RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017



Տեղադրվել է` 2017-11-02 22:17:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 7132, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԵԼ-ԱՎԻՎԸ ԵՎ ԷՐ-ՌԻԱԴԸ ՎԵՐԱԾՆՈՒՄ ԵՆ ԲԱՂԴԱԴԻ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ

Պ.Ք.

Նոր երթուղին կարող է դառնալ Սուեզի այլընտրանքը

Հոկտեմբերի 24-ին սաուդյան արքայազն Մոհամմադ բին Սալմանը հայտարարեց Հորդանանի ու Եգիպտոսի սահմանագծին NЕОМ արդյունաբերական եւ գործարար կենտրոն ստեղծելու նախագծի մասին: Այն կկառուցվի Կարմիր ծովի եւ Աքաբա ծոցի ափին, ինչը ենթադրում է Սուեզի ջրանցքի փոխադրական հնարավորությունների օգտագործում: Նախաձեռնության պաշտոնական նպատակը Սաուդյան Արաբիայի պետբյուջեի կախման նվազեցումն է նավթային եկամուտներից: Պատահական չէ, որ քաղաքի հայեցակարգը կառուցվում է քամու եւ արեւի էներգիայի օգտագործման վրա:

«NЕОМ-ը գտնվում է աշխարհի խոշորագույն մայրուղիների վրա: Իր ռազմավարական դիրքի շնորհիվ քաղաքը մոտ ժամանակներս կդառնա Ասիան, Եվրոպան եւ Աֆրիկան միացնող կցակետ», հայտարարել է սաուդցի գահաժառանգ իշխանը, որի խոսքը մեջբերում է Reuters գործակալությունը:

NЕОМ նախագծի գործադիր տնօրեն է նշանակված գերմանացի գործարար Կլաուս Քլայնֆելդը, որն անցյալում եղել է Siemens AG-ի եւ Citigroup-ի ղեկավարներից մեկը: Նոր քաղաքի արժեքը գնահատվում է 500 մլրդ դոլար: 26,5 հազար քառ. կմ մակերեսով տարածքում կտեղաբաշխվեն էներգետիկայի, ջրային ռեսուրսների, կենսատեխնոլոգիայի, սննդարդյունաբերության, թվային արտադրությունների, ԶԼՄ-ների եւ զվարճանքի օբյեկտներ:

Ֆինանսական տեսակետից խնդիրը անչափ բարդ է նույնիսկ Էր-Ռիադի համար, որը սեպտեմբերին 12,5 մլրդ դոլար պարտատոմսեր վաճառեց բյուջեի պակասորդը փակելու համար: Այնպես որ NЕОМ-ը արտաքին ներդրումներից կախված կլինի ավելի մեծ չափով, քան սաուդյան որեւէ այլ նախագիծ: Ի դեպ, Amazon-ը, Alibaba-ն եւ Airbus SE-ը արդեն բանակցություններ են սկսել սաուդցիների հետ:

Էր-Ռիադը 2017-ի ամռանը Եգիպտոսից գնեց Տիրան եւ Սանաֆիր կղզիները, որոնք Կարմիր ծովը անջատում են Աքաբայի ծոցից:

Եգիպտական Mobtada հրատարակության բնորոշմամբ, «Տիրան եւ Սանաֆիր կղզիները ռազմավարական նշանակություն ունեն եւ կարեւոր միջանցք են դեպի Հորդանանի Աքաբա եւ Իսրայելի Էյլաթ նավահանգիստները»:

Այսինքն, քաղաքական եւ տնտեսական առումներով NЕОМ-ը ձեռնտու է Իսրայելին եւ Հորդանանին, բայց թուլացնում է Սուեզի ջրանցքի տարանցման մենաշնորհը, քանի որ մեծացնում է միջազգային ներդրողների հետաքրքրությունը Էլաթ-Աշդոդ երկաթգծի նկատմամբ: Հատկանշական է, որ «Իսրայել-Քուվեյթ» եւ «Իսրայել-Սաուդյան Արաբիա» երկաթգծերի դեպքում հաղորդակցությունները գրեթե պատրաստ են: Մնում է երկաթգծի տեղամասեր կառուցել Հորդանանի տարածքում:

Դեռ հարյուր տարի առաջ օսմանյան կառավարությունը այդ գծի կառուցուցումը սկսել էր, Գերմանիայի օգնությամբ, Բաղդադի երկաթուղու շրջանակներում, բայց աշխատանքը դադարեցվել էր Փարիզի եւ Լոնդոնի ջանքերով, որոնք հաղթել էին կայզերական Գերմանիային: Սակայն Վերսալի կոնֆերանսում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Լլոյդ Ջորջը եւ Ֆրանսիայի նախագահ Ժորժ Կլեմանսոն այդպես էլ համաձայնության չէին եկել բաժնեմասերի հարցում: Քիրքուկի հետ կապված նավթային վեճը բաժանել էր նրանց: Ուստի Առաջին աշխարհամարտից մինչեւ «արաբական գարուն» նախագիծը մոռացության էր մատնվել բոլորի կողմից, բացի հայերից, որոնք տասնյակ հազարավոր երիտասարդներ էին կորցրել Առաջին աշխարհամարտում:

Միայն 2015-ին Shanghai International Port Group-ը հաղթեց Հայֆայի նոր նավահանգստի կառուցման մրցույթում, որը ըստ Nikkei Asian Review գործարար հրատարակության, պարտավոր է շահագործման հանձնել միչեւ 2021 թվականը: Իսկ ս.թ. հոկտեմբերին Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը Ճապոնիային առաջարկեց մասնակցել հրեական պետության ենթակառույցային նախագծերին:

Իսրայել Կացը վերոհիշյալ հրատարակությանն ասել է. «Այս նախաձեռնությունը այլընտրանք կստեղծի Արեւելք-Արեւմուտք բեռնափոխադրումների համար, այլընտրական երթուղի, որը կլինի ավելի կարճ, արագընթաց, ապահովՙ նկատի ունենալով իրանական վտանգը Պարսից ծոցում, Օրմուզի նեղուցում եւ Կարմիր ծովում»: Այսպիսին է սաուդյան NЕОМ նախագծի եւ դեպի Իսրայել-արաբական աշխարհ երկաթգծի կապը: Թել-Ավիվը եւ Էր-Ռիադը Բաղդադի երկաթուղին վերածնում ենՙ Չինաստանի եւ Եվրոմիության հետ դաշն կնքած:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 03-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ