RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018



100-ԱՄՅԱԿ

Տեղադրվել է` 2018-06-15 01:00:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 6046, Տպվել է` 604, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ԿՈԱԼԻՑԻՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Մեր նախորդ հրապարակման մեջ (տե՛ս «Ազգ», թիվ 20(5516), 25.05.2018) համառոտ ներկայացրել էինք Հայաստանի Առաջին Հանրապետությունում տեղի ունեցող ներքաղաքական այն գործընթացները, որոնք հանգեցրին կոալիցիոն կառավարության ստեղծմանը: ՀՀ խորհրդարանի 1918 թ. նոյեմբերի 4-ի նիստին Գ. Զուրյանի ու Հ. Ազատյանի կողմից կառավարության կողմից թույլ տրված սխալները մատնանշելուց եւ կրքոտ քննադատություններից հետո, դաշնակցական եւ ժողովրդական պատգամավորների քվեներով ընդունվեց Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու կառավարության հրաժարականը: Միեւնույն ժամանակ Հովհաննես Քաջազնունուն հանձնարարվեց կազմել նոր կառավարություն: Սոցիալ-դեմոկրատները եւ էսեռները հրաժարվեցին, իսկ Առաջին աշխարհամարտի ավարտից հետո ավելի լավատես եւ ինքնավստահ դարձած Հայ Ժողովրդական կուսակցությունը ցանկություն հայտնեց մաս կազմել ստեղծվելիք կոալիցիոն կառավարությանը (Տե՛ս «Ժողովրդի ձայն», թիվ 6, դեկտեմբերի 1918):

Նոր, կոալիցիոն կառավարություն կազմելու շուրջ ՀՅԴ-ի եւ ՀԺԿ-ի միջեւ բանակցությունները տեւեցին մի քանի օր: Դրանց ընթացքում մի քանի անգամ առկա էր այդ գործընթացի խզվելու վտանգը: Բայց ի վերջո փոխադարձ զիջումներով հնարավոր եղավ հանգել համաձայնության: Կազմվեց ինն նախարարություններից բաղկացած կառավարություն, որոնցից չորսի (վարչապետի, արտաքին, ներքին գործերի եւ խնամատարության) ղեկավարումը տրվեց ՀՅԴ-ին, չորսը (ֆինանսների, արդարադատության, լուսավորության եւ պարենավորման)` ՀԺԿ-ին եւ մեկը` զինվորականը, պետք է ղեկավարեր չեզոք անձնավորություն: Միաժամանակ որոշվեց նաեւ, որ արտաքին գործերի նախարարի տեղակալ-օգնականը պետք է լինի ժողովրդական կուսակցությունից եւ արտաքին քաղաքականության ուղղությունները պետք է որոշեր նախարարական խորհուրդը:

Մեր նախորդ հրապարակման մեջ արդեն ներկայացրել ենք Հ. Քաջազնունու կազմած Հայաստանի Հանրապետության երկրորդ` կոալիցիոն կառավարության կազմի երեք` Արտաքին գործերի` Սիրական Տիգրանյան (ՀՅԴ), Ներքին գործերի` Արամ Մանուկյան (ՀՅԴ) եւ Խնամատարության` Խաչատուր Կարճիկյան (ՀՅԴ) նախարարներին: Այժմ, դարձյալ համառոտ, ներկայացնենք մյուսներին:

Ֆինանսների նախարար Արտաշես Էնֆիաջյանը (ՀԺԿ) սերում էր արեւելահայ կյանքի կենտրոն Թիֆլիս քաղաքում բուռն վելեք ապրող տնտեսությունում եւ հատկապես ծխախոտի արտադրության ու վաճառքի եւ բանկային կապիտալի ոլորտում վճռական դերակատարություն ունեցող Էնֆիաջյան(ց) ընտանիքից (Ժամանակի բոլոր աղբյուրներում գրվում էր Էնֆիաջյանց, իսկ հետագայում շրջանառվում է նաեւ Էնֆիաջյան տարբերակը:

Էնֆիաջյանները (Ազգանունը ծագել է Էնֆիաճի` «քթախոտ պատրաստող եւ վաճառող» թուրքերեն բառարմատից, տե՛ս Ավետիսյան Տ., Հայոց ազգանունների բառարան, հեղինակային հրատարակություն, Ե., 2010, էջ 121) դեռեւս 18-19-րդ դարերից քաղաքական եւ հասարակական ու ազգանվեր ակտիվ գործունեություն էին ծավալել Անդրկովկասում: Մասնավորապես, հանդիսանալով «Էնֆիաջյան» ֆաբրիկայի հիմնադիրները, որի արտադրանքն արտահանվում էր Եվրոպա եւ Միացյալ Նահանգներ: Համբարձում Էնֆիաջյանը եղել է Թիֆլիսի Վաճառական բանկի հիմնադիրներից մեկը, դումայի պատգամավոր, քաղաքային Հասարակական կառավարչության եւ Փոխադարձ վարկի ընկերության անդամ, ինչպես նաեւ` թիֆլիսյան Վերնատան գլխավոր հովանավորներից մեկը :

1860-1863 թթ. Էնֆիաջյանների հովանավորությամբ եւ տնօրինությամբ լույս է տեսել «Կռունկ Հայոց աշխարհի» «բարոյական, բանասիրական, նկարագրական եւ վիճակագրական» «Նախնի եւ արդի Հայաստանեայց» նվիրված ամսագիրը: Եվ, առհասարակ, Էնֆիաջյանների ողջ գերդաստանը գիտության եւ կրթության ոլորտում մեծ նվաճումներ գրանցած մասնագետներ է տվել:

Համբարձում Էնֆիաջյանը 1855 թ. Թիֆլիսում գլանակի երկու կրպակ ուներ, որոնք քաղաքում ծխախոտի առաջին քաղաքակիրթ վաճառատեղիներն էին: Նա նաեւ աոաջինն էր, որ զբաղվեց ծխախոտի արդյունաբերական արտադրությամբ: 1895 թ. Հ. Էնֆիաջյանը հիմնում է «Միր» ֆաբրիկան, որը 1901-ին վաճառում է ազգակիցներին, իսկ ինքը հիմնում նորը: Նա մեծ հարգանք էր վայելում Թիֆլիսում. 2-րդ գիլդիայի վաճառականը քաղաքային Հասարակական կառավարչության անդամ էր եւ դումայի պատգամավոր (1864թ.), 1895-ից Փոխադարձ վարկի ընկերության անդամ (Տե՛ս Устав Тифлиского коммерческого банка, Тифлис, 1913):

Հոր հիմնած բիզնեսը հաջողությամբ շարունակեց ու որակական նոր աստիճանի բարձրացրեց որդիներից Արտաշեսը : Ծնվել է 1866 թ. Թիֆլիսում: Ավարտել է տեխնիկական դպրոցը: Արդյունաբերական տարբեր հիմնարկություններում վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ: Եղել է Թիֆլիսի շրջանի ֆաբրիկանտների եւ գործարանատերերի ընկերության անդամ, Թիֆլիսի բիրժայի նախագահ, կենտրոնական հաշտարար ատյանի նախագահի օգնական, վաճառականական բանկի վարչության անդամ, Թիֆլիսի առեւտրական դպրոցի հոգաբարձության անդամ, Թիֆլիսի Մանթաշյան առեւտրական դպրոցի հոգաբարձության փոխնախագահ: Բացի սրանցից, նա Թիֆլիսի արքունական պալատի ընդհանուր ատյանի, ինչպես նաեւ եկամտային հարկի համար կազմված նահանգային ատյանի անդամն էր (Տե՛ս Անանուն Դ., Ռուսահայերի հասարակական զարգացումը (1870-1900), հ. Բ, Էջմիածին, 1922):

Ա. Էնֆիաջյանը խորապես ազգասեր մարդ էր: Լինելով Թիֆլիսի քաղաքային խորհրդի պատգամավոր, փոխադարձ վարկի ընկերության անդամ, վաճառականական ատյանի (купeческая камера) ավագի տեղակալ, սակարանային կոմիտեի անդամ, նա միաժամանակ Ալ. Մանթաշյանցի առեւտրական դպրոցի հոգեբարձական խորհրդի անդամ էր, 1-ին առեւտրական ուսումնարանի հոգեբարձուների խորհրդի անդամ, տեխնիկական եւ երկաթուղային ուսումնարանի չունեւոր աշակերտների օժանդակության ընկերության նախագահ: 1909 թ. Ա. Էնֆիաջյանը հանգուցյալ հորը պատկանող 300 կտոր հայերեն գրքերը նվիրաբերեց «Թբլիսի հայոց բարեգործական ընկերությանը»:

Համբարձում Էնֆիաջյանցի «Միր» ֆաբրիկայի հիման վրա 1901թ. Թիֆլիսում ստեղծվեց նույնանուն բաժնետիրական ընկերությունը։ 500 հազար ռուբլի հիմնադիր կապիտալով այդ ֆիրման արտադրում էր «Ատլաս» մակնիշի ծխախոտ ու գլանակներ, որոնք վաճառվում էին Թիֆլիսի ու Բաքվի սեփական խանութներում։ Ընդամենը 79 բանվոր ունեցող այս ֆաբրիկան տարեկան թողարկում էր 750 հազար ռուբլու ծխախոտ (Տե՛ս Նորավանք, «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008, էջ 140)։

1912 թ. Թիֆլիսի նահանգում ամենամեծը «Ա. Հ. Էնֆիաջյանց» ֆաբրիկան էր, որտեղ քանակով ամենամեծաթիվ (280) բանվորներ էին աշխատում: Այստեղ արտադրվում էր տարեկան 1 մլն ռուբլու ծխախոտ: Ֆաբրիկան թողարկում էր «Սոլիդնիյե», «Ինտելիգենտնիյե», «Էքստրա» անվանումներով ընտիր գլանակներ, որոնք արտահանվել են Եվրոպա եւ ԱՄՆ (Տե՛ս Նորավանք, «21-րդ ԴԱՐ», թիվ 1 (19), 2008, էջ 138)։:

Ա. Էեֆիաջյանը 1912 թ. նոյեմբերի 30-ին 5 մլն ռուբլի հիմնադիր կապիտալով ստեղծված Թիֆլիսի Վաճառականական բանկի (Տե՛ս Устав Тифлисского купеческого банка, Тиф., 1913) հիմնադիրներից էր: Ա. Էնֆիաջյանը երկար ժամանակ եղել է Թիֆլիսի Քաղաքային Դումայի պատգամավոր: 1905 թվականից ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի Ժողովրդական ազատության կուսակցության (Կադետների) «Մշակ» թերթի շուրջ համախմբված խմբի (ապագա Հայ Ժողովրդական կուսակցության կորիզն էր) գործունեությանը: Իսկ ավելի ուշ եղել է Հայ Ժողովրդական կուսակցության հիմնադիր անդամներից եւ իր ներդրումն է ունեցել այդ քաղաքական ուժի ծրագրերի մշակման ու իրականացման գործում: Ա. Էնֆիաջյանը հատկապես գործուն մասնակցություն է ունեցել ՀԺԿ-ի ծրագրի տնտեսական հատվածի մշակմանը, որում (Տե՛ս «Մշակ», 26 սեպտեմբերի 1917) ՀԺԿ-ն հայտարարեց, որ պաշտպանում էր կապիտալի, մասնավոր սեփականության եւ շուկայական հարաբերությունների գերակայությունը:

Փորձառու գործարար ու տնտեսության գիտակ Ա. Էնֆիաջյանը նորաստեղծ հանրապետության իշխանություններին հորդորում էր շրջահայաց լրջությամբ կշռադատել ստեղծված քաղաքական իրավիճակը: Որդեգրել գործունեության «եվոլիւցիական աստիճանական զարգացման եվ հետզհետէ աւելացող յաղթանակների» (Չթենց Գ., Մեր աշխարհայացքը, տե՛ս «Ժողովուրդ», թիվ 8, 8 սեպտեմբերի 1918) ճանապարհ, որն ամբողջությամբ համապատասխաներ հայության շահերին, ապահովեր նրանց համար խաղաղ ստեղծագործական աշխատանքի հնարավորություններ եւ նրան զերծ կպահեր անակնկալներից:

Խելացի տնտեսագետն ու պատվարժան հայը միաժամանակ համոզված էր, որ բոլոր հարեւանների հետ համերաշխ, խաղաղ աշխատանքը եւ անկեղծ բարեկամությունը հնարավորություն կտան «պատուով դուրս գալու այն փակուղիից, որի մէջ գտնւում էր հայութիւնը» (Տե՛ս «Ժողովուրդ» 28, 6 նոյեմբերի 1918):

Ա. Էնֆիաջյանը հաճախակի հանդես էր գալիս տնտեսությանն ու ֆինանսական բնագավառներին նվիրված շահեկան ելույթներով, որոնք տպագրվում էին ՀԺԿ-ի «Ժողովուրդ» եւ «ժողովրդի ձայն» պաշտոնաթերթերում: Օրինակ` «Մեր տնտեսական ներկան եւ ապագայի հեռանկարները», որում նա շեշտում էր, որ Հայաստանի ստացած ծանր ժառանգությունը հնարավոր կլինի փոխել միայն ֆինանսական խոշոր ներդումների միջոցով: Իսկ դրանք հնարավոր կլիներ ունենալ երկրի բնական հարստությունների եւ ջրային էներգիայի օգտագործմամբ խոշոր արդյունաբերություն զարգացնելով:

Հայաստանի Առաջին հանրապետության գոյության հենց սկզբից Ա. Էնֆիաջյանը մյուս բոլոր հայերի նման ոգեւորված էր սեփական պետականության ստեղծման փաստով, սակայն կառուցողական ընդդիմության դիրքերից հաճախակի հանդես էր գալիս նաեւ ՀՀ կառավարության գործունեության քննադատությամբ: Իսկ Հ. Քաջազնունու առաջին կառավարության հրաժարականից հետո մաս կազմեց կոալիցիոն կառավարությանը` դառնալով ֆինանսների նախարար: Երեւան փոխադրվելուց հետո Ա. Էնֆիաջյանը հայտարարեց, որ նոր տարում ներկայացնելու է կայուն պետական բյուջեի նախագիծ եւ միջոցներ կձեռնարկի սեփական դրամ ստեղծելու ուղղությամբ: Սակայն ոգեւորությունը երկար չտեւեց, ընդամենը մի քանի շաբաթ: Ժողովրդական նախարարները` այդ թվում նաեւ Ա. Էնֆիաջյանը, ուղղակի լքեցին Երեւանը, քանի որ մի կողմից կյանքի պայմաններն էին շատ ծանր` նրանք կարոտ էին նույնիսկ սեւ հացին, քնում էին գետնին եւ վարժված չէին ոջիլներին, իսկ մյուս կողմից հատկապես ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մենատիրական գործունեության պատճառով կային ներքին միջկուսակցական լուրջ տարակարծություններ:

Ա. Էնֆիաջյանն այնուամենայնիվ կազմեց պետության բյուջեն եւ մշակեց համապատասխան օրինագիծ, որը ներկայացվեց խորհրդարանին: Այդ նախագծով վարչապետ Քաջազնունուն հանձնարարվեց մեկնել Եվրոպա եւ Ամերիկա, նրանցից օգնություն խնդրելու: Ուղեւորության ծախսերը հոգալու համար վարչապետին տրվեց 550 հազար ռուբլի վարկ:

Փետրվարի 15-ին վարչապետի պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Խատիսյանը , ապրիլ 16-ին ժամանեց Երեւան` «իր հետ տանելով ելեւմտական նախարար Արտաշէս Էնֆիաջեանը»: Երբ ընդունվեց Մայիս 28-ի հայտնի ակտը, Ժողովրդական կուսակցությունը հիմնավորելով, որ այն միակողմանի բնույթ է կրում, չի բխում Հայկական հարցի միջազգային իրավիճակից, չի համապատասխանում հայ ժողովրդի շահերին, հետեւաբար չի ընդունում այն եւ պահանջեց չեղյալ հայտարարել այդ ակտը:

Կառավարությունը մերժեց ընդունել այդ պահանջը եւ հունիս 24-ին ՀԺԿ-ական չորս նախարաներ Ս. Հարությունյանը, Գ. Մելիք-Ղարագյոզյանը, Ք. Վերմիշյանը եւ Ա. Էնֆիաջյանը դուրս եկան կառավարությունից եւ կոալիցիան վերջ գտավ:

Ի վերջո, քաղաքական փոփոխությունների եւ անկայուն վիճակի պատճառով Ա. Էնֆիաջյանը ստիպված արտագաղթեց եւ հիմնվեց Բելգիայում: Բրյուսելում նա հիմնեց «Էնֆի» անունով ծխախոտի ֆաբրիկա, որտեղ հիմնականում աշխատում էին բազմաթիվ գաղթական կովկասահայեր ։ Նա չհեռացավ նաեւ քաղաքական կյանքից: Նա դոկտոր Նեւրուզի հետ որպես խորհրդական Ավետիս Ահարոնյանի պատվիրակության մեջ էր եւ որպես պետական պաշտոնատար անձ մասնակցում էր Խաղաղության համաժողովին:

Հայ ժողովրդի ապագայով մտահոգ հաջողակ գործարարը, լավագույն հատկություններով օժտված մարդն ու բարերարն իր մահկանացուն կնքեց 1924 թ. մարտի 4-ին:

Ռազմական նախարար Հովհաննես Բարսեղի Հախվերդյանը (Հախվերդով Իվան Վասիլի` ռուսական բանակի գեներալ-մայոր (27.11.1915 թ.), Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ (28.05.1918 թ.), ՀՀ բանակի ռազմական խորհրդի անդամ (24.04.1919 թ.), ծնվել է 1873 թ. հուլիսի 29-ին Սանկտ Պետերբուրգում: Սովորել է նույն քաղաքի առաջին կադետական կորպուսում։ Ավարտել է Պավլովսկի ռազմական ուսումնարանը, իսկ 1902 թ.` Գլխավոր շտաբի Նիկոլաեւյան ակադեմիան։ Ծառայությունը բանակում սկսել է 1890 թ. սեպտեմբերի 1-ին, իսկ սպայական կոչումն ստացել 1891 թ.: 1902-1904 թթ. եղել է վաշտի հրամանատար: 1904-1905 ռուս-ճապոնական պատերազմի տարիներին ծառայել է Գլխավոր շտաբում։ 1909-1914 թթ. եղել է Թուրքեստանի զինվորական օկրուգի շտաբի ավագ համհարզը: 1914 թ. նշանակվել է Սանկտ-Պետերբուրգի զինվորական օկրուգի Սվենբորգի ամրոցի զորքերի, իսկ 1916-1917 թթ.` Տրապիզոնի 127-րդ հետեւակային դիվիզիայի շտաբի պետ: Այնուհետեւ նշանակվել է 5-րդ Ֆինլանդական, ապա` 3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կռվել է նախ Արեւմտյան ճակատում գերմանացիների, այնուհետեւ Կովկասյան ճակատում` թուրքերի դեմ: Նշանակվել է 3-րդ ֆինլանդական գնդի (Լվով) հրամանատար: Այնուհետեւ` Տրապիզոնի 127-րդ հետեւակային դիվիզիայի շտաբի պետ, Կովկասյան 2-րդ հեծելազորային կորպուսի հրամանատար (Պարսկաստան), 1917 թ. հունիսին` ֆինլանդական, ապա 3-րդ հրաձգային դիվիզիաների հրամանատար (Հարավ-Արեւմտյան ռազմաճակատ):

1917-ի վերջից հայրենասեր գեներալը թողել է ծառայությունը եւ ռուսական բանակի մեծ թվով սպաների հետ տեղափոխվել Կովկաս։ 1918 թ. հրավիվել է հայրենիք եւ նշանակվել նորաստեղծ Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին զինվորական նախարար: 1919 թ. ապրիլի 25-ին նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի` Սպարապետի շտաբի պետ: Նույն թվականի մայիսի 28-ին` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ:

1917-1919 թվականների ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել ազգային զորամիավորումների, մասնավորապես Հայկական առանձին կորպուսի կազմավորման գործում: Նրա ղեկավարությամբ մինչեւ 1918 թ. աշունը կազմավորվել է ՀՀ զինվորական նախարարությունը, ձեւավորվել հայկական ազգային զինված ուժերը, ստեղծվել Հայկական առանձին դիվիզիան, ազատագրել Թուրքիայի կողմից բռնազավթված որոշ հայկական տարածքներ, հաղթանակով ավարտել հայ-վրացական պատերազմը:

Ծառայության ընթացքում արժանացել է բազմաթիվ շքանշանների եւ մեդալների: Հայաստանի Հանրապետության անկումից հետո Մոսկվայում բոլշեւիկների կողմից բանտարկվել է, ապա` գնդակահարվել:

Արդարադատության նախարար Սամսոն Ստեփանի Հարությունյան : Ծնվել է 1869 թ. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Վերին Աղդան (այժմ` Գանձաքար) գյուղում: Հայ նշանավոր քաղաքական եւ հասարակական գործիչ էր։

1906 թվականից եղել է կադետական կուսակցության անդամ։ Սամսոն Հարությունյանը հատկապես լայն հասարակական ազգանպաստ գործունեություն ծավալեց, երբ ընտրվեց 1881 թ. հիմնադրված Կովկասի Հայոց բարեգործական լուսավորամշակութային ընկերության նախագահ: Ընկերությունը, որ 1902 թվականին բացել էր որբանոց, ծերանոց, անվճար եւ էժանագին ճաշարաններ, մինչեւ 1908 թվականը զբաղվում էր հիմնականում աղքատախնամ գործունեությամբ։ Ս. Հարությունյանի ակտիվ գործունեության եւ Ռուսաստանում քաղաքական ռեժիմի որոշ բարեփոխման արդյունքում, հնարավոր դարձավ 1908 թվականի ընդունել ընկերության նոր կանոնադրություն, որով վերականգնվեցին րնկերության նախկին իրավունքները եւ արդեն 1911 թվականին ընկերությունն ուներ 45 տեղական բաժանմունք, պահում էր 140 դպրոց, հրատարակում հայերեն գրքեր, այդ թվումՙ անվճար դասագրքեր։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ընկերությունը բոլոր հնարավոր միջոցներով օժանդակում էր ռուսական բանակին: Ակտիվ քարոզչությամբ հավաքագրում էր կամավորներ, բացում դպրոցներ, հիվանդանոց, դեղատներ եւ այլն։ Այդ նույն ժամանակ Ս. Հարությանն օգնում էր նաեւ բարեգործական այլ միությունների, նպաստում Թիֆլիսի բարեկարգմանը։ 1915-1917 թվականներին ընկերությունը հրատարակում էր «Համբավաբեր» շաբաթաթերթը, որը խմբագրում էր Ս. Հարությունյանը։

Անհանգիստ ու եռանդուն գործիչ Ս. Հարությունը ընտրվել է Ազգային բյուրոյի նախագահ, Հայոց ազգային խորհրդի անդամ, ինչպես նաեւ մասնակցել այլ հասարակական կազմակերպությունների աշխատանքներին։ 1914-1915 թթ. ակտիվ մասնակցություն է ունեցել հայ կամավորական ջոկատների ստեղծմանը։ 1917 թվականին անդամագրվել է Հայ ժողովրդական կուսակցությանը, իսկ 1919 թվականին ընտրվել նույն կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ։

1918-1919 թվականներին եղել է Հայաստանի Առաջին Հանրապետության արդարադատության նախարարը։ Անդրկովկասում խորհրդային վարչակարգի հաստատումից հետո դարձել է վտարանդի։ Վախճանվել է 1941թ.:

ՀՀ կոալիցիոն կառավարության մյուս նախարարներին կներկայացնենք առաջիկայում:

Նկար 1. Արտաշես Էնֆիաջյան

Նկար 2. Հովհաննես Հախվերդյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ