ԲԱՐԴՈՒՂԻՄԵՈՍ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՄԽԻԹԱՐՅԱՆՆԵՐԻՆ Հ.Ծ. Վերջին երեքհարյուր տարվա ընթացքում առաջին անգամ վերջերս Կոնստանդնուպոլսի հունական եկեղեցու էկյումենիկ պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն այցելել է Վենետիկի մոտ Ս. Ղազար կղզում տեղակայված Մխիթարյան միաբանության հոգեւոր կենտրոն, տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: Իտալիայի եւ Մալթայի ուղղափառ համայնքի Մետրոպոլիտ Գենադիոսի եւ արքիմանդրիտ Էվանգելոս Յֆանդիտիսի ընկերակցությամբ ժամանած պատրիարքին դիմավորել են Լեւոն արք. Զաքիյանը, միաբանության մյուս հայրերը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ: Սբ. Ղազարի վանքում առ Աստված բարձրացված աղոթքի ընթացքում հնչել են հայկական «Այսօր Աստվածություն», «Հրաշափառ» եւ հունական «Ֆոս Հիլարոն» երգերը, որոնց հաջորդել է «Սուրբ, սուրբը»: Գրադարանի գլխավոր դահլիճում հայր Զեքիյանը պատմել է Կոնստանդնուպոլսում հայկական համայնքի եւ ուղղափառ եկեղեցու հետ նրա հարաբերությունների մասին: Պատրիարքը, իր հերթին, երախտագիտության խոսքեր է ասել «հայկական հոգու եւ մշակույթի այս կարեւոր կենտրոնի հյուրասիրության» վերաբերյալ, բնութագրելով կենտրոնը որպես «խաղաղության օազիսի»: «Կրոնական արմատականության աճի ներկա ժամանակներում անհրաժեշտ է, որ քրիստոնեական ընտանիքի անդամները հանդես գան մեկ միասնական ձայնով», նշել է նա: Ելույթներից հետո տեղի է ունեցել նվերների փոխանակում, այնուհետեւ «Ոսկե մատյանում» պատրիարքը գրառում է կատարել: Ձեռագրերի դահլիճում հոգեւոր հայրերը պատրիարքին ցույց են տվել վաղ միջնադարյան մանրանկարչության կարեւոր աղբյուրներից համարվող 862-ին ստեղծված «Մլքե թագուհու ավետարանը»: Այցելության ավարտին «Ես անմոռանալի մի օր անցկացրի ձեզ հետ: Վառ հիշողություններով կվերադառնամ Կոնստանդնուպոլիս», ասել է պատրիարքը: |