RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-04-18 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1587, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՄ-Ը ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Երկկողմ համաձայնագրի ստորագրումը ձգձգվում է

Եվրոմիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին օրերս հայտարարեց, որ Բրյուսելը եւ Բաքուն նոր ու հավակնոտ երկկողմ համաձայնության ստորագրման եզրափակիչ ու որոշիչ փուլում են: Նա մանրամասնել է, որ խոսքը առեւտրական եւ քաղաքական համաձայնագրի մասին է: Ադրբեջանի եւ Եվրոմիության երկկողմ բանակցությունները տեղի են ունենում երեք փաթեթով: Առաջինը ներառում է քաղաքականության եւ անվտանգության հարցերը, երկրորդըՙ առեւտրի եւ ներդրումների, երրորդըՙ տնտեսական ոլորտի, սոցիալական, հումանիտար եւ այլ ուղղությունների հարցեր:

Իր հերթին, Բրյուսել այցելած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հաստատեց, որ երկու կողմերը շատ մոտ են գործընկերությանն առնչվող նոր համաձայնագրի կնքմանը, ըստ որում, վիճելի հարցերի ավելի քան 90 տոկոսը հարթված է: Սակայն, եվրոպացի փորձագետների կարծիքով, Բրյուսելը եւ Բաքուն շտապում ենՙ հույս ունենալով բանակցությունները ավարտել նախքան մայիսի վերջերին կայանալիք Եվրոխորհրդարանի ընտրությունները: Քանզի Եվրոհանձնաժողովի նոր կազմի հաստատումը կարող է կա՛մ երկարաձգել, կա՛մ էլ առհասարակ ի չիք դարձնել ամբողջ գործընթացը:

Բանն այն է, որ երկրորդ եւ երրորդ փաթեթների առնչությամբ կողմերը կարծես թե համաձայնության են հասել: Սակայն առաջինՙ քաղաքական փաթեթին առնչվող ադրբեջանական մոտեցումը չի ընդունվում: Բրյուսելը կտրականապես հրաժարվում է ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Եվ սա այն դեպքում, երբ Բաքվի հետ երկկողմ հարաբերություններ կառուցելիս ԵՄ որոշ երկրներ, ինչպես նաեւ եվրոպական առանձին հաստատություններ եւ քաղաքական գործիչներ, ընդգծում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը:

Բայց այն բացակայում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի նախագծում: Միեւնույն ժամանակ, Եվրոմիությունը ճանաչում է Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդավիայի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ընդունված սահմաններում: Ինչպես ասել է անցյալում Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքական կապերի բաժնի վարիչ, իսկ այժմ վարչապետ Նովրուզ Մամեդովը , 2015 թ. Եվրոմիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքման առաջարկ անելովՙ ԵՄ-ը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքերով, «առանձին պետություններ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,սակայն ոչ ոք չի մտածում օկուպանտի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, Եվրոմիությունը եւ մեծ պետությունները հիմնականում մտածում են սեփական շահերի մասին»: Բանից դուրս է գալիս, որ Եվրոմիությունն Ադրբեջանի նկատմամբ միջազգային չափանիշներ չի կիրառում ելնելով միայն տնտեսական պատճառներից, թեեւ Բրյուսելում Ադրբեջանը խաղաքարտերը բացել էՙ իրեն ներկայացնելով որպես Եվրոմիության էներգետիկ անվտանգության գրեթե միակ երաշխավոր, գտնում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Այս կապակցությամբ որոշ փորձագետներ նշում են, որ տարածքային ամբողջականությունից բացի, Բրյուսելի հետ Բաքվի համաձայնագրի ստորագրման ձգձգման եւս մեկ պատճառ է Ադրբեջանի դիրքորոշումը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հարցում: Ադրբեջանը դեմ չէ ԱՀԿ-ին անդամակցելուն, բայց մտադիր է բանակցություններ սկսել լոկ այն ժամանակ, երբ ադրբեջանական արտադրանքը կդառնա մրցունակ: Նման փաստարկները անհամոզիչ են թվում Տարասովին: Նրա կարծիքով, խնդիրն ուրիշ է: Ոմանք փորձում են մի կողմից Վրաստանի, Ուկրաինայի ու Մոլդավիայի եւ մյուս կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման տարբերությունը բացատրել նրանով, որ առաջին երեք երկրներում Եվրոմիությունը ջանում է խաղարկել հակառուսական խաղաքարտը: Մինչդեռ Բաքվի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում Եվրոպան ինչ-որ ուրիշ բան է խաղարկում:

Գոյություն ունի նաեւ Եվրոպայում հայկական սփյուռքի ակտիվ գործունեության փաստարկը: Սփյուռքը այնտեղ իրոք ունի զգալի քաղաքական ազդեցություն, բայց ոչ այնքան, որ ազդի Եվրոմիության ամբողջ քաղաքականության վրա: Ֆրանսիական L՛Opinion հրատարակությունը գրում է, որ գլխավոր խնդիրը, ամենայն հավանականությամբ այն է, որ Ադրբեջանին առնչվող վեճերը նման են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացներին եւ կապված են այդ երկրների մահմեդական բնակիչներ ունենալու հետ, որոնց առաջ փակվում են եվրոինտեգրման ճանապարհները: Ժամանակին Թուրքիային զրկեցին թյուրքական ժողովուրդներին դեպի Եվրոպա ուղեկցողի դերակատարությունից, իսկ առանձին-առանձին նրանց չի հաջողվում ճանապահ հարթել դեպի այնտեղ: Միեւնույն ժամանակ, Բրյուսելը Երեւանին չի առաջադրում այն պայմանները, որոնք առաջադրում է Բաքվին: Ճիշտ է, դեռեւս անհայտ է մնում, թե Եվրոպան ինչ ձեւով է փորձելու լուծել Ղարաբաղի խնդիրը: Առայժմ դա կապվում է բացառապես Մինսկի խմբի դիրքորոշման հետ:

Հիշեցնենք, որ Կոսովոյի անկախության հռչակագրի ճանաչման կապակցությամբ փոփոխվել էին եվրոպական միջազգային իրավունքի համապատասխան նորմերը: Եվրոպան իր մոտակա եւ հեռանկարային խնդիրները լուծել է եւ կլուծիՙ կապելով մետրոպոլիայից անջատված նոր պետություններիՙ Եվրոպայում հայտնվելու հետ: Ահա թե ինչու Եվրոմիություն-Բաքու երկկողմ համաձայնագրի ստորագրման հավանականությունը տեսանելի ապագայում քիչ հավանական է: Այնպես որ, Բաքուն պետք է ժամանակ շահի իր հետագա գործողությունները ծանրութեթեւ անելու համարՙ նկատի ունենալով քաղաքական ու մշակութային գերակայությունների ընտրությունը: Եվրոպան, այնուամենայնիվ բավական հեռու է, եւ առավել իրական է մերձավորներների հետ համագործակցությունը, նշում է «Ռեգնում» գործակալությունը:

Ինչպես գրում է Բաքվի Haggin.az հարթակը, Ղարաբաղի խնդրի առնչությամբ Եվրոպան վաղուց Ադրբեջանին ոչ ձեռնտու դիրք է բռնել: Միեւնույն ժամանակ, երկրորդ եւ մասամբ էլ երրորդ փաթեթները իրականացնելու համար կայքը անհրաժեշտ չի համարում Եվրոմիության հետ ռազմավարական համագործակցության լայնընդգրկուն համաձայնագրի ստորագրումը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ