ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՎ «ՕԼԳԱ ԹՈՒՄԱՆՅԱՆ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա Թումանյանի թոռնուհինՙ Իրմա Սաֆրազբեկյանը ներկայացրեց նոր մանրամասներ իր պապի կյանքից Դեկտեմբերի 1-ին Չեխիայում Հայաստանի դեսպանության սրահում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված հանդիպում-երեկո, որը կազմակերպել էր ՕՐԵՐ եվրոպական ամսագիրըՙ Հայաստանի դեսպանության հովանավորությամբ։ Հանդիպման գլխավոր հյուրն էր Թումանյանի թոռնուհինՙ Սեդա Թումանյանի եւ բժիշկ Ռուբեն Սաֆրազբեկյանի դուստրըՙ բանասիրական գիտությունների դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանը , որն այժմ բնակվում է Գերմանիայում։ Նրա որդինՙ ինժեներ-կոնստրուկտոր Ռուբեն Քանքանյանը , որ նույնպես ներկա էր հանդիպմանը, երկար տարիներ աշխատում է գերմանական Հայդլբերգի Մաքս Պլանկի (Max Planck) միջուկային ֆիզիկայի ինստիտուտում, ուր իր կատարած աշխատանքը բարձր էներգիաների ֆիզիկայի ոլորտում հանդիպման վերջում ներկայացրեց ներկա չեխահայերին։ Երեկոն ողջույնի խոսքով բացեց Հայաստանի դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան , որ ողջունելով հյուրին, խոսեց յուրաքանչյուր հայի կյանքում Թումանյանի ունեցած մեծ ազդեցության ու նրա ժողովրդականության մասին։ «Դեռ մանկուց մենք մեծացել ենք Թումանյանի բանաստեղծություններով ու հեքիաթներով, որոնց հետագայում փոխարինել են նրա քառյակներն ու պոեմները, եւ դարձել մեր բոլորիս կյանքի անբաժանելի մասը»,- ասաց տիկին Զաստուխովան։ Այնուհետեւ orer.eu կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը խոսելով հանճարեղ լոռեցու ազգային, հասարակական, բարեսիրական ու գրական գործունեության մասին, հիշեց Թումանյանի անձի հետ կապված հետաքրքրական պատմություններ եւ ներկայացրեց բանաստեղծի թոռնուհուՙ դոկտոր Իրմա Սաֆրազբեկյանի կատարած հսկայական աշխատանքը, Հովհաննես Թումանյանին նվիրված նրա հրատարակությունները եւ հատկապես վերջին գիրքըՙ «Օլգա Թումանյանը»։ Այս գիրքը նվիրված է նրա տատիկինՙ Թումանյանի կնոջըՙ Օլգա Թումանյանին։ Մենագրությունը 2018-ի սկզբին լույս էր տեսել ռուսերենով, իսկ սեպտեմբերինՙ հայերենով, որն էլ առաջին անգամ ներկայացվեց Պրահայումՙ այս հանդիպման ընթացքում։ Աննա Կարապետյանը նշեց նաեւ. «Անասելի ուժեղ ու իմաստուն կին էր Օլգա Թումանյանը, որն ապրեց 100 տարի, տեսավ ոչ միայն ամուսնու, այլեւ չորս որդիների մահը։ Թումանյանի որդիներից մեկը զոհվել է Վանի ինքնապաշտպանական մարտերում 1918 թվականին, իսկ մյուս երեքը դարձան ստալինյան ռեժիմի զոհեր։ Իսկ բանաստեղծի որդուՙ Մուշեղ Թումանյանի որդի Վիգենը զոհվեց երկրորդ համաշխարհային պատերազմի հենց սկզբում, ու այսպիսով կտրվեց Թումանյանի արական շառավիղներից վերջինի ճյուղը։ Կարծում եմ, որեւէ պատահականություն չկա, թիրախավորված էր հատկապես Թումանյանի ընտանիքը։ Օլգա Թումանյանը մինչեւ վերջ արժանապատվորեն տարել է իր խաչը, նրա ջանքերի շնորհիվ է, որ Թումանյանի ողջ ժառանգությունը Թիֆլիսից տեղափոխվել է Երեւան, տեղափոխվել է նաեւ ողջ կահ-կարասին, գրասեղանը, գրադարանը, որով այնքան հպարտանում էր Թումանյանը ու ձեռքն ընկած գումարով լրացնում այդ գրադարանը։ Երեւանում այսօր առկա թանգարանի համար ըստ էության պարտական ենք Օլգա Թումանյանին եւ նրա ընտանիքին»։ Պրահայի հայկական դպրոցի վաստակաշատ ուսուցչուհի Լարիսա Գրիգորյանը հանպատրաստից ներկայացրեց Թումանյան պոետինՙ ասելով, որ ամեն մի հասակ ունի իր սիրելի Թումանյանը, եւ ասմունքեց մանկական ոտանավորներից մինչեւ քառյակներ ու պոեմներՙ հիացմունք պատճառելով ներկաներին։ Այնուհետեւ տիկին Իրմա Սաֆրազբեկյանը խոսեց Թումանյանի ընտանիքի մասին, այն ծանր տարիների, որոնց միջով անցել են նրանք։ Թումանյանն այնքան է նվիրված եղել իր հայրենակիցներին, թե ֆինանսապես եւ թե բարոյապես աջակցել է հազարավոր մարդկանց, ավելի շատ ժամանակ տրամադրելով իր ժողովրդի տարբեր հատվածներին, նրանց հոգսերին, քան իր ընտանիքին։ Թումանյանի ընտանիքը մշտապես գումարի կարիք է ունեցել, իսկ երբ մեծ պոետին գումար էին տալիս, նա կամ արժեքավոր գրքեր էր գնում, կամ էլ օգնում անծանոթներին։ Թոռնուհին հիշեց նման մի դեպք, թե ինչպես է մեծ բանաստեղծը ծախսել Բաքվից իրեն ուղարկած 320 հազար ռուբլին։ Ի դեպ, նրա գրադարանի 8150 գրքերը Թիֆլիսից տեղավոխվել են Երեւանՙ տուն-թանգարան, որոնց թվում մոտ 500 գիրք թումանյանկան նշումներով են։ Իհարկե, Թումանյան անհատականության կյանքում մեծ դեր էր խաղացել նրա կինըՙ Օլգա Թումանյանը, որ ծնել ու դաստիարակել է 10 երեխայի, եւ վառ պահել Թումանյանական օջախը։ Նրա ասելով, եթե չլիներ Օլգան, պարզ չէ, թե ինչ վիճակում կլիներ Թումանյանի ընտանիքը։ Միաժամանակ, Թումանյանը շատ է սիրել իր երեխաներին եւ իր գրած հեքիաթները կամ մանկական ոտանավորներն առաջինը կարդացել է իր երեխաների համար։ Նրանք են դարձել նաեւ իր առաջին ընթերցողները։ Թումանյանի դստերՙ Աշխենի գլխավորությամբ իրենց հայրիկի գրած հեքիաթներով բեմադրել են ներկայացումներ, ասմունքի երեկոներ անցկացրել Հանդիպման ընթացքում ներկա երիտասարդներն ու պատանիները հետաքրքրական հարցեր էին ուղղում Թումանյանի թոռնուհուն։ Պատասխանելով ներկաների հարցերին, նա նշեց, որ Թումանյանը շատ մոտ է եղել վրաց մտավորականների, գրողների հետ, եւ իր առաջին թոշակը ստացել է Վրաստանից, որից մի քանի ամիս շարունակ հատկացումներ է արել Ռուսաստանի եւ Հայաստանի սովյալներին։ Երիտասարդի այն հարցին, «Եթե Թումանյանն իր առջեւ կանգած լիներ, ի՞նչ հարց կտար նրան, թոռնուհին թեեւ նշեց, որ դժվար հարց է, երբեւէ չի մտածել այդ մասին, բայց կհարցներ, թե ինչու իր բալիկներին շատ ժամանակ չի հատկացրել։ Եթե հնարավորություն ունենար փոխելու որեւէ գործ, ապա այլ կերպ կգրեր «Գիքոր» պատմվածքի վերջաբանը։ Իսկ թե թումանյանական որ գործերն է նախընտրում, Իրմա Սաֆրազբեկյանը պատասխանեց. «Քառյակներն եմ շատ սիրում, ապաՙ Քաջ Նազարը, իսկ բալլադներիցՙ Փարվանան»։ Թումանյանին լավ ճանաչելու համար նա խորհուրդ տվեց կարդալ մեծ պոետի հոդվածները։ «Իսկական Թումանյանն իր հոդվածներում է», ասաց նա։ Այն հարցին, թե արդյոք արժե Թումանյանի աճյունը տեղափոխել Հայաստան, տիկին Իրման մանրամասնեց, որ դեռեւս 1969 թվականին, երբ նշվում էր Թումանյանի 100-ամյակը, այդ խնդիրը կրկին բարձրացվել է, եւ նրա կինըՙ տիկին Օլգան ասել է, որ «Հովհաննեսին եթե բերեն Հայաստան, Խոջիվանքը կդատարկվի»։ Այժմ, թոռնուհու կարծիքով, ճիշտ կլիներ, ինչպես հաճախ ընդունված է անել, նրա գերեզմանից գոնե մի մասունք բերվի Հայաստան եւ տեղադրվի Կոմիտասի անվան պանթեոնում։ Հայտնի է, որ Թումանյանի սիրտը դեռեւս 1994 թվականին հանել են Երեւանի անատոմիկից եւ հուղարկավորել Դսեղում։ Վերջում անդրադառնալով Թումանյանի եւ Կոմիտասի 150-ամյա հոբելյաններին, Իրմա Սաֆրազբեկյանն ասաց, որ լավ կլիներ այդ հոբելյանները միասին նշվեին, քանի որ իրական կյանքում էլ Կոմիտասն ու Թումանյանը շատ մոտ են եղել միմյանց եւ եղել են լավ բարեկամներ։ Ձեռնարկի վերջում շնորհակալություն հայտնելով անչափ հետաքրքրական հանդիպման համար, դեսպան Տիգրան Սեյրանյանն իր գոհունակությունը հայտնեց թե՛ բանախոսներից, թե՛ ներկաներից, որոնք անմոռանալի դարձրին թումանյանական խոսքով ու հիշարժան պատմություններով լեցուն երեք ժամերը։ |