25 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ. ԿԱՅԱՑԵԼ Է «ՓԱՐՈՍ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում կայացել է «Փարոս» կամերային երգչախմբի հոբելյանական համերգը: Իր տեսակի մեջ եզակի` ներառական այս երգչախումբը, որի երգիչների մեծ մասը հաշմանդամություն ունեցողՙ այդ թվում սայլակավոր մարդիկ են, անցել է ստեղծագործական կայացման երկար ուղի: Խումբը ստեղծվել է 25 տարի առաջ` Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում: Այն սահմանել է կարեւոր նպատակ. ապահովել հոգեբանական ռեաբիլիտացիաՙ սայլակի օգնությամբ տեղաշարժվող անձանց համար: «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող «Փարոսն» արդեն հանրության մեծ ճանաչման արժանացած երգչախումբ է: «Երգչախմբի առաքելությունն է ոչ միայն պատվով ներկայացնել մեր մշակույթը, այլեւ լինելով ակտիվ, անկախ եւ արժանավայել կյանքի փարոս ու ջատագովՙ օրինակ ծառայել Հայաստանում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց: Այդ նպատակների իրացմանը մեծապես նպաստել են մեզ աջակցողները: Պատահական չէ, որ 2011թ.-ից սկսած, երբ երգչախմբի գլխավոր գործընկերոջ դերը ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Փարոսը» գրանցեց աննախադեպ ստեղծագործական աճ, դարձավ միջազգային հեղինակավոր մրցույթների դափնեկիր եւ նվաճեց բազմաթիվ պարգեւներ ու մեդալներ», - ասել է «Ունիսոն» ՀԿ եւ «Փարոս» կամերային երգչախմբի տնօրեն Արմեն Ալավերդյանը : «Կյանքը մարտահրավեր է. գեղեցիկ ապրելու, դժվարություններ հաղթահարելու, ստեղծելու, նպատակներ սահմանելու եւ դրանք իրականացնելու «շղթա»: Այս բեմում նման սկզբունքով առաջնորդվող մարդիկ են: Նրանք ոչ միայն չեն ընկրկել կյանքի բերումով ստեղծված դժվարությունների առաջ, այլեւ գտել են խնդիրները հաղթահարելու յուրահատուկ միջոցՙ երաժշտության լեզուն: Այն կամքը, որը տարիներ շարունակ դրսեւորում է երգչախմբի յուրաքանչյուր անդամ, կյանքն իրապես սիրող, ուժեղ մարդու մոտեցում է: Երգչախմբի 25-ամյա ձեռքբերումները կարեւոր են եւ հուսամՙ շարունակական: Մեր գործընկերությունը շարունակվելու է նաեւ հաջորդ տարի», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Փարոսը» թողարկել է 5 ձայներիզ, ելույթներով հանդես է եկել Հայաստանի, Արցախի եւ արտերկրի բեմերում (Լիբանան, Վրաստան, Մեծ Բրիտանիա, Իտալիա, Ֆրանսիա, Ավստրիա, Սլովակիա, Լատվիա, Ռուսաստան): Հոբելյանական համերգի կայացմանն աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը եւ «Փարոս» հիմնադրամը: Ծրագրում ընդգրկվել են Ա.Խաչատրյանի, Ա.Վիվալդիի, Ջ.Վերդիի, Կ.Օրֆի եւ Խ.Ավետիսյանի ստեղծագործությունները: «Փարոս» երգչախմբի հետ ներկայացել են նաեւ Օպերայի եւ բալետի թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը եւ երգչախումբը, ինչպես նաեւ «Նարեկացի» նվագախումբը: «Փարոս» կամերային երգչախմբի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Երգչախմբին մշտական աջակցություն են ցուցաբերել նաեւ «Փարոս» հիմնադրամը, Քուլհանջյան - Շտրաուխ ընտանիքը (ԱՄՆ) եւ Հայկական Կարմիր Խաչի «Գրացիա» միջազգային հետվնասվածքային վերականգնողական կենտրոնը: |