RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019



DEUTSCHLANDFUNK

Տեղադրվել է` 2019-04-18 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 2124, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑՙ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական ռադիոնՙ «Դոյչլանդֆունկը», որ անցյալ տարի ապրիլ- մայիսից սկսած ամենօրյա լուսաբանմամբ անդրադառնում էր Հայաստանում ծավալվող իրադարձություններին, հայկական «թավշյա հեղափոխության» մեկամյակին նվիրված 23 րոպեանոց հաղորդում է պատրաստել: Քրիստոֆ Քերսթինգի հեղինակած 17 րոպեանոց ռեպորտաժը, որի տպագիր տարբերակը ռադիոյի կայքէջում առանձնանում է լուսանկարների ուղեկցությամբ, ռադիոտարբերակում ներկայացվում է առավել ամբողջականՙ խորացված. հաղորդավարը ռեպորտաժի ավարտին հարցազրույց է վարում Թբիլիսիում գտնվող «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Նինո Լիժավայի հետ, քննարկում Հայաստանի արտաքին քաղաքական արդի վիճակը: Տեղի սղությունը պարտադրում է ամփոփ անդրադարձ:

Նիկոլ Փաշինյանը «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանի վարչապետն է: Նա ոչ միայն քաղաքական նոր ոճ է հիմնադրել, այլեւ նոր հեռանկար է ստեղծել մարդկանց համար, օրինակՙ ՏՏ ոլորտում, ներկայացնում է հեղինակը ծավալուն ռեպորտաժի սկզբումՙ հյուրընկալվելով Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում (ԳԿՏ), որ 2015-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ ՀՀ կառավարությունն է հիմնել: 19-րդ դարի գորշ շենքի արտաքին տեսքին հակադրվում է ներքին հարդարանքըՙ լուսավոր գունագեղ պատերից, ոճային կահույքից ելնելով, սա կարող էր Բեռլինում, Ամստերդամում կամ Հելսինկիում լինել, նկատում է հեղինակը:

Առաջին զրուցակիցը կենտրոնի տնօրեն 24-ամյա Բելլա Հարությունյանն է, որ 16 տարեկանում մեկնել է ԱՄՆ, ուսումնառել 6 տարի, հետո ինքն իրեն հարց տվելՙ ինձ նման մասնագետի կարիք ավելի շատ ԱՄՆ- ն, թե՞ Գյումրին ունի: Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտն ամենաարագ աճ արձանագրողն է, եւ հենվելով Գյումրիում գործող այս կենտրոնի արդյունքներին, ապագայում միգուցե մասնագիտական կրթություն ստանալու համար հայ երիտասարդներն անհրաժեշտություն չունենան մեկնել արեւմտաեվրոպական կամ ամերիկյան բարձրագույն ուսումնական հաստատություններ: Իսկ այն, որ Հայաստանում աշխատանք չկա, եւ դրա պատճառով մարդիկ երկիրն են լքում, Հարությունյանը հետեւյալն է փոխանցումՙ 12 000 ազատ հաստիք կա ՏՏ ոլորտում, այդ աշխատանքը կատարող մասնագետներ պարզապես չունենք:

Ռադիոռեպորտաժը պատմում է Գյումրին աղետի գոտի դարձրած երկրաշարժի ու դրա հետեւանքների մասինՙ մասնավորապես արձանագրելով, թե 10 000 մարդ 30 տարի անց էլ «դոմիկներում» է ապրում: Բայց փոփոխություն կա ընդերքի հանածոներով, գյուղատնտեսությամբ ոչ հարուստ Հայաստանում, նկատել է տալիս հեղինակըՙ Փաշինյան վարչապետի ժողովրդին փոխանցած հույսըՙ «Քարերի երկիրը» ՏՏ կենտրոն դարձնելու ծրագիրը վկայակոչելով: 16- ամյա Սարգիս Մխիթարյանն իր հասակակից 20 աղջիկ- տղաների հետ ԳԿՏ- ի դասասենյակներից մեկում ծրագրավորման խնդիրներ է լուծում, դասընթացին հաճախում են շաբաթական 2 անգամ, կամավոր: Ծախսերը մեծ մասամբ հոգում է ռուսական ինտերնետային մատակարար Յանդեքսը, մյուս մասըՙ պետությունը: Պիտի այլեւս միայն ծանր անցյալի ու երկրաշարժի մասին պատկերներով չզբաղեցնենք մեզ. Հայաստանում իրական փոփոխություններն առկա են, ասում է Բելլա Հարությունյանըՙ նկատել տալով, թե տարիքն առած մարդիկ հակված են հոռետեսության, իրենց հույսը երիտասարդներն են: Փոփոխությունները պայմանավորված են Նիկոլ Փաշինյանով: 43- ամյա լրագրողին հաջողվեց այն, ինչը ոչ միայն բազմաթիվ հայեր, այլեւ դրսի քաղաքական դիտորդներ հազիվ թե հնարավոր էին համարում մի երկրում, որ 1990- ականներից ի վեր ուշադրության էր արժանանում կոռուպցիայի եւ հովանավորչության պատճառով, պատմում է Քրիստոֆ Քերսթինգըՙ համառոտ ներկայացնելով Փաշինյանի ղեկավարած ոչ բռնիՙ հեղափոխության հաղթական ընթացքը: Փաշինյանի կարծիքով, կարճ այս ժամանակահատվածում ամենամեծ փոփոխությունը քաղաքացու դերի գիտակցումն է: Մինչ հեղափոխությունը այն մտայնությունն էր տիրում, թե միեւնույնն է, «ոչինչ չեմ կարող փոխել, իմ ձայնը հաշվի չի առնվելու: Հենց այդպես մտածող մարդկանց ցույց տվեցինք, որ նրանց ձայնն է կարեւորը մեր երկրի սոցիալ- քաղաքական կյանքում: Սա է հեղափոխության ամենամեծ նվաճումը»:

Հայերի դժգոհության հետ մեկտեղ Փաշինյանի հաջողության համար վճռորոշ հանգամանքն այն էր, որ նա Արեւելք- Արեւմուտքի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի միջեւ հմուտ աճպարարություն (բնագրում` ժանգլյոր) է անում: «Դոյչլանդֆունկը» հիշեցնում է, թե Ադրբեջանի եւ Թուրքիայի ուղղությամբ էլ Փաշինյանի ձայնը հաշտության երանգներ ունի. նախագահ Ալիեւի հետ բազմիցս հանդիպել են, իսկ Անկարային ձեռք է մեկնել: «Հայաստանը չէ, որ Թուրքիայի հետ սահմանը փակել է: Թուրքիան է փակել: Հայկակական կողմից սահմանը փաստացի բաց է: Հայաստանը պատրաստակամ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Որոշումը Թուրքիայինն է», ասում է Փաշինյանը:

Ռադիոռեպորտաժի հեղինակն այնուհետ հիշեցնում է, թե Գյումրին սահմանից մի քանի կմ է հեռու ընդամենը, մարդիկ հույսը չեն կորցնում, թե երբեւէ սահմանը կբացվի, բայց մինչ այդ իրենց դժվար կենցաղն են հոգում, նկարագրում է երկաթե «կոնտեյներներում» բնակվողՙ առանց հոսող ջրի, առանց կայուն տանիքի, առանց բավարար կենսապահովման միջոցների 30 տարի նույն թշվառ պայմաններում գոյատեւող մարդկանցՙ զրուցակից ունենալով 65- ամյա ռուս- ուկրաինուհի Նադիային, որը 2 դուստրերի, 2 թոռների հետ շատերի նման դիմակայում է: Նադիայի նման 2 000 ընտանիք դեռ «դոմիկներում» է ապրում:

Ավտոմեքենայով 5 րոպե եւ Գյումրիի հյուսիսում գտնվող տնակներից հեռանում, հայտնվում ես քաղաքի կենտրոնում, որտեղ Տեխնոլոգիական կենտրոնն է: Հակադրությունների քաղաք է Գյումրին, նկատել է տալիս ռադիոհաղորդման հեղինակ Քերսթինգը, որ հյուրընկալվում է մեկ ուրիշ ընտանիքիՙ Թումասյաններին: Տան տղամարդըՙ Համլետը 10 տարի արդեն հեռավոր Մոսկվայում շինարարությամբ է գումար վաստակում, տունն այդպես են պահում շատերը: Պաշտոնապեսՙ 9 միլիոն արտերկրում աշխատող հայեր այդպես սատարում են իրենց ընտանիքներին, պատմում է «Դոյչլանդֆունկը»ՙ վերջաբանում ընդգծելով ՏՏ ոլորտի հետ երիտասարդների ապագայի հույսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ