ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ 3-ՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ Հ.Ծ. Արդեն երեք տարի է, ինչ Մ. Նահանգներում կազմակերպվում են հայկական ծագումնաբանական համագումարներ, որոնք մեթոդաբանական ուղղություններ են տալիս ներկաներին խորամուխ լինելու իրենց արմատներին եւ ներկայացնում մինչ այժմ ձեռք բերված ուսումնասիրությունների արդյունքները: Առաջին հայկական ծագումնաբանական համագումարը տեղի է ունեցել 2016-ին Ուոթերթաունի (Մասաչուսեթս) Հայկական մշակութային եւ կրթական կենտրոնում (ACEC), երկրորդըՙ 2017-ի մարտին Միչիգանի Դիըրբոռն համալսարանում: Այս տարի հունիսի 9-ին հանդիպման վայրը եղել է Մաուահի (Նյու Ջերսի) Ռամաբո քոլեջը, որի «Ողջակիզման եւ ցեղասպանության համընդհանուր կենտրոնը» հովանավորել է միջոցառումը: Մյուս հովանավորների թվում հանդես են եկել Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ՆԱԱՍՐ ազգային ասոցիացիան, «Հուշամատյան.օրգ» կայքը, Հայկական լուսանկարչական SAVE արխիվային ծրագիրը, Նյու Ջերսիի «Համազգային» հայկական մշակութային եւ կրթական ընկերությունը: Աշխատանքային առանձին խմբերում քննարկվել են ԴՆԹ-ի օգտագործման, արտագաղթի, ներգաղթի եւ այլ հարցեր: |