ՄԵԿԴԱՐՅԱ ԲԵՂՄՆԱՎՈՐ ԿՅԱՆՔ ՀԺՄ նախագահ` ԱՍՏՂԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ Լրացավ ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, ազգային մամուլի ճանաչված երախտավոր Էդվարդ Շահիրյանի 90 տարին: Նա միակն է մեր հանրապետությունում, որ ավելի քան կես դար անընդմեջ աշխատել է հանրապետության մայր թերթի խմբագրությունում` 24 խմբագիրներից 12-ի հետ, հանդես գալով սուր եւ սկզբունքային հարցադրումներով, ֆելետոններով, հրապարակախոսական հոդվածներով, էսսեներով, ակնարկներով, իրավական բնույթի նյութերով, երգիծական մանրապատումներով: Լինելով Երեւանի պետական համալսարանի նախ բանասիրական, այնուհետեւ իրավաբանական ֆակուլտետների շրջանավարտ, Շահիրյանը եզակի հարցազրույցներ է վարել գիտության մեծահռչակ երախտավորների` Հրաչյա Աճառյանի, Արսեն Տերտերյանի, Գրիգոր Ղազարյանի, Արարատ Ղարիբյանի հետ, լուրջ ավանդ ներդնելով նրանց կյանքն ու գործունեությունը հանրության սեփականությունը դարձնելու գործում: Լրագրողի բեղմնավոր գործունեությանը զուգահեռ նաեւ գրական փորձեր է կատարել: Էդվարդ Շահիրյանը այսօր էլ ապրում է լիարժեք կյանքով` մամուլից, գրականությունից անբաժան: Շնորհավորում եմ վաստակաշատ լրագրողի 90-ամյակը եւ մաղթում ամենայն բարիք: |