RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2017-12-15 11:18:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 8062, Տպվել է` 21, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՂԱԶՆԻԿ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ (ՉԱՈՒՇ) - ՀԱՅԿԱԶՈՒՆ ԶՈՐԱԿԱՆԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ

ՍԵՐԺ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արցախի ազատագրության համար պայքարի ելած մեր առաջին կամավոր նվիրյալների հետ նա ամենուր էր` սահմանամերձ Կոռնիձորում, ապա` Երասխում, հետո` Ոսկեպարում... անվա՜խ, աներկյուղ միշտ այնտեղ` արյունալի բախումների թեժ հորձանուտում: Նա արդեն իսկ ապրող լեգենդ էր մեր կողքին...

Բնապարգեւ էր ազգընտիր դյուցազնի նրա վեհանձն կերպարանքը. ասես հենց այդ հագուկապով էր լույս աշխարհ եկել, կյանքի ուղեծիր ելել` վսեմական, առյուծաբաշ ճակատով, Անդրանիկ զորավարին վայել բեղերով, զինական այրի ձիգ ու խրոխտ կեցվածքով, անբաժան ինքնաձիգով... Հայկորդուն հատուկ ազնիվ դիմագծերով ու արդար լուսաժպիտով հերոսը հենց այդպես էլ այսօր անքթիթ հայացքով մեզ է նայում գրքերի, պարբերականների էջերից, էկրաններից, զորամասերում ու զինվորական թանգարաններում զետեղված դիմապատկերից:

Իսկ ե՞րբ, որտե՞ղ եւ ո՞վ է հավիտենացրել այդ տպավորիչ դիմապատկերը:

... 1990-ի ամռան մի օր Աշտարակի Ձախափնյակում գործի բերումով մտա վաղ մանկությունից իմ օշականցի ընկեր Վազգեն Մելիքյանի լուսանկարչատուն: Վազգենը խանդավառված էր քիչ առաջ կատարվածով: Անթաքույց ուրախությամբ պատմեց, որ իր դրացի, ճանաչված ազատամարտիկ Գեղազնիկ-Չաուշին փողոցում տեսել, սահմանամերձ շրջան մեկնող ավտոմեքենայից իջեցրել, ստիպողաբար ներս է բերել ու լուսանկարել:

- Չաուշ ջան, ախար շա՜տ եմ ուզում, որ քո պորտրետը զարդարի իմ «Ֆոտո»-ի ցուցափեղկը, ու թող մեր ջահելները տեսնեն քաջ Ֆեդայուդ` իրենք էլ զենք վերցնեն. չէ՞ որ զենքով է մեր փրկությունը,- ասացի նրան:

- Վազգեն ջա՛ն, ախպե՜րս, նկարվելու ժամանակ չի է՞, շուտ պիտի Զանգեզուր` տղերքին հասնեմ,- ինձ առարկում էր հարեւանս: Բայց ես ավագի իրավունքով իմը պնդեցի... ի՞նչ իմանամ, մեկ էլ ե՞րբ կարող եմ տեսնել նրան,- ասաց Վազգենը`սեղանին դնելով լուսանկարի առաջին օրինակները:

Դիմապատկերը, հիրավի, տպավորիչ է, գեղագիտորեն անզուգական թե՛ ձեւի, թե՛ բովանդակության առումով. արդարեւ, հայկազուն զորականի, հայ դասական ազատամարտիկ-ֆեդայու առինքնող տիպար- այլ կերպ չես ասի...

Ահա ինչու նրա գունագեղ մեծադիր դիմանկարը լուսանկարչատան ցուցափեղկում զետեղելուն պես հասարակության արձագանքն աննախադեպ եղավ.

- Չաու՜շն է, մե՛ր Գեղազնիկը,- ընդգծված հիացական շեշտով արտաբերում էին մարդիկ, ներս մտնում ու մի-մի լուսանկար խնդրում:

***

...Հիրավի համաժողովրդական էր զոհված ազատամարտիկ Գեղազնիկ-Չաուշի հուղարկավորությունը. թափորի ավտոշարասյունը Երեւանի մատույցներից Աշտարակ քաղաք էր հասել, Աշտարակից` Սասունիկ ավան: Հարյուրավոր ավտոմեքենաների դիմապակիներին նահատակված ազատամարտիկի ծանոթ դիմապատկերն էր...

Սրբացավ Սասունիկի հողը` իր գիրկն առնելով քաջակորով զավակին... թանկագին արյամբ Հայաստանում կանխվեց վերահաս քաղաքացիական, եղբայրասպան կռիվը...

1988-ից սկզբնավորված հայ ազգային ոգու աննախընթաց վերելքի, մեր արդար ազատամարտի մշտամնա խորհրդանիշներից է Հայաստանի Հանրապետության հերոս Գեղազնիկ Միքայելյանը: Նրա հիշյալ դիմանկարը Վազգեն Մելիքյանի եւ այլոց ջանքերով տպագրվեց, վերապատկերվեց տասնյակ, գուցե թե հարյուր հազարավոր օրինակներով` որպես բոլորի համար ընդունելի հայկազուն հերոս ազատամարտիկի ներշնչող խորհրդանիշ-կերպար:

Սակայն հանիրավի հանրությանն անհայտ է մնացել այս հրաշալի ֆոտոդիմանկարը մեզ պարգեւած հեղինակի անունը: Իսկ հեղինակը` Վազգեն Մելիքյանը, զարմանալի կանխազգացումով որսաց ճիշտ պահը, պատկերագրեց` մեր եւ եկող սերունդների հիշողությանը հավերժ ի պահ հանձնելով մարտի գնացող անվեհեր ազատամարտիկին...մարտիրոսվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ...

Լուսանկարչի կեսդարյա իր կենսագրության ամենանշանակալի գործը նա համարում է արժանավոր հայորդու սույն դիմանկարը եւ ինչ-որ չափով մխիթարված զգում իր հեղինակած այդ մնայուն գործի կարեւորության գիտակցումով:

- Չաուշի անթիվ-անհամար լուսանկարներից ես ոչ մի լումա չեմ վաստակել,- պատմում է առաքինի լուսանկարիչը,- բոլորին բաժանել եմ ձրիաբար, իսկ թե եղել են մարդիկ, որոնք սրտանց սեղանին փող են թողել ու հեռացել, դրանք մեկիկ-մեկիկ հավաքել ու Գեղազնիկի ընտանիքին եմ հանձնել...

Այժմ, ի ցավ սրտի, կյանքի 80-ը բոլորած լուսանկարիչն իսպառ կորցրել է տեսողությունը, անհուսալիորեն գամվել անկողնուն... Մութ է աշխարհը նրա համար, ոսկեցոլ արեւի եւ ոչ մի ճաճանչ... Միայն հոգու աչքերով է նա երբեմն-երբեմն հիշողության երկնակամարի կապույտ մշուշներում աստեղային առկայծումներ տեսնում...ու նաեւ` ոսկեծածան լուսապսակով երիզված Գեղազնիկ-Չաուշի հավերժափայլ աստղը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 15-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ