ԱՇԽԱՐՀԻ ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳԻՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ` ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՌՕՐՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎ Հայաստանի 2800-ամյա մայրաքաղաքում սկսել է քննարկվել կենդանաբանական այգիների դերի կարեւորությունըՙվայրի բնության պահպանման եւ կենդանիների վերաբնակեցման (ռեինտրոդուկցիա) գործում: Եվրասիական կենդանաբանական այգիների ու ակվարիումներիՙ ԵԱՌԱԶԱ-ի միջազգային համաժողովը կազմակերպել եւ իրականացնում է Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC-ն)ՙ ՀՀ Բնապահպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հովանու ներքո: Համաժողովի իրականացման հարցում հիմնադրամին շարունակում է սատարել ավելի քան տասնամյա գործընկերըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերի հիմքում կարեւոր տեղ են զբաղեցնում բնապահպանությունն ու սոցիալական պատասխանատվությունը: «Մեզանից յուրաքանչյուրը կարող է ձեռք բերել անհրաժեշտ ինֆորմացիա այս կամ այն ոլորտի վերաբերյալ, ուսումնասիրել, սովորել, վերապատրաստվել ու դառնալ մասնագետ: Դա ցանկության եւ ընտրության հարց է: Կան, սակայն, այնպիսի հարցեր, որոնք պարտավորեցնում են լինել առավել պատասխանատու: Երկիր մոլորակի քաղաքակիրթ, սրտացավ բնակիչ լինելը ընտրության հարց չէ. այդպիսին պարտավոր ենք լինել բոլորս: Թեկուզ այն պարզ պատճառով, որ մենք ապրում ենք այստեղ եւ մեզանից հետո եկող սերնդին պետք է փոխանցենք ոչ թե բնապահպանական աղետի առջեւ կանգնած տարածք, այլ խնամված, պահպանված ու կանաչ երկիր»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը : Յուրաքանչյուր տարի, ԵԱՌԱԶԱ-ն համախմբում է ԱՊՀ եւ եվրոպական երկրների պատվիրակների եւ կենդանաբանական այգիների տնօրենների: Մեր երկրում համաժողովը հրավիրվել է առաջին անգամՙ մեկ հարկի տակ միավորելով շուրջ 80 կենդանաբանական այգի ներկայացնող 130 պատվիրակի: Սովորաբար, մասնակիցները քննարկում են ոլորտի նվաճումները, միջպետական գործակցության եւ միջազգային նոր կապեր հաստատելու հեռանկարները: Հերթական խորհրդաժողովին ներկայացել են խոշոր կենտրոնների ներկայացուցիչներըՙ Տոկիոյի (Ճապոնիա), Մագդեբուրգի (Գերմանիա) եւ Վարշավայի (Լեհաստան) կենդանաբանական այգիների պատվիրակները: Քննարկվելիք թեման կենդանաբանական այգիների կարեւորությունն էՙ վայրի բնության պահպանման եւ կենդանիների վերաբնակեցման հարցում: Մասնավորապես, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կենդանաբանական այգիների զարգացման ռազմավարական ուղղությունները, վայրի բնության պահպանմանն ուղղված համատեղ ծրագրերը եւ այլն: Համաժողովի կարեւորագույն հարցերից են վայրի կենդանիների անօրինական առեւտրի խնդիրը եւ Կարմիր գրքում հայտնված հազվագյուտ կենդանատեսակների պահպանման գործում փորձի եւ գիտելիքների փոխանակումը: Համաժողովի շրջանակներում նախատեսված է այցելություն Երեւանի կենդանաբանական այգիՙ տեղում իրականացված աշխատանքներին ծանոթանալու եւ գործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: |