RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2018-11-30 > #046, 2018-12-07 > #047, 2018-12-14 > #048, 2018-12-21 > #049, 2018-12-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018



Տեղադրվել է` 2018-12-14 00:00:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 3266, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Դեկտեմբերի 9-ին երկիրն ընտրեց իր 7-րդ գումարման Ազգային ժողովը: Ինչպես եւ ակնկալվում էրՙ ձայների բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության, նախնական տվյալներով դաշինքն ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների 70 տոկոսից ավելիի աջակցությունը: Երկրորդ եւ երրորդ տեղերում Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցություններն էին, որոնք երկուսն էլ դեռ ոչ այնքան վաղուց հայտարարում էին, թե սատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, մենք ստացանք գործնականում առանց ընդդիմության խորհրդարան, որին կանդրադառնամ ստորեւ:

Ամենանախնական դիտումներովՙ բուն ընտրությունների օրը որեւէ արտառոց խախտում չարձանագրվեց: Արտառոցն ա՛յլ բան էր: Այն, որ կառավարող կուսակցությունը հասավ լիակատար իշխանության, վարչապետը գործնականում օժտվեց կայսերական լիազորություններով: Այժմ վարչապետին առանց այն էլ քծնողների հոծ բազմությունը կտասնապատկվի, եւ դա չափազանց վտանգավոր է թե՛ հենց իր համար, թե՛ երկրի: Ընդսմին, ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կեսից պակասը: Ասում ենՙ հաղթողները հո չէի՞ն խանգարում, թող ընտրողները գային ու մասնակցեին քվեարկությանը, ազատորեն արտահայտեին իրենց կարծիքը: Չեն եկել, ուրեմնՙ նրանք «հաշիվ չեն»: Ձեւականորենՙ այդպե՛ս է: Իսկ ըստ էությանՙ ո՛չ: Որովհետեւ ընտրությանը մասնակցողների շատ նկատելի պակասը վկայում է, որ այս խորհրդարանը նույնպես չի արտահայտում ամբողջ ժողովրդի մեծամասնության տրամադրությունները, ուստի գործնականում այս խորհրդարանի լեգիտիմությունը նույնպես... կաղում է: Մինչդեռ մինչեւ ընտրությունները ինչքա՜ն էր շահարկվում, որ նախորդ խորհրդարանը...լեգիտիմ չէր, քանի որ ձեւավորվել էր... ընտրակաշառքների միջոցով: Հիմա էլ հո ընտրակաշառքը վճռական դեր չխաղա՞ց: Հրաժարվելով ընտրատեղամասեր գալՙ քաղաքացիները, ինչպես ասում են, քվեարկեցին... ոտքերով: Հիշու՞մ եքՙ այդպես էին բնութագրում Հայաստանի հայաթափման երեւույթը նախորդ իշխանությունների պարագայում: Մի՞թե նույն բանը չէր վկայում ընտրություններին մասնակցողների պակասը նաեւ ա՛յս դեպքում: Չեկանՙ նշանակում է հույսեր չէին կապում նաեւ այս խորհրդարանի հետ: (Իհարկե, մասնակիցների թվի պակասը կարելի էր բացատրել նաեւ այլ պատճառներով, սկսած... վատ եղանակից):

Մյուս դիտարկումըՙ շատ դժվար է հավատալ, թե Բարգավաճ Հայաստանի ու Լուսավոր Հայաստանի պատգամավորները գոնե կարեւոր հարցերում կհամարձակվեն ընդդիմանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թեեւ ղեկավար Էդմոն Մարուքյանը հենց ընտրությունների երկրորդ օրը հայտարարում էր, թե իրենք հավակնում էին... գլխավոր ընդդիմադիրի դերին: Ով ուզում էՙ հավատա, ի՛ր գործն է: Ես, անկեղծորեն, չեմ հավատում:

Դառնալով վարչապետ Փաշինյանին, ինչքան էլ ոմանք նրան աստվածացնում են, անձամբ ինձ լրջորեն անհանգստացնում է նրա անփորձությունը: Ինչպես նաեւ այն, որ մինչեւ այժմ նա երբեմն-երբեմն աչքի է ընկել ավելորդ անզսպությամբ: Վախենամ, թե կարող է նաեւ հաջողություններից գլխապտույտի մեջ ընկնել: Եվ ես վստահ չեմ, թե նրա մերձավոր շրջապատում կա ազնիվ, նվիրված, բավականաչափ համարձակ մի անձնավորություն, որ կարող է պետության ղեկավարի աչքերին ուղիղ նայելով ասելՙ զգուշացե՛ք, բարեկամս, ինձ թվում էՙ դուք այս հարցում սխալվում եք կամ սխալվելու ճանապարհին եք:

Ասում ենՙ հին Արեւելքի հզորագույն Խալիֆներից մեկը հատուկ մարդիկ էր պահում, ովքեր ամեն անգամ նրան հովհարելիս ականջին ինչ-որ բան էին շշնջում:-Այդ ի՞նչ են շշնջում ականջիդ, տիրակա՛լ,- օրերից մի օր հանդգնում է հարցնել մի պալատական: -Երբ ինձ չափից ավելի են մեծարանքների արժանացնումՙ հանձնարարել եմ պարբերաբար հիշեցել, որ ե՛ս էլ եմ մահկանացու,- պատասխանում է Խալիֆը:

Խորհրդարանական ընդդիմությունը Խալիֆի ականջին նրա մահկանացու լինելը հիշեցնող այդ նույն դերը պիտի կատարեր, որն ավա՜ղ, այս անգամ... չձեւավորվեց: Տա Աստվածՙ Նիկոլ Փաշինյանն այնքան պետական իմաստություն ունենա, որ կաողանա ինքն իրեն պահել ...սեփակա՛ն ինքնավերահսկողության տակ:

Մի վերջին դիտարկում եւս, արդեն ավելի շատ որպես բարի ցանկություն: Բավակա՛ն է ետ նայել, հարգելի պարոն Փաշինյան, այժմ հերթը Ձերն է, ղեկավարե՛ք երկիրը եւ աշխատեք չհիասթափեցնել հենց այն ժողովրդին, որին շարունակ... վկայակոչու՛մ եք: Չմոռանաք, որ ամբողջ հայությունը, աշխարհի հետ միասին, այժմ... Ձե՛զ է նայում...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #47, 14-12-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ