ԶԱՀՐԱՅԻ ԷՋԸ ՓԱԿՎԵՑ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ, Ստեփանակերտ Հուլիսի 4-ին Ալխանլու գյուղում անհայտ հանգամանքներում սպանված երկամյա Զահրա Գուլիեւայի շուրջ քարոզչության բարձրակետ, հավանաբար, պիտի համարել Լեյլա Ալիեւայի` Իլհամ Ալիեւի դստեր, հեղինակած «բանաստեղծությունը», որի հիման վրա իշխանության հպատակ ինչ-որ մի ռեժիսոր արդեն իսկ «փաստավավերագրական ֆիլմ» է նկարահանում: Տրամաբանությունը հուշում է, որ Լեյլայի հովանու ներքո կազմակերպվելու է «ֆիլմի» շնորհանդես, տեսաժապավենը շրջելու է արտերկրում Ադրբեջանի բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններով: Բայց իրականության մեջ երկամյա Զահրայի էջը փակվել է ոչ միայն ֆիզիկապես: Ադրբեջանում նրան արդեն մոռացել են եւ անցել այլ թեմայի: «Մեզ նման սփյուռք հարկավոր չէ»,- Զահրայի մահվան առթիվ արտերկրում բնակվող ադրբեջանցիների անտարբերության առթիվ հայտարարել է Միլլի մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան: (https://haqqin.az/news/104917) «Ալխանլուի ողբերգության վերաբերյալ ոչ համարժեք արձագանքը վկայում է, որ անհրաժեշտ է փոխել ադրբեջանական սփյուռքի բովանդակությունը եւ ձեւը»,- կարծում է նա եւ քննադատության սլաքներն ուղղում նաեւ արտերկրում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնք «միայն լավ հանգստանում եւ շոպինգ են անում», եթե տարեկան ընդամենը մեկ-երկու միջոցառում են կարողանում կազմակերպել. «Տասը-տասնհինգ հոգի հավաքվում են Խոջալուի օրվա, հունվարի 20-ի կամ Նովրուզի տոնի առթիվ, եւ ամեն ինչ դրանով էլ ավարտվում է»: Երեւույթն արժանի է խորքային իմաստավորման: Բայց այստեղ հարկ է գնահատել, թե ինչպես է ադրբեջանական հասարակությունն արձագանքել Զահրայի մահվանը: Կարելի է ասել` հիմնականում անտարբերությամբ: Նույնիսկ այն դեպքում, երբ երիտասարդության հարցերի նախարարությունն էր հանդես եկել նախաձեռնողի դերում, Ադրբեջանի իշխանություններին չի հաջողվել Բաքվում եւ այլուր քիչ թե շատ աչքի զարնող ցույց, հանրահավաք կազմակերպել: Տապալվել է նաեւ արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելու փորձը: Մոսկվայում, մասնավորապես, Հայաստանի դեսպանատան դիմաց բողոք է արտահայտել ընդամենը... մեկ ադրբեջանցի: Եւ այս դեպքում հասարակությանը կամ «ադրբեջանական սփյուռքի» կառույցներին մեղադրելու կարիք չկա: Հասարակությունը կարող է լռելյայն ընդունել հուլիսի 4-ի միջադեպի իշխանական վարկածը, բայց եւ թույլ չտալ, որ իրեն վերջնականապես հիմարի տեղ դնեն: Դա վկայում է, որ ադրբեջանական հասարակությունը գերազանց գիտի, թե իրականում ինչ եւ ինչպես է տեղի ունեցել: Հասարակության անտարբերությունը մեղադրանք է իշխանություններին, որոնց խղճին է ծանրացած աղջնակի մահվան պատասխանատվությունը: Ադրբեջանցիների գերակշիռ մեծամասնությունն իշխանություններին մեն-մենակ է թողել կատարվածի հետ, իր վրա պատասխանատվություն չի վերցրել ոչ կատարվածի, ոչ հետագա հնարավոր զարգացումների համար: Կա նաեւ երկրորդ` «ադրբեջանական սփյուռքի» հանգամանքը: Գաղտնիք չէ, որ արտերկրում ադրբեջանական կառույցներ եւ կազմակերպություններ ստեղծվել են որպես հայկական Սփյուռքի հակակշիռ: Ամեն ինչ արվել է պետական մակարդակով եւ այդ կառույցների կարիքները հոգում է Ադրբեջանի կառավարությունը: Փաստացի դրանք երկրորդ դիվանագիտական ներկայացուցչություններ են, որոնց առջեւ դրված է կեցության երկրներում հասարակական կարծիք ձեւավորելու եւ քաղաքական լոբբիինգ իրականացնելու խնդիր: Բայց Ադրբեջանում չեն հասկանում, որ հայկական Սփյուռքը ձեւավորվել է օրինաչափորեն` Ցեղասպանությունից հետո: Փաստի վերաբերյալ միջազգային կարծիքն այնքան աներկբա է եղել, որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, արաբական աշխարհի երկրները հայկական կազմակերպությունների գործունեությունը ճանաչել են, իսկ տեղի հասարակությունները, քաղաքական եւ այլ շրջանակներ` աջակցել` որպես մարդկային գթասրտության դրսեւորում: Համեմատել Հայոց ցեղասպանությունը Խոջալուի դեպքերի հետ եւ հույս պահել, թե միջազգային վերաբերմունքը կարող է հավասարակշռված լինել, խարդախամտություն է, ինչի դեմ ըմբոստանում է որեւէ երկրի հասարակական կարծիք: Անհնար է հակամարտության գոտում երկամյա երեխայի մահը ներկայացնել իբրեւ «հայկական ֆաշիզմի վկայություն», «դիտավորյալ սպանություն»: Համաշխարհային հանրությունը գիտի, որ ԼՂ հարցը լուծված չէ, զորքերի շփման գծում պարբերաբար խախտվում է հրադադարը: Ավելին, իր կեցվածքով Ադրբեջանն այնպիսի մթնոլորտ է ձեւավորել, որ շփման գծում յուրաքանչյուր միջադեպ ընկալվում է որպես նրա կողմից նախահարձակ գործողություն: Այդպես է իրականում, այդպիսին է նաեւ միջազգային ընկալումը: «Պատերազմն ավարտված չէ, մենք պատրաստ ենք ուժով վերադարձնել կորցրածը»,- սա է ադրբեջանական կողմի պետական քարոզչությունը, որին ենթարկվում են նաեւ արտերկրի կառույցները: Նման իրավիճակում անհնար է ներկայանալ զոհի, տուժածի, բռնության ենթարկվածի կերպարով: Մի երկիր, որը սպառազինվածության մակարդակով աշխարհում 59-րդն է, չի կարող միաժամանակ ե՛ւ սպառնալիքներ հնչեցնել ե՛ւ ընդունվել որպես «հայկական ագրեսիայի ենթարկված»: Հուլիսի 4-ին Ադրբեջանը կիրառել է ուժ եւ ստացել պատասխան հարված: Սա է միջադեպի միջազգային ընկալումը: Զահրա Գուլիեւայի մահը դիտարկվում է այս միջակայքում: Ադրբեջանի փորձերը` միջազգային կարծիք ստեղծելու, որ քաղաքացիական բնակչությունը ենթարկվում է հայկական կողմի հարձակումներին, ձախողվել են: Անգամ ներքին կյանքում աղջնակի մահը բողոքի բուռն ալիք չի բարձրացրել: Զահրայի էջը փակվել է նաեւ քարոզչական իմաստով: Շատ շուտով նրա մասին առհասարակ կմոռանան: Սա պետք է ադրբեջանական հասարակության համար ցավալի ազդակ լինի եւ ապացույց, որ իշխող վարչախումբը նախանձախնդիր է ոչ թե մարդկանց անվտանգության ապահովմանը, այլ` իրավիճակի հետեւողական սրմանը, որպեսզի քաղաքական նպատակների սպասարկման եւս մեկ առիթ ունենա: Բայց կատարվածը պետք է իշխանությունների համար էլ դաս լինի: Չկա երաշխիք, որ ադրբեջանական հասարակությունը մշտապես դատապարտված է լռության, նա մի օր կարող է պոռթկալ եւ իր ողբերգության համար հաշիվ պահանջել: Ամբոխների լռությունը շատ վտանգավոր է: |