RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



ՀԱՅՐԵՆԻՔ

Տեղադրվել է` 2018-06-15 01:00:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 5959, Տպվել է` 455, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՈՑ ԳԱՆՁԱԿԸ

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Ճանաչենք եւ հիշենք մեզնից խլված տարածքները

«Հետո ավտոբուսը տեղից շարժվեց, ու մենք որոշ ժամանակ պատուհանից դիտում էինք հեռացող քաղաքը: Տպավորությունն այնպիսին էր, կարծես ոչ թե մենք էինք գնում, այլ տներն ու փողոցները հեռանում էին ինչ-որ տեղՙ լուծվելով մշուշի ծխի մեջ: Աղմկոտ արեւելյան շուկաները, դեղին հաստափոր տրամվայները, բարձր, տերեւաթափ չինարիները, լայն գետը, որը քաղաքը բաժանում էր երկու մասիՙ հայկականի ու ադրբեջանականի:

Մանկան որոշ ժամանակ հետեւում էր հեռացող քաղաքին, ապա ցածր ձայնով ասաց.

- Մնաս բարո՜վ, Կիրովաբա՛դ, մնաս բարո՜վ:

- Մնաս բարո՜վ, Կիրովաբա՛դ, մնաս բարո՜վ,-ձայնակցեցի ես:

- Ինչո՞ւ «մնաս բարով»,-զարմացավ քեռի Միշան:-Պետք է երգել «ցտեսություն, Կիրովաբա՛դ», ոչ թե «մնաս բարով»: Որպեսզի նորից վերադառնաս այստեղ:

Ես լռեցիՙ փորձելով «ցտեսությունը», իսկ Մանկան նույնիսկ բանի տեղ չդրեց: Նա նայեց պատուհանին, տեսադաշտից թաքնվող մեծ քաղաքը ու ցածր երգեց.

- Մնաս բարո՜վ, Կիրովաբա՛դ, մնաս բարո՜վ»:

(Նարինե Աբգարյան, «Մանյունյա»)

1962 թվականն էր. Թբիլիսիի Ստեփան Շահումյանի (հետագայումՙ Պետրոս Ադամյանի) անվան հայկական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես էր գալիս Կիրովաբադում: Թատրոնի աշխատակցուհի մորս հետ այնտեղ էի նաեւ ես, որ այդ ժամանակ 14-ամյա պատանի էի ...

Հայաշունչ քաղաք էր: Կուրի մի վտակը հանդիսացող գետը քաղաքը կիսում էր երկու մասիՙ հայկականի եւ թուրքականի: Ընդ որում, թուրքական կոչված մասում էլ կային հայկական թաղամասեր: Հաճախ ականջս շոյում էր հայերենը, որ Արցախի բարբառի մի խոսվածքն էր: Տեսել էի եւ հիշում եմ հայկական մասի կենտրոնում կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական հինավուրց գործող եկեղեցին, որտեղ ներկա եմ եղել պատարագի: Կային նաեւ մի շարք այլ հին ու նոր հայկական եկեղեցիներ ...

Հետագայում, ավելի հասուն տարիքում, հատկապես երբ սկսեցի խորանալ հայ միջնադարի մեջ, տխրալից ուրախությամբ գիտակցեցի, որ գտնվել եմ Գանձակումՙ իմ հայրենիքի կորսված տարածքներից մեկում եւ ոչ թե պարզապես հայաշատ մի քաղաքում, որպիսին են աշխարհի տարբեր ծայրերում սփռված բազում բնակավայրեր ...

Մենք պիտի լավագույնս ճանաչենք մեր հայրենիքի բռնազավթված տարածքները, մանավանդ որ այժմ ակտիվորեն գործում է թուրքական քարոզչամեքենան եւ համացանցում (անգամ հայերեն) առկա է որոշակի ապատեղեկատվություն, ինչը կարող է ապակողմնորոշել անիրազեկ ընթերցողին :

Այժմՙ Գանձակի մասին :

Գանձակը (հայերեն գանձ բառից. պարսկա-թուրքական հորջորջմամբՙ Գյանջա) գտնվում է Մեծ Հայքի Ուտիք նահանգում, եւ նրա տարածքը, պատմա-աշխարհագրական առումով, վերաբերում է Հայոց Արեւելից կողմանքին, մասնավորապեսՙ պատմական Գարդմանքին եւ Հյուսիսային կամ Դաշտային Արցախին:

Բնականաբար, Գանձակի վերաբերյալ հիմնական տվյալները հաղորդում են հայկական աղբյուրները: Դրանց վկայությամբ, քաղաքը հիմնադրվել է 846 թվականին եւ շրջապատված է եղել հայկական բազում գյուղերով ու վանքերով: Հատկապես նշանավոր է եղել ավելի վաղ (751 թ.) կառուցված Դասնո վանքը, որտեղ մեծանուն Մխիթար Գոշը գրել է իր «Դատաստանագիրքը»...

Հայ ստեղծարար շինարարների, հմուտ առեւտրականների եւ բազմաշնորհ կրթական-մշակութային գործիչների շնորհիվ Գանձակն արագորեն զարգացել է եւ դարձել տարածաշրջանի վարչա-տնտեսական եւ հոգեւոր կենտրոնը, որը մեր պատմիչները (Վարդան Արեւելցի, Կիրակոս Գանձակեցի) կոչել են «Գանձակ Հայոց» կամ «Գանձակ Առանի»:

9-րդ դարի վերջից մինչեւ 12-րդ դարը Գանձակում է հաստատվել Աղվանից Հայոց կաթողիկոսության գահը: Քաղաքը նախապես ընդգրկվել է Բագրատունյաց թագավորության կազմում, ապա, Հայաստանի մյուս գավառների ու քաղաքների նման, ենթարկվել է արաբների, այնուհետեւ սելջուկ թուրքերի ասպատակություններին ու գերիշխանությանը:

12-րդ դարի վերջին եւ հաջորդ հարյուրամյակի սկզբներին Գանձակն իր շրջակայքով ազատագրվել է սելջուկներից եւ ընդգրկվել Զաքարյան իշխանապետության մեջՙ դառնալով, ըստ սկզբնաղբյուրների, հայահոծ, հարուստ եւ ամուր բերդաքաղաք:

Նշված ժամանակաշրջանում այդ տարածաշրջանին վիճակված էր մի չափազանց նշանակալից դեր կատարել մեր ժողովրդի կյանքում: Երբ թուրք սելջուկների ասպատակությունների հետեւանքով կասեցվեց քրիստոնեական աշխարհում առաջինը սկիզբ առած Վերածնության (Ռենեսանսի) շարժումը, հատկապես Գանձակից ու նրա շրջակա կրթա-մշակութային օջախներից ծագեց եւ Հայաստանով մեկ տարածվեց հայ դպրության ու մշակույթի նոր կենարար ալիքը: Այդտեղից սերված բազում մատենագիրներից ու գործիչներից հիշենք ամենաերեւելիներին. Հովհաննես Սարկավագ Իմաստասեր . աստվածաբան, փիլիսոփա, տոմարագետ, շարականագիր, արվեստի տեսաբան, որ հատկապես առաջ է մղել հայ գեղագիտական միտքը: Խոշոր իրավագետներ Դավիթ Ալավկա Որդի եւ Մխիթար Գոշ , որը նաեւ եղել է հայ առակագրության հիմնադիրը եւ աննախադեպ բարձունքի է հասցրել հայ իրավագիտական միտքը: Նշանավոր պատմիչներ Կիրակոս Գանձակեցի եւ Վարդան Արեւելցի , որոնք որակական նոր աստիճանի են հասցրել միջնադարյան հայ պատմագրությունը...

Գանձակի աստեղային ժամը, սակայն, դժբախտաբար շատ երկար չի տեւել: 1236 թվականին քաղաքն ավերել են թաթար-մոնղոլները: Այդուհանդերձ, շրջակա վանքերում շարունակվել է հայ կրթական-մշակութային կյանքը: Հայտնի են բազում ձեռագիր մատյաններ, որոնք ընդօրինակվել են 14-15-րդ դարերում «ի յերկիրս Գանձակայ»:

16-րդ դարում Գանձակը վերակառուցվել է եւ անցել Սեֆյան Պարսկաստանինՙ որպես առանձին խանության կենտրոնՙ մինչեւ 19-րդ դարի սկիզբը: Այս ժամանակաշրջանում, հայ եւ օտար աղբյուրների վկայությամբ, Գանձակի եւ նրա շրջակայքի բնակչությունը հիմնականում (եթե ոչ ամբողջապես) կազմել են հայերը: Նրանք շարունակել են շենացնել իրենց հայրենի երկիրը, կառուցել բազում քաղաքացիական ու հոգեւոր շինություններ: Այսպես, 1633-ին է կառուցվել Գանձակի վերոհիշյալ Սուրբ Հովհաննես Մկրտիչ մայր եկեղեցին: 18-րդ դարի կառույցներ են քաղաքի Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Աստվածածին, Սուրբ Սարգիս, Սուրբ Թադեոս եկեղեցիները...

1804 թվականից Գանձակն ընդգրկվել է Ռուսական կայսրության մեջ, վերանվանվել Ելիզավետպոլ եւ որոշ ժամանակ անց դարձել համանուն նահանգի կենտրոնը: Այս ժամանակաշրջանում եւս Գանձակում եւ շրջակայքում հայության թիվը գերակշիռ է եղել: Ըստ որոշ վիճակագրությունների, Ելիզավետպոլ-Գանձակի նահանգում ապրել են շուրջ 400 000 հայեր: Գանձակահայությունը շարունակել է իր բեղուն ազգային կրթա-մշակութային կյանքը. գործել են հայկական դպրոցներ, թատերախմբեր, տպագրվել են գրքեր, մամուլ, վերաշինվել են որոշ եկեղեցիներ, կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին...

Աստիճանաբար, հատկապես բազմաթիվ մարդկային կյանքեր խլած 1905-1906 թվականների հայ-թաթարական ընդհարումներից հետո, հայերի թիվը Ելիզավետպոլ-Գանձակի նահանգում բավական նվազել է, եւ բազմացել են սելջուկների հետ բուն Աղվանքի եւ Հայոց Արեւելյան կողմանքի տարածքները թափանցած օղուզ թուրքերը, որ կոչվում էին կովկասյան թաթարներ...

1918 թվականին, երբ արհեստականորեն կազմավորվեց Ադրբեջանի մուսաֆաթական հանրապետությունը, նրանում ընդգրկվեցին պատմական Հայաստանի մի շարք բնակավայրեր, այդ թվում նաեւՙ Գանձակը: Հատկապես Այսրկովկաս ներխուժած օսման թուրքերի աջակցությամբ, թուրքական նոր պետություն ստեղծելու համար, այդ շինծու երկիրը հանձնվեց նրանց ցեղակից կովկասյան թաթարներին, որոնք այդուհետ կոչվեցին ադրբեջանցիներ...

Ադրբեջանի խորհրդային հանրապետությունն արդեն ոչ միայն իր կազմում հաստատագրեց Գանձակըՙ ողջ Հյուսիսային Արցախով հանդերձ, այլեւ յուրացրեց Լեռնային Ղարաբաղն ու Նախիջեւանը... Ելիզավետպոլ-Գանձակը վերանվանվեց Գյանջա, ապա Կիրովաբադ (1935), որ դարձավ հանրապետության երկրորդ քաղաքը: Խորհրդային տարիներին այն դեռեւս հայաշատ էր. ուներ շուրջ 40 000 հայ բնակչություն, որ, չնայած ազգային իրավական սահմանափակումներին ու ճնշումներին, շարունակում էր իր կենսագործունեությունը: Հատկանշելի է, որ քաղաքի մի շարք կառույցներ ստեղծվել են հայ ճարտարապետների նախագծերով: Ունեցել է հայկական դպրոցներ, մամուլ. 1935-1949 թվականներին գործել է հայկական թատրոն...

1988 թվականին, երբ սկսվեց Ղարաբաղյան ազատագրական հզոր շարժումը, Սումգայիթից հետո զանգվածային հարձակումների ենթարկվեցին նաեւ Կիրովաբադ-Գանձակի հայաբնակ թաղամասերը. սկսվեցին ջարդեր ու ավերումներ: Միայն լավ կազմակերպված ինքնապաշտպանության շնորհիվ տեղի հայության մեծագույն մասը խուսափեց ֆիզիկական ոչնչացումից եւ տեղափոխվեց Հայաստան ու Արցախ: Հայոց Գանձակը լիովին հայաթափվեց, եւ հատկապես Լեռնային Ղարաբաղի ազատագրումից հետո, արդեն ըստ ամենայնի թուրքացած եւ կրկին Գյանջա վերակոչված Գանձակում ու նրա շրջակայքում, ինչպես առհասարակ Ադրբեջանի բոլոր բնակավայրերում, պետական ծրագրերով սկսեցին վերացնել նաեւ բոլոր հայկական հետքերը...

Դեռեւս խորհրդային տարիներին սկիզբ առած պատմական հրեշավոր զեղծարարությամբՙ բունիաթովականությամբ, որին փոխարինեց առավել մարտաշունչ ալիեւականությունը, Ուտիք-Արցախից սերված բոլոր հայ մատենագիրները համարվեցին ծագումով աղվան-ադրբեջանցիներ, իսկ տեղի եկեղեցիներըՙ աղվանական: Այդուհանդերձ, բազում հայկական եկեղեցիներ չխուսափեցին ավերումից: Այն ձեռքը, որ փշրեց Ջուղայի հազարավոր խաչքարերը, ոչնչացրել կամ աղարտել է նաեւ Գանձակի ու նրա շրջակայքի եկեղեցիները: Այսպես, ադրբեջանցի վանդալները հիմնահատակ կործանել են քաղաքի Սուրբ Ամենափրկիչ, Սուրբ Աստվածածին եւ Սուրբ Թադեոս եկեղեցիները: Մայր եկեղեցինՙ Սուրբ Հովհաննես Մկրտիչը, որտեղ մինչեւ 1988-ը հնչում էր հայոց պատարագը, հայերեն արձանագրությունները վերացնելուց հետո, վերածել են մուղամներով պղծվող ակումբի: Սուրբ Սարգիս եկեղեցին վերանորոգել են թուրքական ոճով եւ վերածել թանգարանի: Ինչ վերաբերում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն, ապա այն, որ 1918-ին դիմացել էր թուրքական հրետանու համազարկերին, անկարող են եղել քանդել, ուստիեւ, ջնջելով հայկական բոլոր խորհրդանշանները, համարել են աղվանական (այս կապակցությամբ տե՛ս նաեւ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004):

Անհրաժեշտ է նշել, որ թուրքի կործանարար ձեռքն այստեղ հարված է հասցրել նաեւ պարսկական մշակույթին: Առավել ընդունված կարծիքով (որ վիճարկելի է) Գանձակում է ծնվել եւ ապրել պարսիկ մեծ բանաստեղծ Նիզամին: Նրա ավանդական գերեզմանատեղում 1947-ին հայ եւ ռուս ճարտարապետների նախագծով կառուցվել է դամբարան: Ադրբեջանցիները ոչ միայն վաղուց ի վեր սեփականացրել են թուրքերեն ոչ մի տող չգրած, ավելինՙ թուրքերենը քամահրած պարսիկ խոշորագույն դասականին (մինչեւ անգամ նրա արձանը 2012-ին կանգնեցրել են Հռոմի «Վիլլա Բորգեզե» զբոսայգումՙ որպես Ադրբեջանի մեծ բանաստեղծի), այլեւ ձգտել են դամբարանի պարսկերեն գրությունները փոխարինել թուրքերենով:

Դա խստորեն վրդովեցրել է Իրանին, որի պաշտոնական բողոքում Իրանի մշակույթի եւ իսլամական կողմնորոշվածության փոխնախարար Բահման Դարին ասել է. «Մշակութային արժեքներ չունենալովՙ Ադրբեջանն ստիպված իրեն է վերագրում այլ երկրների արժեքները: Ադրբեջանի նման քայլը, մշակութային գողությունից բացի, այլ բան չի կարելի անվանել» («Ազգ», 2013, թիվ 151): Մինչդեռ երբ Ադրբեջանը, անհամեմատելի չափերով, ոչ միայն գողանում, այլեւ անխնա ավերում էր հայկական մշակութային արժեքները, աշխարհը մնում էր եւ մնում է անտարբեր...

Տխուր է եւ խորհրդանշական, որ այսօր Գանձակի քույր քաղաքներ են հռչակված նույն դաժան ճակատագրին ենթարկված Կարսը եւ Զմյուռնիան: Ընդսմին, ասեմ, որ այն ջերմ զգացումները, որ մենք տածում ենք Կարսի, Մուշի, Վանի եւ առհասարակ Արեւմտյան Հայաստանի մեր նվիրական վայրերի հանդեպ, նույնը պիտի ունենանք նաեւ Հայոց Գանձակի եւ առհասարակ Հայոց Արեւելյան կողմանքի բոլոր զավթված տարածքների նկատմամբ, որպես մեր հայրենիքի մի անկապտելի մաս: Ուստի անհրաժեշտ է լավ ճանաչելովՙ վառ պահել կորսված հայրենիքի պատմական հիշողությունը, որպեսզի ժամանակի ընձեռած պատեհ առիթների դեպքում պատրաստ եւ իրավասու լինենք վերադարձնել մեր կորուստները: Ղարաբաղյան հերոսամարտի ժամանակ Գանձակի պարագայում ունեցանք մի այդպիսի պատեհ առիթ, որից, ցավոք, չկարողացանք օգտվել...

Վստահ եմ, որ գալիքը կընձեռնի մեր կորուստների վերադաձման նորանոր պատեհ առիթներ. վկաՙ ազատագրված Արցախը:

Նկար 1. Գանձակի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին: Երեւանյան 1988 թվականի հանրահավաքներից մեկի ժամանակ պատմեցին, թե ինչպես հայրենի հավատից ու մշակույթից որոշ չափով հեռացած գանձակահայության մի ստվար մաս պատսպարվել էր եկեղեցում եւ այնտեղ նորածին մի տղայի մկրտեցին Անդրանիկ անունով...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ