ԿԱՐԵՎՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՙ ԳՆԱՀԱՏԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ 2011 թվականից ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում գտնվող խոցելի խմբի ուսանողներից շատերն իրականացրել են բուհում սովորելու իրենց երազանքը: Ուսումնական ութ տարվա ընթացքում, ուսման վարձի հատուցման ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունըՙ մասնագիտական կրթության ապահովման, սոցիալական աջակցության եւ նպատակասլացությունը որպես կամային որակ փոխանցելու առումով: Քսաներկու բուհի հետ գործակցության ընթացքում, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կատարել է ավելի քան 721մլն դրամի ներդրումՙ շուրջ 750 ուսանողի ուսման վարձը վճարելու նպատակով: Ծրագրի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ն այժմ գործակցում է 15 բուհի հետ: Թեեւ արդեն շուրջ երկու տարի նոր շահառուներ այլեւս չեն ընդգրկվում, սակայն կազմակերպությունը կես ճանապարհին չի թողնում ծրագրում ընդգրկված եւ ակադեմիական տարին սահմանված չափորոշիչներով ավարտել ձգտող ուսանողներին: 2017 թվականի ամռանը բուհն ավարտել է ծրագրում ընդգրկված 79 ուսանող: Բազմաթիվ շրջանավարտներ արդեն աշխատում են տարբեր բնագավառներումՙ հաղթանակի իրենց ճանապարհին կարեւոր համարելով ինչպես սեփական կամքն ու վճռականությունը, այնպես էլ աջակցող կազմակերպության դերը. նրանցից շատերը պատրաստ են առաջնորդվել հոգածության եւ պատասխանատվության այն օրինակով, որի դրական ազդեցության կրողն են դարձել իրենք: Ուսման վարձավճարների հատուցման ծրագրի նպատակը մասնագիտական բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացումն ու սոցիալական անարդարության հաղթահարումն է: |