ԱՆԳԼԵՐԵՆ ԳԻՐՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ Հ.Ծ. Հայոց ցեղասպանության կազմակերպիչ հանցագործ եռյակի պարագլուխներից, հայկական հարցը երեք ամսում «լուծելու» անպատկառ հայտարարության հեղինակ Թալեաթ Փաշայի (1874-1921 թթ.) կենսագրությունն է անգլերեն լեզվով ներկայացրել Հանս-Լուկաս Քայզերը իր վերջերս հրատարակված «Talaat Pasha, Father of Modern Turkey, Architect of Genocide» (Թալեաթ Փաշա: Արդի Թուրքիայի հայրը, Ցեղասպանության ճարտարապետը) վերնագրով գրքում: «Ամոթալի արարք» (A Shameful Act) գրքի հեղինակ, ականավոր պատմաբան Թաներ Աքչամի գնահատմամբ, հատորը խիստ կարեւոր ներդրում է, հասկանալու համար Օսմանյան կայսրության վերջին շրջանի պատմությունը: «Դա պարտադիր ընթերցանության գրքերի ցուցակում պետք է լինի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ Առաջին աշխարհամարտի ընթացքում քրիստոնյաների դեմ կազմակերպված եւ իրականացված Ցեղասպանությանց մասին», նշել է նա: Հանս-Լուկաս Քայզերը Ավստրալիայում Նյուքեսլ համալսարանի սոցիալ-հումանիտար գիտությունների բաժնի աշխատակիցներից է եւ Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանի պատմության դասախոս: Նրա նախորդ գրքերից են «Ամերիկյան հազարամյակը եւ դեպի Մերձավոր Արեւելք առաքելությունը», «Համաշխարհային առաջին պատերազմը եւ օսմանցիների վերջը: Բալկանյան պատերազմներից մինչեւ Հայոց ցեղասպանություն», եւ «Թուրքիան ազգայնամոլությունից անդին», հատորները: |