ԱՆՋԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ Պ.Ք. Աշխարհում կաճի չճանաչված պետությունների թիվը Կատալոնիայի հանրաքվեից հետո Եվրոպայում նկատվում է անջատական շարժումների աշխուժացում: Մասնավորապես Իտալիայի հյուսիսի երկու առավել զարգացած մարզերումՙ Լոմբարդիայում եւ Վենետոյում հոկտեմբերի 22-ին անցկացվեցին հանրաքվեներ հանուն ֆինանսական ինքնավարության ընդլայնման: Իտալիայի բնակչության մեկ քառորդն ապրում է այդ մարզերում, որոնք տալիս են երկրի ՀՆԱ 30 տոկոսը: Նախնական տվյալներով Լոմբարդիայում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 40 տոկոսը, Վենետոյումՙ 60 տոկոսը: Երկու մարզերում էլ հանրաքվեի մասնակիցների 95 տոկոսն արտահայտվել է ֆինանսական ինքնավարության օգտին, քանի որ այդ մարզերը Հռոմին տալիս են ավելի շատ, քան ստանում են: Իսպանիայում Կատալոնիայի անկախության բացահայտ հռչակման դեպքում Մադրիդը կարող է երկրի սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն վերացնել Կատալոնիայի ինքնավարությունը, արձակել խորհրդարանը, հայտարարել արտակարգ դրություն եւ այլն: Իսպանիայի կառավարությունը կարող է կիրառել անջատականության կասեցմանն ուղղված սովորական միջոցներ, որպիսիք արդեն կիրառվել են հետխորհրդային տարածքումՙ Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդավիայում, հիմա նաեւ Ուկրաինայում: Նրանք բոլորը կորցրել են իրենց երբեմնի տարածքների մի մասի վերահսկողությունը: Խնդիրն այն է, որ այդ երկրները փորձում են շեշտը դնել Եվրոմիության վրա, որպեսզի հասնեն իրենց տարածքային ամբողջականության վերականգնմանը: Ինչպես նշում է Deutsche Welle ռադիոկայանը, Կատալոնիան կարող է առաջին ահազանգը դառնալ Եվրոմիության համար: Ավելի լայն ինքնավարության են ձգտում Շոտլանդիան, Հարավային Տիրոլը, Ալանդյան կղզիները, Ֆլանդրիան, գուցե նաեւ Բավարիան: Ինչպես նշում է գերմանական ռադիոկայանի մեկնաբան Բեռնդ Ռիգերտը, որոշ տարածաշրջաններ ձգտում են ոչ թե անկախության, այլ լոկ ավելի լայն ինքնավարության: Ուրիշներն էլ, ինչպես Շոտլանիան եւ Կատալոնիան, ձգտում են անկախության: Պատահական չէ, որ Եվրոպացի որոշ քաղաքական գործիչներ հանդես են գալիս Եվրոմիությունը «Տարածաշրջանների Եվրոպա» դարձնելու կոչերով: Գոյություն ունեն նման հայեցակարգի մշակումներ: Եթե շարունակենք նմանությունների որոնումը Եվրոպայի եւ հետխորհրդային տարածքի այսպես կոչված անջատական շարժումների միջեւ, ապա ակնհայտ է ժամանակագրական որոշակի խզում: Հետխորհրդային տարածքում անջատականության առաջին ալիքը ի հայտ եկավ Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդավայի եւ Ուկրաինայի ազգայնական քաղաքականության ալիքի վրա: Չնայած Ռուսական կայսրության եւ ապա ԽՍՀՄ-ի կազմում լինելուն, դրանցում կատարված հեղաշրջումները հանգեցրին էթնիկ-ազգային եւ դավանանքային հակամարտությունների: Ըստ որում, այդ հանրապետություններում դեռ չէր ավարտվել հենց անվանադիր ազգի ձեւավորումը: Ավելին, ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, իրենց տարածքի մի մասը կորցրած հետխորհրդային հանրապետությունները չգնացին ժողովրդավարացման, ազգային փոքրամասնությունների քաղաքական կարգավիճակի բարձրացման եւ իրավունքների ընդլայնման ուղիով: Գործի դրվեցին ազգամիջյան հակամարտությունների կարգավորման ավտորիտար եւ ուժային մեթոդներ: Ադրբեջանում խաղարկվեց թյուրքական ազգայնամոլական խաղաքարտը եւ անտեսվեցին Լեռնային Ղարաբաղի հայերի ձգտումները: Համանման գործընթացներ տեղի ունեցան Վրաստանում, Մոլդավիայում, Ուկրաինայում: Որտեղ ազգայնականությունը դրսեւորվեց «յուրայիններին» «օտարներից» զատելու մեջ: Սա է հետխորհրդային անջատականության սկզբունքային տարբերությունը եվրոպականից, թեեւ Եվրոպան նույնպես հայտնվել է սեփական աջատականների դեմ ուժային մեթդների կիրառման եզրին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, այնտեղ 1990-ականներին հաջողվեց կանխել շրջանային անջատականության փորձերը: Չի կարելի բացառել, որ անջատականությունները հետխորհրդային տարածքում, Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում սկսեն շարժվել միմյանց ընդառաջՙ ունենալով միջազգայնացված հակամարտությունների սեփական «ուղեբեռներ»: Այս կապակցությամբ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ տեղի ունեցող երեւույթները մտահոգիչ են, քանի որ Կատալոնիայում եւ այլուր քաղաքական կարգավորմանը միջամտելու համար Եվրոմիությունը չունի համապատասխան կառույցներ: Եվրոմիությունում ձեւավորվող քաղաքական նոր իրավիճակը հետխորհրդային տարածքի հետ դրա աղերսների տեսակետից լուրջ վերլուծության կարիք ունի, նշում է ռուս պատմաբան Ստանիսլավ Տարասովը : Առայժմ կարելի է կատարել նախնական հետեւություններ. հակամարտությունների ասպարեզ դարձած յուրաքանչյուր պետության մեջ առկա է կենտրոնական կառավարման ճգնաժամ: Կենտրոնը, լինի Մադրիդը թե հետխորհրդային որեւէ մայրաքաղաք, բաց է թողել ազգային ինքնության ձեւավորման գործընթացին նպաստելու հնարավորությունը: Ամբողջ Եվրոպայում ազգային ինքնորոշմանն ուղղված անջատականության ալիքը Իսպանիայից մինչեւ Դոնբաս եւ Շոտլանդիայից մինչեւ Կովկասՙ ահագնանում է: Հիմա դժվար թե հաջողվի այն կանգնեցնել միայն իրավաբանական միջոցներով: |