս մեր տնից: Օրինակՙ ամեն կիրակի, երբ բոլորով տանն ենք, երեկոյան ինչ-որ ժամի քննարկենք, թե անցնող շաբաթ ընտանիքի անդամներից ովՙ ինչ է արել, որը կարող է մտնել մարդասիրության շրջանակներում: Ու հաղթող ճանաչել մեկին: Պարտադիր չէ «Ավրորայի» պես շուքով, հաղթողի անունը հրապարակելու համար Շառլ Ազնավուրին հրավիրելով, բավարար կլինի նրա երգերը միացնելը, հիշելով, որ մարդասիրությունը սկսվում է սեփական անձից. ներսում մարդունՙ գազանից նախապատվություն տալուց, մարդ մնալով եւ չմոռանալով, որ մարդասիրությունը հաբոնիմանա չէ, այլՙ բարանկիցե: |