ԲԱՆՏԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՙ ՍԵՐՎԱՆՏԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ ՆԱԻՐ ՅԱՆ Քանի որ հոկտեմբերի 13-ը բանտային կրթության միջազգային օրն էր, պարզվում էՙ ամբողջ հոկտեմբերին աշխարհի շատ երկրներում բանտարկյալների կրթամշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաներ են անց կացվել: Մեր երկրում այդ առումով լուրջ շեշտադրումներ չկան, որոնք միտված լինեն հանրության ու պետության ուշադրությունը հրավիրել կալանավորների վրա: Մինչեւ հիմա բանտարկյալի կրթամշակութային ձգտումները բանտի պատերից դուրս հանելու մեկ օրինակ է հայտնի հանրությանն ու պետությանըՙ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը, որը գրքեր է գրում ու հրատարակում: Այս դեպքն էլ լրագրողական հետաքննության արդյունք է: Արդարադատության նախարարությունը կալանավայրերում մշտադիտարկումներ է անց կացնում, որոնց արդյունքում պարզվել էՙ կալանավորների մինչեւ 80 տոկոսը կարող է ներգրավվել կրթության բնագավառում: Քրեակատարողական հիմնարկներում անց են կացվում արվեստի, համակարգչային ուսուցման, սոցիալական ինտեգրման դասընթացներ: Բայց մինչեւ հիմա հանրության շրջանում կալանավորների կրթամշակութային ձգտումների, արվեստների ու արհեստների նկատմամաբ պատկերացումները սահմանափակվում են հացի խմորից խաչեր, ձեռքի համրիչներ պատրաստելով, մեկ-մեկ էլ ծղոտից ու լուցկու հատիկներից եկեղեցիներ, վանքեր սարքելով: Համենայն դեպս, այդպիսին է մեծամասնության ընկալումը: Իհարկե, կալանավայրում հայտնվում են նաեւ ինտելեկտուալ մարդիկ, որոնց կրթական իրավունքներն առավել են վտանգվում ու խախտվում: Մեզանում ավանդույթ կա շեշտը դնել երեխաների, երիտասարդների կրթական իրավունքների պաշտպանությանը, հետեւել, ջանալ, որ նրանք լիարժեք կրթություն ստանան, նաեւ բարձր մասնագիտական գիտելիքներ ձեռք բերեն: Իսկ մեծահասակների կրթական իրավուքներն անտեսված են: Թերեւս պատճառն այն է, որ մեր երկրում աշխատաշուկան խիստ սահամանափակ է, աշխատանքային տարիքի շեմն էլՙ ցածր: Այդ պատճառով էլ արժանապատիվ ապագայի հույսեր կարող են ունենալ միայն երիտասարդները, իսկ մեծահասակների համար 35-40-ից հետո շանսերը 50 տոկոսով նվազում են անգամ բարձրագույն կրթություն ունենալու դեպքում: Եվ այս համատեքստում ռեալ ակնկալիքներ ունենալ, թե կալանավայրում կրթություն, այդ թվումՙ բուհական կրթություն ստանալն արժանապատիվ կյանքի շանսերը կմեծացնի, քիչ հավանական է: Բանտից դուրս գալովՙ առհասարակ արժանապատիվ կյանքի շանսերը նվազում են. սա գաղտնիք չէ: Ու թեեւ արդարադատության նախարարությունը փաստում է, որ կալանավորների 80 տոկոսին կարելի է ներգրավել կրթական գործընթացներում, այսինքնՙ բանտերում 80 տոկոս կրթական ներուժ կա, փաստն այն է, որ այդ 80 տոկոսը դեռ ի վիճակի չէ կարծրատիպեր ջարդել: Սովետական Միությունը հակված էր բոլորին անխտիր կրթել. սկզբունք էր, երկաթե օրենքՙ բոլորը պետք է միջնակարագ կրթության վկայական ունենային, խրախուսվում էր նաեւ բարձրագույն կրթությունը: Ստեղծվեցին գիշերօթիկ դպրոցներ, որոնք անապահով ընտանիքների երեխաներին միջնակարգ ուսուցում էին ապահովում, կային նաեւ երեկոյան դասեր ցերեկն աշխատող մեծահասակների համար: Նույն նպատակին էին ծառայում բուհերի երեկոյան եւ հեռակա դասընթացները: Սա, ինչ խոսք, մեծ մասամբ ֆորմալ բնույթ էր կրում. ուղղակի ամոթ էր, եթե սովետական քաղաքացին միջնակարգ դպրոցի վկայական չունենար, իսկ բուհական դիպլոմը ցանկալի էր: Պարզվում էՙ այժմ հետսովետական երկրներից Բելոռուսն է պահպանում կրթական իրավունքի իրացման ավանդույթները: Բելառուսն իր կալանավորներին կրթվելու լայն հնարավորություն է ընձեռում: Ո՞վ գիտեՙ միգուցե մեր կալանայարերում Սերվանտես կամ Չարենցներ են բանտարկված: Համաշխարհային պատմությանը հայտնի են բանտային մի շարք կենսագրություններ: Իոսիֆ Բրոդսկի, Ալեքսանդր Սոլժենիցին, Օսկար Ուայլդ, հնդիկ Սուկումարա. նրանք ստեղծագործել են բանտում: Սերվանտեսն իր «Դոն Կիխոտը» գրել է կալանավայրում: Շատերին հայտնի «Ծաղկած փշալարերը» վիպակը Գուրգեն Մահարին գրել է ստալինյան բանտում: «Մի թող, որ գրիչդ ժանգոտի, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա՛»,- գրել է Մահարին: Նա աքսորավայրերում ու բանտերում անց է կացրել 17 տարի:Գրող, թարգմանիչ, հրապարակախս Զապել Եսայանը ստալինյան բռնաճնշումների տարիներին հոգեկան ու ֆիզիկական դաժան կտտանքների է ենթարկվել: Դստերըՙ Սոֆի Եսայանին ուղարկված նամակում նա գրում է. «Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանքՙ ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել»: Այս սկզբունքրեի տեր գրողին, սակայն, անազատությունը լռեցրեց: Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարին ԿԳԲ-ի նկուղներում այնպես էին ծեծել, որ մի ականջը խլացել էր: Նույն բանտախցում նրա հետ նստած մի երիտասարդ խնդրում է վարպետին նկարել իրեն: Բայց ստալինյան բանտում թուղթ ու մատիտ որտեղի՞ց... Քոչարը ելքը գտնում է. բանտարկյալներից մեկի ռետինե կրնկակոշիկն այրում է, մրուրը խառնում շաքարաջրին ու ներկ ստանում: Երիտասարդ բանտարկյալի դիմանկարը Քոչարը պատկերում է այդ ներկով, իսկ որպես թուղթՙ օգտագործում է մի թաշկինակ: Վրձին պատրաստում է բանտի բակում զբոսնող կատվի պոչից: Դիմանկարը հայտնաբերվում է, նկարիչն ու բնորդը հայտնվում են մենախցում: Բանտում ստեղծագործել են Եղիշե Չարենցը, Լեռ Կամսարը, Սերգեյ Փարաջանովը: «Կոլաժը խտացված ֆիլմ է»,- ասել է Փարաջանովը: Խիստ ռեժիմի կալանավայրում նա ֆիլմ նկարելու հնարավորություն չի ունեցել. ստիպված է եղել ձեռքի տակ եղած իրերով կոլաժներ պատրաստել, սցենարներ ու նամակներ է գրել: 240-ից ավելի նամակ է գրել բանտում: Ընդհանրապես Փարաջանովի բանտային անազատությունը զարմանալիորեն ազատ ու անասելի գեղեցիկ է դրսեւորվել նրա սցենարներում ու նամակներում: Բանտային կյանքն ու բախտակից ընկերների կերպարները խոր հետք են թողել նրա խառնվածքի ու ստեղծագործության վրա: Այնպես որ, վերոնշյալ գրողների ու արվեստագետների պարագային միանշանակ չի կարելի ասել, թե բանտը եղել է անազատության սահմանագիծ ու պատնեշ: Նրանց ազատ միտքն ու հոգին բանտարկելն անհնար է եղել: |