ՉԵԽԱՀԱՅ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԸ ՀԱՂԹԵՑ ԹՈՒՐՔ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԶՈՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, «ՕՐԵՐ» ամսագիր, Պրահա Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա» Ինթերնեշընլ ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց գերմանական հանրահայտ Dr.Oetker ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշինՙ նույն անվանումով ու տեսքով: Ինչպես ՕՐԵՐ-ին տված հարցազրույցում ասաց ընկերության սեփականատեր Գեւորգ Ավետիսյանը, դեռեւս 2016 թվականի վերջին Թուրքիայում գործող իրենց առեւտրային գործընկերները ահազանգել են, որ խանութներում եւ մեծ սուպերմարկետներում հայտնվել է «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշինՙ Dr.Oetker ապրանքանշանով: Ավելին, նույնիսկ համացանցով եւ հեռուստատեսությամբ տրվել են «Մառլենկա» տորթի պատրաստման եղանակների տեսահոլովակները: «Այս փաստը մեզ շատ զարմացրեց, քանի որ նման հանրահայտ ընկերության կողմից այսպիսի կեղծիք չէինք սպասում: Անմիջապես կապվեցինք Բռնոյում գործող մեր գործընկեր փաստաբանական գրասենյակի հետ, նրանց խորհրդով նաեւ կապ հաստատեցինք Թուրքիայում գործող GUN փաստաբանական ընկերության հետ, եւ անմիջապես լծվեցինք կատարված կեղծիքի բացահայտմանը: Նախեւառաջ ներկայացնելով բոլոր անհարաժեշտ փաստաթղթերը, պահանջեցինք, որպեսզի շուկայից հանվեն «Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու բոլոր տուփերը: Dr.Oetker-ի Թուրքիայի ներկայացուցչությունը այս ողջ ընըացքում փորձում էր ձգձգել հանդիպումները, եւ գրեթե 5 ամիս չէինք կարողանում վերջնական պայմանավորվածության գալ: Միայն երբ զգուշացրինք, որ դատական գործ կհարուցենք, անմիջապես սեղանի շուրջ նստեցին եւ ստորագրեցին մեր ապրանքանիշային իրավունքը խախտելու մասին համաձայնագիրը: Արդյունքում 16 հազար եվրո տուգանք վճարեցին, որից 13 հազարը գնաց փաստաբանների աշխատանքի վարձատրմանը: Այսպիսով, մեկ տարի անց մենք կարողացանք հաղթել Dr.Oetker-ի թուրքական ներկայացուցչությանը եւ ստիպեցինք շուկայից հանել կեղծ «Մառլենկա»ները,- ասաց մեզ հետ զրույցում Գեւորգ Ավետիսյանը: Ի դեպ, նշենք, որ սա «Մառլենկան» կեղծելու առաջին դեպքը չէ: Տարիներ առաջ ընկերությունը հաղթեց չեխական մի այլ ընկերության, որը անվան չնչին տարբերությամբ «Մառլենկա» տորթեր էր արտադրում, իսկ Չինաստանում երեք տարի առաջ հաղթեց մի ընկերության, որը նույն անունով թխվածքը ոչ միայն արտադրում էր, այլեւ փորձում էր խոչընդոտել իրական «Մառլենկա» թխվածքի մուտքը չինական շուկա: Սակայն այս պատմության մեջ հետաքրքրականն այն է, որ Dr.Oetker համաշխարհային գիգանտ համարվող ընկերությունը, որի կենտրոնատեղին գերմանական Բիելֆելդն է, ունի մոտ 400 ընկերություն եւ 30 հազար աշխատակից, իրեն թույլ է տվել նման կեղծիքի գնալ: Ամեն դեպքում, փաստաբաններն այն կարծիքին են, որ առանց գլխամասային ընկերության գիտության, դժվար թե թուրքական մասնաճյուղը նման քայլի դիմեր: Հոկտեմբերի 13-ին ստորագրված պայմանագրով, Dr.Oetker-ի թուրքական մասնաճյուղը պարտավորվել էր ոչ միայն շուկայից հանել բոլոր տեսակի «Մառլենկա» անվանումով թխվածքի փոշու տուփերը, այլեւ ապագայում բացառել դրա արտադրությունը: Այսպիսով սա հայ գործարարի առաջին հաղթանակն է Թուրքիայի տարածքում, եւ հատկանշական է այն առումով, որ այժմ այս բացահայտումից հետո, գերմանական մի այլ ընկերություն ցանկանում է օրինական պայմաններով նման թխվածքի փոշի արտադրելՙ ստանալով «Մառլենկա» ընկերության հավաստագիրը: Ի դեպ, Գեւորգ Ավետիսյանի ջանքերով 2014 թվականիցՙ 100-ամյակի նախօրյակին, Հայոց ցեղասպանության թեման մտավ չեխական կրթական համակարգի մեջՙ «Մոդեռնի դեյինի» (Արդի պատմություն) կայքէջի միջոցով, որ նախատեսված է հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: Հիշեցնենք, որ «Մառլենկա» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին չեխական Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում հայ գործարար Գեւորգ Ավետիսյանի կողմից, եւ 14 տարիների ընթացքում դարձել է մեղրով թխվածքի ամենախոշոր արտադրությունը Եվրոպայում: Տարեկան արտադրվում է մոտ 2 միլիոն տորթ, գրանցելով 20 տոկոսի աճ: Իսկ ընդհանուր տեսականու արտադրանքի քանակը անցնում է 7 միլիոնից եւ տարածվում է աշխարհի 44 երկրներում: «Մառլենկան» ճանաչվել է Չեխիայի լավագույն ընկերություններից մեկը: www. orer.eu Նկար 1. Գեւորգ Ավետիսյան, Նշան Ավետիսյան |