ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՄԱՐՏԻՐՈՍ ԳՅՈՒՂՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԼՈՒՍԱՎՈՐՎԵԼ Է Ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող եւ պատմամշակութային արժեքներով հարուստ Վայոց Ձորի սահմանամերձ Մարտիրոս գյուղը 1990-ական թվականներից մնացել էր մութ փողոցներով: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքումՙ իրավիճակն արմատապես փոխվել է: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, դեռեւս 2016թ.-ի աշնանը Մարտիրոսում տեղակայվել էր 52 LED լուսարձակՙ լուսավորելով 1716մ երկարությամբ տարածք: Ընթացիկ տարում, ծրագրի երկրորդ փուլով, էներգախնայող արտաքին լուսավորության LED լուսարձակների թիվն ավելացել է եւս 38-ով, ինչի արդյունքում լուսավորվել է գյուղն ամբողջությամբ: Լուսավորվել է նաեւ հին գյուղի տարածքը, որտեղ գործող եկեղեցին այսօր էլ այցելուներ ունի: Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ գյուղի բնակիչները: «Ժամանակի եւ հանգամանքների բերումովՙ մայրաքաղաքի եւ հատկապես սահմանամերձ գյուղերի զարգացման տեմպերի միջեւ մեծ տարբերություն է արձանագրվել: Դա խանգարում է երկրի համաչափ զարգացմանը: Գործընկեր կառույցի հետՙ տարբեր ծրագրերով, տարիների մեր ջանքերն ուղղել ենք մարզերում ենթակառուցվածքների զարգացմանը: Ուրախ ենք արձանագրել, որ այս գյուղում եւս արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել էՙ ապահովելով բնակիչների անվտանգությունը: Դա ամենակարեւոր, սակայն միակ առավելությունը չէ. համայնքում Էներգախնայող համակարգի տնտեսական արդյունավետությունը կարող են գնահատել առաջիկայում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Բնապահպանական եւ էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է բյուջետային համեստ միջոցներ ունեցող գյուղերի համար: Այսպիսի համակարգի օգտագործումը 80 տոկոսով նվազեցնում է էներգիայի ծախսըՙ թեթեւացնելով համայնքի ֆինանսական բեռը: Տնտեսված գումարները կարող են նպատակաուղղվել այլ խնդիրների կարգավորմանը: Լուսատուները գյուղի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: |