RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-11-02 00:10:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 2324, Տպվել է` 197, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՕՐԱԿԱՐԳ. ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Մոդայիկ մոտեցումների հետեւելու համար չէ, որ, եւս մեկ անգամ, մեր ազգային-պետական խնդիրներին անդրադառնալիս դիմում ենք հրեա ժողովրդի ու նրա պետականության ինքնակազմակերպական փորձառությանը, օրինակներին: Ճակատագրով եւ կեցությամբ հրեա ժողովուրդն ու նրա պետականությունը բազմաթիվ աղերսներ ունեն մեր ժողովրդի ու պետության անցյալի ու մերօրյա իրականության հետ, ունենալով հանդերձ մի շարք էական տարբերություններ, որոնց, այս վերջիններին, անդրադառնալ չեմ ուզում այստեղ, քանզի նպատակս մեր եւ նրանց միջեւ համեմատություններ անցկացնելը չէ: Այլՙ մեր եւ նրանց ազգային ձգտումների միջեւ գոյություն ունեցող զուգահեռները ցույց տալը, ընդհուպՙ հրեաների փորձի ու փորձառության առավելությունը մատնանշելը:

Մեր թերթի ներկա համարի 7-րդ էջում թարգմանաբար ներկայացնում ենք Ստամֆորդից (ԱՄՆ) մի հրեա ռաբբիիՙ Ջոշուա Համերմանի ծրագրային հոդվածը, որը հայտնաբերեցինք համացանցում տարբեր պետությունների երկքաղաքացիների կացության, իրավունքների, հատկապեսՙ իրենց հայրենիքում քվեարկելու իրավունքի շուրջ պրպտումներ կատարելիս: Այդ հոդվածում, ինչպես պիտի տեսնի ընթերցողը, իրավիճակի գնահատման, ձախողումներից ելք գտնելու, Իսրայել պետության շուրջ հրեական սփյուռքը միավորելու այնպիսի ախտանշումներ ու հանձնարարականներ կան, որոնք գրեթե ամբողջությամբ համապատասխանում են մեր ժողովրդի ու պետության ներկա կացությանը: Հետեւաբարՙ ուսանելի մեզ համար:

Պետք է խոստովանենք, որ մեր 3-րդ Հանրապետության հաջորդական երեք իշխանություններն էլ կատարելապես ձախողել են մեր ժողովրդի մեծամասնությանՙ Սփյուռքում ապրող հայության նկատմամբ տարվող քաղաքականությունը: Առաջին նախագահըՙ սահմանագծելով ու հակադրելով Հայաստանը Սփյուռքինՙ «նարինջ ուտողների» եւ «չուտողների» իր հայտնի բանաձեւով: Երկրորդըՙ Սփյուռքից առանձնացնելով անհատ դոնորներինՙ իր անձնական եւ միայն անձնական հովանավորության տակ: Երրորդըՙ ազգային ֆոլկլորի վերածելով այդ հարաբերություններըՙ ցուցադրական միջոցառումներով ու շքանշաններով պճնված, գումարածՙ ավանդական կազմակերպություններից մեկի գերագնահատումը, ինչը մնայուն ու տեւական ոչինչ տվեց ո՛չ այդ կազմակերպությանը, ո՛չ էլ Սփյուռքին:

Արդյունքը այս բոլորինՙ տարեկան ընդամենը 10-12 միլիոն դոլարի խղճուկ «բերքահավաք», եւ շփոթ, շփոթված ու շարունակ մաշվող սփյուռքահայություն: Մինչդեռ վստահելի եւ ընդգրկուն համակարգի, անկեղծ հարաբերությունների դեպքում, դրամահավաքը կարող էր հեշտությամբ գերազանցել տարեկան 100 միլիոնի սահմանագիծը, դրանից բաժին հանելով նաեւ, օրինակ, սփյուռքահայ կրթօջախներին:

Քննական հայացքով պրոֆեսիոնալ վերլուծաբանների հոգածությանը թողնելով վերջին 27 տարիների մեր այդ փորձառությունը, կարող ենք վստահորեն ընդգծել մեր երկրի հաջորդական իշխանությունների մոտ համազգային համապարփակ տեսլականի ու դրա իրականացման անշահախնդիր եւ անկողմնակալ մոտեցման պակասը: Հայկական սփյուռք կոչված երեւույթը մասնագիտորեն չճանաչելու, նրա շահերն ու կարիքները անտեսելու, նրան միայն ծափահարողի եւ ստնտուի կարգավիճակում պահելու, մայր հայրենիքի խորհրդարանական ու կառավարական աշխատանքներում նրանց չներգրավելու, եւ, վերջապես, ամենակարեւորըՙ Հայաստանի հետ չինտեգրելու պատճառները պետք է փնտրել համահայկական տեսլական չունենալու իշխանավորների կուրության մեջ:

Այդ կուրությունից տուժողների շարքում է նաեւ Ռամկավար Ազատական կուսակցությունը, որի 2015 թ.ին հայաստանակենտրոն դառնալու ակտը բացարձակապես չողջունվեց նախորդ իշխանության կողմից: Ընդհակառակը, քաջալերվեցին մի խումբ արկածախնդիր մարդիկ, որոնք դեմ էին ու դեմ են այդ բաղձալի ինտեգրմանը, մինչ իշխանությունները դրա մեջ տեսնում էին վտանգՙ իրենց մենատիրական նկրտումների համար:

Հիմա, ինչպես ասում են, նոր իրավիճակ է ստեղծվել երկրում: Մենաշնորհները, խտրական վերաբերմունքը, կոռումպացվածությունը արմատախիլ անելուն ուղղված համաժողովրդական պայքարը ոգեւորել է նաեւ սփյուռքահայությանը: Ճիշտ ժամն է օգտվելու այդ խանդավառությունից եւ համարժեք քայլեր անելու նաեւ Սփյուռքը լիարժեքորեն Հայաստանի հետ ինտեգրելու ուղղությամբ:

Նույն ուղղությամբ առաջին քայլերից մեկը, ինչպես վերջերս մի քանի առիթներով շեշտել էր ՌԱԿ Կենտր. վարչությունը, պետք է լինի երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքի հիմնավոր եւ լավ մտածված փոփոխությունը: Օրենքի լրամշակումՙ որի մասին այնքան համոզիչ գրել է հրեա ռաբբին վերոհիշյալ հոդվածում: Այնտեղ բերված համապատասխան հիմնավորումները կարծես գրված լինեն նաեւ մեր ազգի համար:

Անկեղծ ցանկության պարագայում կարող ենք օգտվել ուրիշների փորձից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ