ԱՎԵԼԻ ՀԻՆ, ՔԱՆ... ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Շաբաթներ շարունակ հանրության շրջանում հուզմունքի ու բողոքի մեծ ալիք էին բարձրացրել Քարահունջի պեղումները: Իհարկե, պեղումներ բառը ճիշտ չէ, քանի որ, համաձայն տարածված լուսանկարների ու տեսանյութերի, տեղի ունեցողը ոչ թե պեղում էր, այլՙ խեղում: Այո, խեղում, քանի որ հատուկ տեխնիկայով քարերն այնպես էին տեղից տեղ տեղափոխում, կարծես շինհրապարակի բետոնե սալիկներ լինեին: Կոչերը շատ էին, ուղղվածՙ Մշակույթի նախարարությանը, մտավորականությանը, իհարկե, մայիսի 8-ից հետո այդպիսիք քիչ են մնացել, նաեւ` կառավարությանն ընդհանրապես: Ճիշտ է, վարչապետի առաջնային անելիքը Քարահունջի աստղադիտարան լինել-չլինելը պարզելը չէ, ոչ էլ պեղումներին հետեւելը: Այդ գործով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունը, որը, ինչպես երեւում է գործելաոճից, խորը մասնագիտական տեղատվություն է ապրում: Այնուամենայնիվ, զարմանալի էր, որ վարչապետը մինչեւ վերջ էլ չարձագանքեց բազմաթիվ բողոքներին, գոնեՙ ոչ պաշտոնական մակարդակով: Ի դեպ, քանի որ առանձնակի կարծիք չեմ հայտնելու, որպես վերջաբան կնեշեմ միայն, որ «Հայերը եւ հնագույն Հայաստանը» աշխատության մեջ Պարիս Հերունին երեք մեթոդներով հստակ ներկայացրել է իր կատարած աստղագիտական, մաթեմատիկական ու ֆիզիկական հաշվարկները եւ հիմնավորել, որ Քարահունջը հիմնվել է 7500 տարի առաջ: Ավելին, ի հեճուկս սնահավատներիՙ Հերունու գործածած առաջին մեթոդով, որը մեծ տարածում ու արդյունավետություն ունի գիտական ասպարեզում, որոշվել է նաեւ Սթոունհենջի տարիքը: |