ՀԱՅ ՍՓՅՈՒՌՔԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ Հ.Ծ. Սփյուռքահայ համայնքներում բազմաթիվ փոփոխություններ եւ տեղաշարժեր են տեղի ունեցել անցած մի քանի տասնամյակների ընթացքում, բայց մենք դեռեւս չունենք համապարփակ ուսումնասիրություն այդ մասին: Բացը լրացնելու նպատակով 2017-ի սեպտեմբերից ստեղծվել է «Հայ Սփյուռքի ուսումնասիրության» (Armenian Diaspora Survey, ADS) մի կենտրոն, որն իր նախնական հետազոտություններն է սկսել 2018-ի մայիսի 17-ին Բոստոնի «Հայկական մշակութային հիմնարկությունում» ներկայացնելով իր ծրագրերն ու աշխատանքային քարտեզը: Խմբի ղեկավարն է դոկտ. Սյուզան Փաթին , որի բոստոնյան խմբակցության մեջ ներգրավված են դոկտ. Պամելա Յանը , դոկտ. Վահե Սահակյանը եւ դոկտ. Լիզա Գյուլեսերյանը : Նրանք կամավորների խմբի հետ հարցազրույցներ են անցկացնելու, հարցաթերթիկներ պատրաստելու, դիտարկումներ եւ գրառումներ կատարելու հայ ինքնության, հայապահպանության ներկա մարտահրավերների եւ այլ մտահոգությունների վերաբերյալ: Սկզբնական ուսումնասիրությունները անց են կացվելու փուլ առ փուլ սկսելով Բոստոնի, Փասադենայի, Մարսելի եւ Կահիրեի հայկական համայնքներից: Ծրագրի հովանավորությունը իր վրա է վերցրել Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը, իսկ կառավարումըՙ Լոնդոնում գործող Հայկական ինստիտուտը: Դոկտ. Փաթիի անմիջական օգնականն է Լեոն Ասլանովը , ով արդեն սկսել է պատրաստել տարբեր համայնքներում ապրող հայերի հասարակագիտական աշխատանքների ընդարձակ մատենագիտությունը: Ըստ «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի, յուրաքանչյուր համայնքում աշխատանքները տեւելու են չորս շաբաթ, որի ավարտին խումբը ներկայացնելու է իր աշխատանքների արդյունքները, ակնկալելով թելադրանքներ հասարակության կողմից: Լրացուցիչ մանրամասնությունների համար այցելել Լեոն Ասլանովին «armeniandiasporasurvey@gmail.com»: |