ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ Հ. ԱՖՅԱՆ Անցյալ շաբաթ Լատինական Ամերիկայում տեղի ունեցած երկու ուշագրավ հարսանիքները Հայաստանում կարգին հեգնեցին: Նախ, Արգենտինայում վերջապես ամուսնացավ 30-ամյա ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի երկրպագուների ականջից հեռուՙ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լիոնել Մեսսինՙ Անտոնելայի հետ, որին սիրում է 5 տարեկանից, եւ որն իր երկու տղաների մայրն է, իսկ մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքում... Բայց այս մասին ավելի ուշ: Մեսսիի հարսանիքն ամբողջ աշխարհում անվանեցին Դարի հարսանիք, քանի որ, ուշադրություն, այդ արարողությանը ներկայացել էր 216 հյուր, բազմաթիվ տեսանկարահանող խմբեր, մի խոսքով... Հենց սա էլ դարձավ Մեսսիի հարսանիքը Հայաստանում հեգնելու հիմնական պատճառը, քանի որ, եթե 216 հյուրերով եւ բազմաթիվ տեսանկարահանող խմբերով հարսանիքը կոչվում է Դարի հարսանիք, ապա Հայաստանում ամեն շաբաթ-կիրակի առնվազն երկու-երեք Դարի հարսանիք է լինում: Ճիշտ է, Մեսսին չէր կանչել իր բոլոր բարեկամ-ծանոթներին, ավելինՙ հայտնի չէ, թե 216 հրավիրյալից քանի՞սն էին Լիոնելի կողմից, քանի՞սըՙ Անտոնելայի, բայց դա կարեւոր չէ. կարեւորն այն է, որ Մեսսին չէր անհանգստացել, որ իր ծանոթ-բարեկամներն իրենից նեղանալու են, ավելինՙ վերջիններիս մտքով անգամ չի անցել եւ անցնում նեղանալ: Ի դեպ, Մեսսին ավելի շատ մարդ է ճանաչում, քան Հայաստանի բնակչությունն է: Ինչ վերաբերում է մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքում կայացած հարսանիքին: Ի դեպ, քաղաքի անվանման Սան Պեդրո անվանումը, հասկանալի է, իսպանական է, բայց նաեւ պահպանվել է հինավուրց քաղաքի հնդկացիական (ացտեկական) անվանումըՙ Ուամելուլա, ինչը փաստում է, որ այս կողմերում պահպանում են ավանդույթները: Հենց այդպիսիՙ ավանդական հարսանիք էլ տեղի ունեցավ ձկնորսական այս քաղաքում: Փեսացունՙ քաղաքապետ Վիկտոր Ագիլարն էր, հարսնացունՙ անչափահաս (երկու ամսական) կոկորդիլոս, որին, իմիջիայլոց հագցրել էին հատուկ հարսի զգեստ, իսկ բերանն էլ կապել էին ժապավենով, որ ամուսնության առաջին օրից... քաղաքապետի մորը չսկսի կծել: Ընդ որում, ժապավենը սովորական չէր, այլ տոնականՙ վարդագույն: Մի խոսքով, թող ներեն մեզ ացտեկների չքնաղ երկիրը կործանած իսպանացի Կորտեսն ու իր զինյալները, բայց մեքսիկականՙ առանց Սան Պեդրոյի, ուղղակի Ուամելուլա քաղաքում ձկնորսներն այդ օրը լավ քեֆ են արել: Ի դեպ ուրախացողների մեջ են եղել նաեւ քաղաքապետ Ագիլարի կինն ու երեխաները: Արդեն քեֆի վերջում, կոկորդիլոսին մերկացրել են ու բաց թողել իր ցեղակիցների մոտ, որոնցից մի քանիսին, իմիջիայլոց, հրավիրել էին հարսանիքիՙ կրկին բերանները կապածՙ տարբեր գույների (բայց ոչ վարդագույն) ժապավեններով: Հայաստանում, որն անվանում են ավանդույթներին հետեւող եւ հաճախ անգամ դրանցից կախված երկիր, այս պսակադրությունը բնականաբար կարգին զվարճացրեց: Պարոն Վիկտոր Ագիլարին կոչեցին հիմար, հարսանիքի բոլոր ներկաներինՙ ապուշ, առհասարակ իրադարձությունըՙ էժանագին բեմականացում: Ես պատկերացնում են, թե ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում շատերն իմանային, որ մեքսիակական այս քաղաքում քաղաքապետն ամեն տարի է այս օրերին ամուսնանում կոկորդիլոսի հետ: Անձամբ պարոն Ագիլարն արդեն երկրորդն տարին անընդմեջ ամուսնանում է կոկորդիլոսի հետ (բնականաբարՙ ոչ նույն): Ըստ հնդկացիական ավանդույթիՙ կոկորդիլոսի մեջ թաքնված է արքայադստեր հոգին, որին պետք է ազատել, ընդ որումՙ ոչ թե ինքնանպատակ, այլ որպեսզի այդ վերականդանացած հոգին Ուամելուլայի բնակիչներին առատ բերք պարգեւի եւ առատ ձուկ: Այդ մարդիկ հավատում են դրան: Ի դեպ, քաղաքապետ-կոկորդիլոս հարսանիքի հաջորդ օրը ուամելուլացի ձկնորսները եռակի ավելի շատ ձուկ են բռնել, քան հարսանիքի նախորդ օրը: Ուրեմն ինչո՞ւ հեգնել ու ո՞ւմ: Նրան, ով սեփական հարսանիքին հրավիրում է բացառապես նրանց, ում իրեն մտերի՞մ է համարում, հաշվի չառնելով, որ ամբողջ աշխարհն իրեն ճանաչում է եւ իրենից կնեղանա՞, թե՞ նրանց, ովքեր բարեկամներ են, բայց ծանոթանում են միայն հարսանիքների դեպքում, երբեմն էլՙ թաղումների, հետո մոռանում նրան մինչեւ հաջորդ առիթը: Գուցե պետք է հեգնել մեքսիկացի ձկնորսների՞ն, որ հավատում են հեքիաթների, թե՞ նրանց, ովքեր այլեւս դրանց չեն հավատում, քանի որ իրենք երբեք էլ հեքիաթ չեն ունեցել, այնպիսինը, որի մասին ամբողջ աշխարհը կխոսի, այնպիսինը, որի շնորհիվ հայկական, օրինակ Գավառ քաղաքը կդառնա աշխարհում նույնքան հայտնի, ինչպես մեքսիկական Ուամելուլան է: Չմոռանամ ասել, որ պարոն Վիկտոր Ագիլարի հարսանիքին չնայած 216 հյուր չի եղել, բայց եղել են բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնք երկու օր շարունակ մեծ գումարներ են ծախսել մեքսիկական Սան Պեդրո Ուամելուլա քաղաքումՙ հարստացնելով տեղացիներին: |