RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2017-06-23 > #025, 2017-06-30 > #026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017



Տեղադրվել է` 2017-07-13 20:16:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 20629, Տպվել է` 2624, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՈՏԱԿԱ ՄԻՋՕՐԵԱԿԱՆԻ ՎՐԱ

ՎԱՀԱԳՆ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ

Ֆիզ.մաթ.գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահագն Գուրզադյանը 25 տարի անց վերհիշում է Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հանդիպումը: Բացի պատմական փաստագրական նշանակությունից, այն կարող է նաեւ որոշակի դասեր պարունակել ապագայի համար:

Գուրզադյանը ներկայումս Եվրոպական տիեզերական գործակալության LARES արբանյակային ծրագրի ղեկավարներից է, եղել է երկու գլխավոր բանախոսներից (keynote speaker) մեկը Շվեյցարական գիտության բիենալում («Գիտության Դավոս»)` բրիտանացի Սըր Ռոջեր Պենրոուզի հետ միասին` նվիրված եկող տասնամյակում տիեզերքի հետազոտության առաջնահերթություններին:


1991 թ. վերջին օրերին ինձ հետ կապվեց Անահիտ Բայանդուրը: Նա հայտնեց, որ մոսկովյան մտավորական շրջանները կազմակերպում են Հայաստանի եւ Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների հանդիպում եւ առաջարկեց մասնակցել: Ինչ միջոցառում էր նախատեսվում, եւ ինչու` Անահիտ Բայանդուրը որոշեց ինձ էլ ներգրավել: Փլուզվեց Խորհրդային Միությունը, որպես գագաթնակետ բազմաշերտ առճակատումների, այդ թվում արյունալի` հետագա զարգացումների կատարյալ անորոշությամբ: Այդ համայնապատկերում Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր իրավիճակը թվում էր էլ ավելի պայթյունավտանգ եւ անկանխատեսելի: Գնալով ավելի էր ուրվագծվում լայնածավալ առճակատումը` պատերազմին այլընտրանքի բացակայությունը: Այդ իրավիճակում, ինչպես հայտնեց Բայանդուրը, մոսկովյան մտավորականների հասարակական կազմակերպությունները նախաձեռնել են երկու հանրապետությունների մտավորականության ներկայացուցիչների հանդիպում: Բայանդուրը, լինելով հայ գրականության փայլուն թարգմանիչ, որի շնորհիվ մեր գրողները հասու դարձան, գնահատվեցին Մոսկվայում, խորհրդային լայն տարածքում,սերտորեն կապված էր մոսկովյան գրողների եւ մտավորական շրջաններին, եւ բնական է, որ ներգրավել էին հենց նրան: Անահիտը հայտնեց, որ ինքը արդեն ներգրավել է Հրանտ Մաթեւոսյանին, որի ստեղծագործությունների թագմանիչն էր, եւ որի հետ, իհարկե, մոտ էր հատկապես: Ապա նա առաջարկեց ինձ միանալ, թվարկելով, որ ես երիտասարդ գիտությունների դոկտոր եմ (այդ ժամանակ ես 36 տարեկան էի, իսկ դոկտորական պաշտպանել էի 32-ում), մոսկովյան գիտական շրջաններից եմ, հատկապես նշելով իմ նամակը Վ. Համբարձումյանի հացադուլի եւ Ղարաբաղի հարցի վերաբերյալ` տպագրված աշխարհի առավել հեղինակավոր NATURE ամսագրում:

Հիշում եմ, Անահիտը այս պահերը մեջբերում էր մի քանի անգամ, քանի որ ի սկզբանե ես թերահավատ էի, թե՛ նման միջոցառման նկատմամբ, թե՛ դրանում իմ մասնակցության իմաստի: Մոսկովյան գիտական շրջանները, իրոք, իմ միջավայրն էին դեռեւս ասպիրանտական տարիներից` Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտի տեսական բաժնում, որտեղ ի թիվս խոշոր գիտնականների մի ամբողջ փաղանգի, աշխատում էր ակադեմիկոս Անդրեյ Սախարովը. ունեմ բազմաթիվ հուշեր այդ մեծ գիտնականի եւ հումանիստի հետՙ առօրյա գիտական անցուդարձերում մոտիկից շփման պահերից:

Ասպիրանտական տարիներից հետո էլ ես տարվա մի մասը լինում էի Մոսկվայում, զեկուցում սեմինարներում, միջազգային գիտաժողովներում: Փակ երկրի պայմաններում այդ տարիներին այնտեղ կարելի էր շփվել անգամ օտարազգի խոշոր գիտնականների հետ, քանի որ Մոսկվայի գիտությունը ձգում էր նաեւ նրանց: Որպես օրինակ հիշեմ, որ 1987-ին Քվանտային գրավիտացիայի գիտաժողովի օրերին ներկայումս հանրահայտ Սթիվեն Հոկինգը ինձ հրավիրեց միասին ճաշելու, ապաՙ երեկոյան իր հյուրանոցային համարում կոսմոլոգիայի մի հարց քննարկելու. այդ օրվա իրադարձությունների շղթան անդամալույծ գիտնականի հետ (մասնակցությամբ նրա կնոջ, դստեր, օգնականների, իսկ ինձ հետ էին կինս եւ իմ ասպիրանտ` իսկ ներկայումս փայլուն գիտնական Արմեն Քոչարյանը) առանձին` նաեւ հուզիչ պահերով հագեցած պատմություն է: Ինչ վերաբերում է NATURE-ում իմ հրատարակմանը, ապա դա կատարվեց հետեւյալ հանգամանքներում: 1990-ի սեպտեմբերն էր, Մոսկվայում Զորի Բալայանի եւ Վիկտոր Համբարձումյանի (ՎՀ) հացադուլն էր: Այդ օրերին մեկնելու էի Տրիեստ, Տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոն: Լավ ծանոթ լինելով երկուսին էլ (ՎՀ-ի հետ ես հանդիպում էի պարբերաբար, նրա ներկայացմամբ իմ մի քանի հոդվածներ տպագրվել էին Доклады Академии Наук СССР ամսագրում), ես այցելեցի նրանց Կրեմլին մոտակա «Մոսկվա» հյուրանոցում: Հիշում եմ, որ ինչ-որ տեղ զարմացա, երբ ոչ ոք չհետաքրքրվեց, ո՞վ եմ, ու՞ր եմ գնում, եւ ես ազատորեն բարձրացա հյուրանոցի նրանց համար. արդյո՞ք այդպես են ապահովում պառլամենտի անդամների անվտանգությունը: Երկուսն էլ ջերմորեն ինձ ողջունեցին, եւ չնայած արտաքնապես նրանց կայուն վիճակին, զրույցըՙ թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ անհանգստացնող էր. ավելի ուշ եկան նաեւ այլ այցելուներ: Բաժանվելիս ՎՀ-ն ինձ բարի ճանապարհ մաղթեցՙ ասելով «Բարեւեք Սալամին» : Ես դուրս եկա ճնշված տրամադրությամբ, չէ՞ որ ՎՀ-ն, ի վերջո, 82 տարեկան էր: Երբ Տրիեստում ինձ ընդ ունեց կենտրոնի տնօրեն, Նոբելյան դափնեկիր Աբդ ուս-Սալամը, եւ գիտական հարցերի քննարկումից հետո ես հայտնեցի ՎՀ-ի հացադուլի մասին, նա սոսկաց, հիշեց, որ ՎՀ- ին հանդիպել է Մոսկվայում, երբ իրեն Խորհրդային գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ էին ընտրում: Հենց Տրիեստից ուղարկեցի նամակս NATURE-ին, որտեղ հատուկ շեշտել էի, որ Ղարաբաղյան հարցը տեղի հայ բնակչության մարդու տարրական իրավունքների հարցն է, քանի որ նախկինում NATURE-ն արդեն անդրադարձել էր այդ թեմայինՙ որպես երկու խորհրդային հանրապետությունների միջեւ մի կողմիցՙ ազգայնական- տարածքային, մյուս կողմիցՙ Մոսկվայի դեմ ուղղված սեպարատիստական վեճ:

1990 թվականն էր, խորհրդային ռեպրեսիվ համակարգը դեռ գործուն էր, ավելին` Երեւանի ֆիզիկայի ինստիտուտը, որտեղ ես աշխատում էի, պատկանում էր միութենական ռազմականացված մի նախարարության, եւ ես թեեւ գրեթե վստահ էի, որ նամակի տպագրվելու դեպքում ինձ առնվազն կխոչընդոտեն մեկնել արտասահման, սակայն այդ պահին դա առանձապես ինձ չէր հուզում: Նամակս տպագրվեց (որոշ կրճատումներով), երեւացին մեզ աջակցության արձագանքներՙ թե՛ NATURE-ում, թե՛ այլ պարբերականներում, ես ստացա աջակցության նամակներ գիտնականներից, կազմակերպություններից:

Խորհրդային տերությունը սրընթաց գնում էր դեպի փլուզում: Ամիսներ անց, ՎՀ-ի հետ հանդիպումից հետո` կիրակի օր էր, միասին դուրս էինք գալիս Բյուրականի իր առանձնասենյակից, ես հանկարծ մտաբերեցի եւ հարցրեցիՙ տեղյա՞կ էր արդյոք իմ այն հրատարակման մասին: Նա գոհունակությամբ պատասխանեց. «Այո, իհարկե, լավ է, որ դուք դա արեցիք»:

Հանդիպման հետագա օրերին Անահիտը ինձ իր հետ մի քանի անգամ տարավ Հրանտ Մաթեւոսյանի տուն` «Մարգարյան» ծննդատան մոտակայքում: Մտնելիս Անահիտը կանչում էրՙ Հրանտո՜, ներսի սենյակներից հայտնվում էր Մաթեւոսյանը, քննարկում էինք հարցերՙ սպասվող միջոցառման հետ կապված, եւ ոչ միայն, դրանց թվում` Վարդգես Պետրոսյանի եւ Լեւոն Մկրտչյանի ներգրավումը: Մեկնելու նախօրյակին` արդեն 1992 թ. հետամանորի օրերն էին, Բայանդուրի հետ գնացինք Գերագույն խորհուրդ (Ազգային ժողով), առաջին հարկի աստիճանների մոտ հանդիպեցինք Վազգեն Սարգսյանին: Հիշում եմ, մտերմիկ, ոտքի վրա անշտապ զրույց էր` 30-40 րոպե, կատակում էր: Բաժանվելիս ասաց. «Հանգիստ գնացեք, իմացեք, մենք ձեր մեջքին կանգնած ենք»: Բարձրացանք Աշոտ Մանուչարյանի մոտ, որը մեզ մանրամասն տեղեկացրեց ուղեւորության ծրագիրը, ապա` քաղաքավարական ձեռքսեղմում Արարքցյանի հետ:

1992 թ. հունվարյան վաղ առավոտյան մեկնեցինք (ինչպես հետո պարզվեց, այդ օրվա ամսաթիվը դարձավ նշանակալից մի այլ պատճառով, ինչի մասինՙ ստորեւ): Իջեւանում մեզ դիմավորեց շրջանի ղեկավար, գործունյա Ջեմմա Անանյանը: Այսպիսով, մեկնող խմբի կազմում էին գրողներ Հրանտ Մաթեւոսյանը, Վարդգես Պետրոսյանը, գրականագետ Լեւոն Մկրտչյանը, գրականության թարգմանիչ Անահիտ Բայանդուրը, ես` գիտաշխատող, երկու պատկառելի տիկին` հասարակական կազմակերպություններ ներկայացնող (մեկը` «Զինվորների մայրերի»): Մեզ ուղեկցում էին լրագրողներ հեռուստատեսությունից, նաեւ մի խումբ զինվորներ: Ահա սահմանը, բացվեց շլագբաումը, եւ ավտոմեքենաների շարասյունը շարժվեց Ղազախի ուղղությամբ: Նախօրոք մեզ տեղեկացրել էին, որ ճանապարհի այդ հատվածը անցնում է անտառապատ տարածքով, եւ չեն բացառվում կրակոցներ: Մոտ 10 կմ անցնելուց հետո հասանք խորտկարան հիշեցնող մի համալիր, որտեղ մեզ սպասում էր ադրբեջանական պատվիրակությունը: Ստորեւՙ համառոտ ներկայացնեմ հանդիպումը:

Տեղավորվել ենք երկար սեղանի երկու կողմերում: Դեմ-դիմաց նստած են գրողներ, որ նախկինում իրար լավ ճանաչում էին, միասին մասնակցել են խորհրդային տարիների բազմաթիվ միջոցառումների: Ադրբեջանական կողմի կազմակերպիչը Լեյլա Յունուսովան էր. ըստ մամուլի` վերջին տարիներին Լեյլա Յունուսը հալածվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Միջոցառումը բացեց կազմակերպիչ-միջնորդի դերը կատարող մոսկվացի Ալեքսանդրը (ազգանունը չեմ հիշում), նա որդին էր գրողներ, իրավապաշտպաններ Յուլի Դանիելի եւ Լարիսա Բոգորազի, վերջինս վատառողջության պատճառով չէր կարողացել ժամանել: Նա, հասկանալի է, նշեց, որ հանդիպման նպատակը երկու հանրությունների փոխադարձ ատելության մթնոլորտի դեմն առնելն է եւ այլն, այս ոճով: Սկզբում մթնոլորտը լարված էր, երկու կողմից ասվում էին ընդհանուր ափսոսանքի խոսքերՙ ժամանակին եղած կապերը կորցնելու համար: Աստիճանաբար սառույցը սկսեց հալվել, երկու կողմից վերհիշեցին միացյալ ջերմ հանդիպումները, խնջույքները, զավեշտական պահերը. մի խոսքով, ափսո՜ս, լավ ժամանակներին: Մթնոլորտի ջերմացմանը համահունչ (աննկատ անցել էր մի քանի ժամ) սեղանին հայտնվեց քյաբաբ, ինչը, հասկանալի է, նպաստեց հետագա ջերմացմանը: Այսպիսի մանրուք. մեզ ասել էին, որ լինենք զգույշ` նրանց քյաբաբը սաստիկ ճարպոտ է (ինքս, սակայն, չդիպա որեւէ բանի` տրամադրությունս քեֆի չէր): Օգտվելով նպաստավոր մթնոլորտիցՙ ես ձայն խնդրեցի (մինչ այդ լսողի դերում էի), եւ առաջարկեցի, քանի որ հանդիպել ենք, ի վերջո քննարկենք Ղարաբաղյան հարցը, քանի դեռ վիճակը չի վերածվել լայնածավալ պատերազմի, ինչի նախանշաններն առկա էին: Անմիջապես, միանգամայն փոխված, կոշտ տոնով, լավ ռուսերենով, խոսեց նրանց կինեմատոգրաֆիայի ղեկավարը (այդպես էր ներկայացել), ասաց, որ Ղարաբաղի հարց ընդհանրապես գոյություն չունի, Ղարաբաղը ինչպես եղել է, այդպես էլ կլինի ադրբեջանական տարածք: Հետաքրքրական է, որ իմ առաջարկը պաշտպանեց նրանց կողմից գիտության ներկայացուցիչը (գիտ. դոկտոր, երկրաբանության ինստիտուտի փոխտնօրեն` ըստ իր տված այցեքարտի), ասելով, որ համաձայն է իմ հարցադրման հետ, իրոք, եկեք քննարկենք, իրար լսենք, իրար տեսակետները հասկանանք: Ինչեւէ, այս առաջարկը զարգացում չունեցավ, անցան տեղական երկար զրույցների (թե՛ ժամանակի իմաստով, թե՛ չափերի), ինչպես լինում է սովորաբար սեղանի շուրջը:

Ամբողջ ընթացքում իմ աթոռի հետեւում կանգնած էր մեր զինվորը. ժամանակ առ ժամանակ դիմում էի իրենՙ հոգնել ես, նստի, սակայն այդպես էլ մի քայլ չհեռացավ, չնստեց: Ավելի ուշ անցա հարակից սրահ, այնտեղ էին հեռուստալրագրողները, ինձ մոտեցավ նրանց կողմի գիտնականը եւ հաստատեց իր ասածը: Այդ ընթացքում կազմվեց մի փաստաթուղթ, որին ծանոթանալով, ես մերոնց ասացի, որ թերեւս չստորագրեմ մեր տեսակետը ընդհանրապես չարտահայտող այդ տեքստի տակ:Սկզբում ինձ մոտեցավ Մաթեւոսյանը (որը սակայն չպնդեց), ապա Լեւոն Մկրտչյանը` խնդրեց ստորագրեմ, քանի որ եկել ենք, որպես մի պատվիրակություն: Իմ հակադարձումը, իսկ ինչու չարձանագրել մեկ անդամի այլ կարծիքը, ի վերջո սրանք պաշտոնական- դիվանագիտական բանակցություններ չեն, նրան չհամոզեց: Ես` հարգելով իմ վաստակաշատ ուղեկիցներին, տեղի տվեցի: Մոտեցումների տարբերությունը, թերեւս, պայմանավորված էր թե՛ տարիքային տարբերությամբ, թե՛ իմ զբաղմունքի այլ ասպարեզով: Թեեւ ի սկզբանե ակնհայտ էր, որ ո՛չ այդ փաստաթուղթը, ո՛չ էլ դրա տակ մեկ ստորագրության ավել կամ պակաս լինելը որեւէ նշանակություն չեն կարող ունենալ հետագայի համար, վերադարձին ես ստորագրելս համարում էի սխալ: Ինչեւէ, պատմությունը սարքվում էր ավելի զորեղ ատյաններում:

Վերադառնում էինք սպասվածից շատ ուշ, կեսգիշերին մոտ: Հիշողությանս մեջ տպավորվել է` սահմանի շլագբաումի մոտ, ձների մեջ կանգնած, ցրտից կարմրած դեմքով Ջեմմա Անանյանը`զինվորներով շրջապատված: Նա մեր ուշացման համար խիստ այլայլված էր, ասելով, որ ամեն 5 րոպեն մեկ զանգահարում է Վազգեն Սարգսյանը: Ի դեպ, սահմանի մեր ուղեկալի մոտ տեսանք կայանած ավտոմեքենաներ. ասացին, որ Վրաստանի նախագահ Գամսախուրդիան հենց նոր լքել է Վրաստանը, նրան չի ընդունել Ադրբեջանը, նա գտնվում է այս տնակում: Մեզ ուղեկցեցին մի համալիր, որտեղ վերնահարկում պատրաստված էր ուտեստներով սեղան, քանի որ վստահ չէին, որ մեզ կկերակրեին. Նման սեղանը այն անոթի ժամանակներում, իհարկե, պահանջել էր զգալի ճիգեր: Ինձ մոտեցավ Վարդգես Պետրոսյանը, առանձնացանք համալիրի առաջին հարկում, խոսեցինք երկար, նա ասաց, որ լիովին կիսում է իմ տեսակետը փաստաթղթի վերաբերյալ. ջերմ զրույց էրՙ շատ հարցերի շուրջ այդ լարված օրվա տպավորություններով: Վերադարձը Դիլիջանի սառցակալած ոլորապտույտներով (Երեւան հասանք լուսադեմի մոտ) անցավ ոչ առանց արկածների: Մեր վարորդը կոնծել էր, նրան փոխարինեց մի զինվոր:

Տարիներ անց, արտասահմանից վերադարձիս` Աբովյան փողոցում հանդիպեցի Անահիտ Բայանդուրին: Տեղեկացրեց, որ իրեն Շվեդիայում հանձնել են, կարծեմ, Օլաֆ Պալմեյի մրցանակ, Լեյլա Յունուսի հետ միասին: Նրան, սակայն, տխրեցրեց իմ տեսակետը այդ գործունեության փաստացի անարդյունավետության վերաբերյալ: Ավելի ուշ ցավով իմացա Անահիտ Բայանդուրի` փայլուն մտավորականի, անժամանակ կյանքից հեռանալու մասին:

Ե՞րբ մեզ կհարգի թշնամին: Կարող է թվալ աներեւակայելի, սակայն անգամ թշնամին մեզ ստիպված կհարգի, երբ տեսնի, որ մեզ հարգում է աշխարհը: Երկու օրինակ` ինձ հետ պատահած: 2011-ին Գագարինի թռիչքի 50-ամյակին նվիրված կլոր սեղան էր կազմակերպվել Տիեզերագնացների պատրաստման կենտրոնում (Զվեզդնիյ Գորոդոկ, Մոսկվայի մոտակայքում), ներկա էին գեներալներ, տիեզերագնացներ, նաեւ դեսպաններ, այդ թվումՙ Հայաստանի եւ Ադրբեջանի: Ես երկու հիմնական զեկուցողներից մեկն էի` իրենց փոխ-հրամանատարից հետո: Պետք էր տեսնելՙ ինչպես էր Ադրբեջանի ներկայացուցիչը ցուցադրաբար գովաբանում «հարգարժան հայ պրոֆեսորի» ելույթը` իհարկե, ելնելով իմ հանդեպ մյուսների վերաբերմունքից: Ավելի վաղ` 2004-ին գործընկերոջս հետ բարձրացա Արարատՙ 175 տարի անց կրկնելով Պարրոտ-Աբովյան առաջին վերելքի ուղին: Բանը նրանում է, որ լեռան Արարատյան դաշտի դիմահայաց լանջը խստագույնս փակ տարածք է` այնտեղ տեղակայված է թուրքական ռազմական կայան: Համացանցից տեղեկություններ քաղելով իմ մասինՙ թույլատրվեց վերելքը, հրավիրելով գիշերել կայանում` համարելով պատիվ մեր այցելությունը: Ի դեպ, վերադարձին հրատարակեցի գիտական երկու հոդված` փակ լանջին անհայտ 5-6 դարերի հայկական բազիլիկայի (թվագրումը ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի), ինչպես նաեւ ասուպի խառնարանի հայտնագործման վերաբերյալ` բրիտանական ամսագրում: Մեկնելիս հրամանատարի խնդրանքն էր, որ ես գրեմ իր նախարարին` որ նա (հրամանատարը) ինձ պատվով է ընդունել:

Արդյոք մեր օլիգարխներից թուլացած պետության վարկը կարո՞ղ է բարձր լինել:

Վերեւում: NATURE-ում հրապարակված Գուրզադյանի նամակը Համբարձումյանի հացադուլի եւ Ղարաբաղյան հարցի վերաբերյալ:

Նկար 2. Վահագն Գուրզադյանը Նոբելյան դափնեկիր Աբդ ուս-Սալամի հետ, Տրիեստ, 1990թ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 07-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ