ԵՊՀ-ՈՒՄ ԲԱՐՔԵՐՆ ԻՆՉՊԵՍ ՈՐ ԵՆ ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, ԵՊՀ ուսանող Մենք սովորել ենք դատել ուրիշների մասին ըստ մեզ, եւ եթե մենք սիրով ներում ենք նրանց մեր թերությունները, խստորեն դատապարտում ենք նրանց այն բանի համար, որ նրանք զերծ են մեր արժանիքներից: Բալզակ Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն» վեպի համանուն էկրանավորման մեջ մի հատված կա, որտեղ կիսախենթ Գլակը Միրոյին ասում է. «Եւ տե՛ս, գետը մեր սուզվել է, մնացել են քարերըՙ բերած, եւ արդ ժամն է, որ ընտրյալները ցեղիդ, քարերով այս իրար գլուխ ջարդեն»: Թե վերնագրի հետ ինչ կապ ունեն «Ձորի Միրոն» ֆիլմն ու հատկապես այս հատվածը, կամՙ Բալզակը, պարզ կլինի ստորեւ: Սույն թերթի անցյալ շաբաթվա համարում կրկին անդրադարձել էի Երեւանի պետհամալսարանին, որտեղ քննադատական հայացքների արժանացան համալսարանի ղեկավարները: Բայց, եկեք ընդունենք, որ համալսարանի ղեկավարությունն ամբողջ համալսարանը չէ: Բոլորս լավ ենք հիշում, որ մինչեւ ՀՀԿ-ի իշխանաթողությունը ԵՊՀ-ում վերջիններիս հարող ուսանողներն ու դասախոսները, իսկ նրանք շատ էին, քայլում էին «էս սարն իմն է, էս ծառն իմն է» ասող հայտնի աղվեսի դեմքի արտահայտությամբ ու ամենայն հավատով համոզված էին, որ համալսարանն իրենց «պապական օջախն» է: Շատերն են նեղսրտել այդ դեմքի արտահայտությունից ու մտածելակերպից: Շատերն են ցանկացել օր առաջ ազատվելՙ դեմքից կարծես Հանրապետականի կրծքանշան թափող դասախոսներից ու նրանց կողմից հովանավորվող, առատ կաղին կերած, պարարտ խոճկորի արտաքինով ուսանողներից: Շաբաթներ առաջ Հայաստանում սկիզբ առած քաղաքական շարժումը մեզ տվեց այդ հնարավորությունը, իշխանափոխություն եղավ, եւ նույնիսկ դեմքից հանրապետականի կրծքանշան թափող դասախոսներն ու խոճկորի արտաքինով ուսանողներն սկսեցին անխնա հայհոյել Սերժ Սարգսյանին, Էդվարդ Շարմազանովին, Գալուստ Սահակյանին, Արմեն Աշոտյանին ու, ամեն դեպքում, եւս մեկ անգամՙ Աշոտյանին, չնայած նրան, որ ժողովրդի թեկնածուն խնդրել էրՙ չհայհոյել: Հիմա կարծեսՙ ամեն ինչ անցել է, հանրապետականներն արդեն կամաց-կամաց «խելոք ժողովուրդ» են դառնում: Բայց երբ եկել է ժամանակըՙ ամեն բան մոռանալու, համալսարանն ապաքաղաքականացնելու, հավասարություն ստեղծելու, ատելությունը վերացնելու, բոլորը Նիկոլ Փաշինյանի «հետեւորդներ» են դարձել, նույնիսկ ՙ որոշ թաքուն հանրապետականներ, բոլորը «դուխով» են ու բոլորը գտնում են, որ ժամանակն է նախկին հանրապետականներին մի լավ «դաս տալու», իսկ թե ինչպիսին է այդ դասը, դժվար է պատասխանել, քանի որ «դասատուները» շատ են, մեթոդներըՙ բազմազան: Եւ այդ իսկ պատրաստակամությամբ ԵՊՀ-ում «Դուխովների» բանակի 2-րդ, «Միջանցքալսարանային պատժիչ բրիգադը» ոտքի է կանգնելՙ «պատմական արդարությունը» վերականգնելու, այն էՙ մի այլընտրանքայինՙ հոգեւոր մահ հանրապետականներին, մի տեսակ հիշելի է խորհրդային շրջանի «СМЕРШ» ծրագիրը. անունդ վառ, դեռ օրորոցում մեռած հանդուրժողականություն: Ինչ խոսք, բոլոր իմաստներով դասեր տալն ու առնելը միշտ էլ օգտակար է եղել մարդկությանը, բայց, ներեցե՛ք, վրիժառու բարեկամներ, հեղափոխությունը սիրո չէ՞ր, ինչո՞ւ եք ատում, բաց ձեռքերի չէ՞ր, ինչո՞ւ եք ուզում ճնշել, եւ վերջապես, եթե հիմա դուք հետապնդում եք նրանց, ովքեր շաբաթներ առաջ հետապնդում էին ձեզ, ո՞րտեղ է կայանում տարբերությունը, որտե՞ղ է դրսեւորվում հանդուրժողականությունը, սերը: Լավ, պարզ հարց տամ. ո՞րն է ձեր ու նրանց տարբերությունը. գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, չէ՞: Ի՞նչ է, 18-19-րդ դարի ստրկատիրական ժամանակաշրջա՞նն է, ստրուկն ու ստրկատերն էլ տեղերով փոխվե՞լ են: Մեկ-երկու շաբաթ «մերժիր-մերժիր» գոռացիք ու մնացիք այդ մերժողականության ալիքի տակ: Ուշքի եկեք, քանի չեք խեղդվել: Որեւէ բան մերժելն այսօր ձեր առօրյան է դարձել, այդ ալիքի ուժգնությունն այնքան մեծ է, որ սկսել եք մերժել հենց համալսարանին, պնդելով, որ այնտեղ ոչ մի լավ բան չկա, եւ, մեծ ավետիս, դուք կբերեք փրկությունը նրա: Բայց մոռանում եք, որ, բոլոր դեպքերում, սա ԵՊՀ-ն է, որի դարբնոցում հարյուր տարի անընդմեջ կռվել են մեր մտքի ջահակիրները, եւ նույնիսկ ինքըՙ Նիկոլ Փաշինյանը, ում սիրո ու հանդուրժողականության կոչերը ոմանց կողմից ընկալվում են որպես խոսքի գեղեցիկ կառույցներ, ոչՙ ավելին: Դուք որակյալ կրթություն եք պահանջում առանց սովորելու, կարդալու եւ ընդանրապեսՙ գաղափար կազմելուՙ ինչ է կրթությունը: Չենք մոռանում չէ՞, որ մենք մեր վստահությունն ու համակրանքը վայելող ԿԳ նախարար ունենք, բայց նրա ղեկավարած նախարարության մաս կազմող կառույցը մեղադրվում է կրթության ցածր որակ ունենալու համար: Իսկ կրթության որակը բարձրացնելու լավագույն միջոցը համարում եք... ռեկտորի հրաժարականը: Ճիշտ է, ռեկտորին կարելի է մեղադրել նվազագույնը 29-58 աշխատանքային պարտականության թերացման մեջ, բայց եթե որեւէ մեկը կարծում է, որ ռեկտորի հրաժարականով ու դասախոսին անգրագետ անվանելով բարձրանալու է կրթության որակը, ապա, մեղմ ասած, ես լուրջ չեմ համարում, քանի որ պարզունակության ամենազորեղ կրողն անգամ հասկանում է, որ կրթության որակը երկրում կարող են բարելավել ԿԳ նախարարն ու նախարարությունը, կառավարությունը, իրենց խելամիտ պատրաստակամությամբ, եւ ամենակարեւորըՙ ուսանողություննՙ իր սովորելու ցանկությամբ եւ ունակությամբ: Եթե առարկություններ չկան, անցնենք մեր վերոնշյալ բարեկամներին: Ինչ խոսք, համալսարանում (ինչպես հանրային բաղնիքում, թաղապետարանում, հեռավոր գյուղի գյուղապետարանում, Տաջիկստանում ու տարատեսակ գազալցակայաններում) կան մարդիկ, որոնց պետք է ամենայն սիրով ու քնքշությամբ բացատրել, որ ինքը, ինչպես Նիկոլն է ասում, քաղաքական դիակ է (չնայածՙ թող քաղաքականն ու հասարակականն ինքը որոշի), եւ ինչպես Գալուստ Սահակյանն է պնդում, ոչ էական մարդ է , եւ որ ժամանակն էՙ աշխարհայացքը վերանայելու ու ճիշտ ապրելու: Բայց այդուհանդերձ, այդ պրոցեսի ժամանակ անընդունելի է որեւէ քայլ, որն իր մեջ պարունակում է ատելության ու վրեժխնդրության տարրեր: Բոլոր պարագաներում մենք հայ ենք, եւ մեր գերխնդիրը պետք է լինի ոչ թե անցյալի սխալների հիման վրա մեր եղբայրներին ճնշելը, այլՙ սիրելը, սովորեցնելը, միասին լինելը, ուժեղ լինելը: Իսկ որպես վերջաբան ուզում եմ ասելՙ եթե որեւէ մեկը կարծում է, որ ժողովրդական հաղթանակն իրեն թույլ է տալիս ֆիզիկական ու հոգեբանական հաշվեհարդար տեսնելՙ իր իսկ բնորոշմամբ պարտվածների հետ, ապա ուզում եմ հավաստիացնել, որ ինքը պարտվել է, պարտվել է գաղափարապես, հոգեբանորեն, որովհետեւ պայքարը եղել է հանուն այնպիսի հաղթանակի, որի արդյունքումՙ երկրի ներսում որեւէ մեկը ոչ մի դեպքում չէր պարտվելու: Եւ եթե հաշվեհարդար տեսնելու ձգտումը մեծ է, գնացեք սահման ու այնտեղ հաշվեհարդար տեսեք մեր կենսաբանական թշնամու հետ. ի գո՞րծ: Հ.Գ. Տեքստը շարադրելիս ոչ մի վայրկյան չեմ մոռանում, որ համալսարանում կան խնդիրներ, որոնք տարիներ շարունակ կարոտ են լուծման, ոչ մի վայրկյան չեմ մոռանում, որ հավատացել ու հավատում եմ նոր կառավարությանը, բայց ամեն ինչ իր ժամանակին ու օրենքի շրջանակներում, ինչպես նոր կարգերն են պահանջում, իսկ մենք, իհարկե, որոշ վերապահումներով, կողմ ենք նոր կարգերին: Բոլորս էլ ձգտում ենք լավ կրթության ու բարեկեցության, բայցՙ առանց չափն անցնելու. չափի զգացողությունը լավ բան է, նույնիսկՙ չափն անցնելու ժամանակ: |