ՇՈԳ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ 40 աստիճան: Երեւան, 2017 թվականի հուլիսի 6: Մարմինն ու հոգին նվաստացնող շոգ: Ծիրան` կարմիր ու դեղին: Ամենուր ծիրան` արկղերով, դույլերով, գետնին դրված, սուպերմարկետների դարակներում: Բոլոր շենքերի բնակարանների պատուհանագոգերին` չորացող չրի տեսքով: Սեւանի երազանք` զով ջրի շառաչով: Նաեւ` Սեւանի մասին խոսակցություն` Ազգային ժողովում, 270 մլն խորանարդ մետր ջրառի թույլատրում` դեպի անհայտը: 100 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ` կոճակի մի թեթեւակի սեղմումով: 100 մլն շիշ խմելու անկրկնելի ջուր, որ Սոմալիում եւ այլուր չունեն ու ծարավից մեռնում են, իսկ մենք կարող ենք մեզ այդ ջուրը հողին տալու շռայլությունը թույլ տալ: Մի շիշը`մեկ դոլար: Հարյուր միլիոն դոլար: Բա մեր ծիրանը չհասնի՞, հետո դեղձը, հետո խաղողը: Էն, որ ոսկին հացով են փոխում: Աղքատ մարդու մասին հեքիաթը հիշեցի՞ք: Աստված ասում է` էս ծառի տակ քանդի, ոսկի կա, կհարստանաս ու կապրես: Մարդն ասում է` ժամանակ չունեմ, գնում եմ բախտի հետեւից, բա չասացի՞ր` բախտ ես տվել, գնամ հետեւից: Աստված քմծիծաղում է եւ ձեռքերը խփում իրար: Դե ասա` հարյուր միլիոն շիշ «Նոյ» ջրով ծիրան եք ջրում, էլի, ով ունի հայի խելքը: Էլ չասած, որ 60 տոկոսն էլ կորչում է` կամ ծակ, չնորոգված ջրատարներից փախչում է հողի տակ, կամ էլ` էդ անվան տակ տալիս են մի պայմանական Բարեղամի, ձրի, կամ` մի քանի Սարյանի դիմաց, էն, որ ձերոնք ռուսերենից փոխ են առել ու ասում են` «լեւի»: Վերահսկիչ- մերահսկիչ հաշիվ չեն: Հա, դե, ապրեք` ոնց կարողանում եք: Սեւանը կդիմանա, Աստված էլ ժամանակ չունի անխելք մարդու գործերի վրա այդքան ժամ ծախսել, գնում է իր գործին: Սա` Աստծու մասով: Բացի էդ էլ` հո մեր մեծահարուստների օբյեկտները չենք թողնելու անցնեն ջրի տակ, շուն-գել` մերոնք են, թող մի քիչ էլ շահագործեն Սեւանի օբյեկտներն ու շահույթ ստանան-դուբայներում ֆռֆռան, նախանձ լինելն էլ մի բան չի: Շոգ, շոգ, շոգ: Աներես ու հիմար թշնամու նախահարձակությանը` մերոնց արժանի պատասխան, շոգին էս մի հովացնող լուրը: Ադրբեջանցիք արդեն չգիտեն ինչ են անում` շոգից Մեհրիբանի եւ Իլհամի ուղեղները հոսել-թափվել են դուրս, ու էդպես առանց ուղեղի` սեփական բնակավայրերից գնդակոծում են մեր կողմի վրա, պատասխանի վերաբերյալ միտքը չթողնելով իրենց մոտիկ: Իսկ պատասխանը հո չէր ուշանալու, հիմա մենք ի՞նչ մեղավոր ենք, որ էս երկու անուղեղն իրենց ժողովրդին էլ ափսոս չեն գալիս, իրենց երկու տարեկան երեխային, բա հո չէի՞նք թողնելու, որ բնակավայրը անվտանգության երաշխիք դարձրած դրանց ռազմական հենակետն անպատիժ գնդակոծի Արցախի սահմանը: Գոնե հետո անիմաստ չդիմեին միջազգային հանրությանը, թե հայ-հարայ, հասեք, հայերը մեզ սպանում են: Էս տեխնիկայի դարում, երբ երկրի ուղեծրի «սպուտնիկների» նկարահանող հարյուրավոր տեսախցիկներն (մեր համեստ նկարահանումները եթե քիչ են) ամեն շարժվող ու չշարժվող բանի ամեն քայլն են ֆիքսում` միթե գաղտնիք կարող է լինել, թե ո՞վ է նախահարձակը: Չէ, շոգից լրիվ են գժվել Մեհրիբանն ու Իլհամը: Նախ սադրում են հայկական կողմին` լայնածավալ հրետակոծելով մեր սահմանները հայ-ադրբեջանական շփման գծում, անգամ խփելով հրամանատարական կետի, հետո էլ հայկական կողմի պատասխան գործողություններից կորուստներ կրելով` լաց ու կականով դիմում միջազգային ատյաններ: Արդեն իսկ միջազգային ատյաններն այլեւս առաջվա էնտուզիազմով չեն ընկնում Ադրբեջանի խելքին, Մինսկի խումբը` նույնպես, չնայած` դա եւս հարաբերական է, քանի որ այդ խումբն իրենց պետությունների տվյալ պահի քաղաքականության գերին են նախ: Իսկ թե արդյոք հայկական կողմի ռազմական պատասխանը դիվանագիտությամբ ամրապնդելու նախադրյալներ են երեւում Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչների ակնարկներում (ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի ակնկալած` Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին Բաքվի համաձայնելը), կամ Շավարշ Քոչարյանի պնդումները Հ-1-ին, դեռեւս հստակություն չի երեւում: Հստակ երեւում է միայն, որ, այնուամենայնիվ, մեր խելագար հարեւանը չի հրաժարվում ռազմական փոքր ու մեծ սադրանքներից, ու մենք չենք կարող միամտվել այդ իմաստով: Իսկ որ այսքանից հետո հուլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը հայկական կողմը պատրաստ է` սա կարող է լինել այն վկայությունը, որ ոչ թե մենք, այլ հենց Ադրբեջանն է բանակցություններից հրաժարվում, ինչպես որ խորհրդարանում վերահաստատեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը : Շոգը` հա, գետնում է, բայց պատճառ չէ, որ մերոնք աշխարհի անցուդարձը չտան-առնեն, մերոնք շոգում են, հետն էլ խոսում են Մեծ քսանյակի մոտակա հանդիպումների հնարավոր հետեւանքներից, Պուտինի ու Թրամփի` այդ շրջանակում հնարավոր հանդիպման քննարկման թեմաներից, դրանց նետած ստվերներից` մեր տարածաշրջանի ու Հայաստանի վրա: Տեսնես` Արցախի հարցը, որ մյուս հարցերի համատեքստում է թաքնված, ո՞ր դիտանկյունից է նայվելու, տեսնես` հաշտվելո՞ւ են Պուտինն ու Թրամփը, թե՞ ավելի կկոշտանան միմյանց հանդեպ, առաջին դեպքում ի՞նչն են ոտատակ տալու, երկրորդ դեպքում` ինչը, ու մեր հարցերը ո՞նց են դարսվելու այդ հարցակուտակներում: Դե` «Մենք ենք... ու Ավստրիան», ո՞նց չքննարկենք այս բոլորը: Շոգը մտել է խորհրդարան ու երեկ սողոսկում էր խոսափողներից, քվեարկության կոճակներից` մինչեւ լրագրողների անօդ ու փակ ռեզերվուարներ (Հովիկ Աբրահամյանից ա՛յս «նվերը» մնաց լրագրողներին` կարելի է շնչահեղձ լինել ԱԺ դահլիճին նայող երկու փակ խցիկներում): Արդարացումների մի ողջ շարան` անցած տարվա բյուջեի կատարողականի վերաբերյալ. եկամուտներն ավելի քիչ են եղել, քան նախատեսված էին ծախսերով, բայց կարեւորը` սեկվեեեե՜ստր (այսինքն`բյուջեի ծախսերի կրճատում) չի եղել, բոլոր շերտերը ստացել են իրենց հասանելիք գումարները, բյուջեն էլ մի կերպ կատարվել է: Դրսի վարկերը ողջ լինեն, ներքին պարտատոմսերն էլ մյուս կողմից, ծակերը փակել են-գնացել է, էլի, մի կերպ պակասուրդը ֆինանսավորվել է, ու եկել-հասել ենք այս շոգի մեջ անցած բյուջեի կատարողականի քննարկմանը: Ընդհանրապես` երկու տարի շարունակ ծրագրածից բարձր պակասուրդ է եղել վերջին երկու բյուջեներում` պետական պարտքը 14 տոկոսով աճել է` 6 միլիարդ դոլարին մոտենալով, իսկ ավելի ստույգ` 5 մլրդ 942 մլն դոլար կազմելով, որը ՀՆԱ-ի 56,7 տոկոսն է ընդամենը, վտանգավոր 60 տոկոսին չի հասել: Բայց մակրոտնտեսական ցուցանիշները հո կայուն ենք պահել: Մի խոսքով` հանգստացեք, շատ վտանգավոր չէ մեր պետական պարտքը, ֆինանսների նախարարն է ասում, վտանգավորության սամանը չենք անցել, միջին պարտքի բեռ ունեցող երկրների ցուցանիշն էլ չենք անցել անգամ, դեֆոլտը... հեռու է, ու դեռ կարելի է պարտք վերցնել, բա: Բայց որ շուրջ 6 միլիարդ դոլար պարտքի աճը մի քանի անգամ ավելի է կազմել վերջին երկու տարում, քան ՀՆԱ-ի աճը` դե իհարկե կառավարությանն ու ֆինանսների նախարարին շատ, շատ է մտահոգում, բայց պատկերավոր ասած` հո չենք կարող մինչեւ Սեւան առանց ավտոմեքենայի, ոտքով գնալ, կյանքը շարունակվում է: Կենսամակարդակ չի փոխվել` 0,2 տնտեսական աճ է ֆիքսել կառավարությունը, 0-ի կողքին դրված աճն անհասկանալի է: Աճ չի եղել, ասեք` չի եղել, էլի, 0-ի աճը որն է: Ձգել ենք ռետինը` զրոյական աճով, համարձակ ասեք: Ընդամենը: Շոգն էլ ամեն ինչ ընդունելի կդարձնի: Ընդդիմությունն էլ շանս կստանա խոսելու Շվարցի հրեշի տեսքով տնտեսության բկին նստած մոնոպոլիստների մասին` պահանջելով ապամոնոպոլացնել տնտեսությունը, ստվերը բերել հարկային դաշտ: Կամ կասի` Ազգային ժողովը Սիրահարների այգին չէ, որ չքննադատենք: Ու այդպես կգնանք առաջ`դեպի 2017 թվականի 0,1 տոկոսանոց աճով բյուջեի կատարողականի քննարկում: Հ.Գ.- Երեկ ուշագրավ բան տեղի ունեցավ խորհրդարաում: Սովորական, անհավես, շոգից թալկացած` պատգամավորները քննարկում էին 2016 թվականի բյուջեն, ու թվում էր` ոչ մի էական բան տեղի չի ունենա, բացի «Ծառուկյան դաշինքի» մի քանի` կառավարությանը մշտապես սուր քննադատող ելույթներից, հայտնի դրդապատճառներով: Բայց մի հեռագնա բան, այնուամենայնիվ, տեղի ունեցավ: Նախ հիշեցնենք, որ կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս, որոշ ժամանակ առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հարցին, ասել էր, թե ինքը չկա Սերժ Սարգսյանին վարչապետ աշխատել համոզողների թվում: Կատարողականի քննարկման ծույլ ընթացքն անսպասելի ընդմիջելով քաղաքական ելույթով` երեկ նույն Նիկոլ Փաշինյանը նկատեց, թե իր ղեկավարած ուժն էլ չկա Սերժ Սարգսյանին վարչապետ աշխատել համոզողների թվում: Սա չիմացողը կարող է ընդամենը պատկերավորության օրինակ համարել: Մինչդեռ կուլիսներում սողացող խոսակցություն կա այն մասին, թե արդյոք Կարեն կարապետյանը կարո՞ղ է դառնալ ընդդիմությանը միավորող եւ իշխանության ներկա ստատուս- քվոն փոխող անձ կամ կենտրոն: Փաստորեն` այս սողացող խոսակցություններն այնքան էլ առարկայազուրկ չեն: Արդյոք Փաշխնյանի ասածի մեջ Կարապետյանի շուրջ համախմբվելու ակնա՞րկ կար: |