RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019



Տեղադրվել է` 2019-04-18 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1278, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՕՐԵՆՔԸ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Ապրիլի 12-ին Մոսկվայում նշում էին տիեզերագնացության օրը, որը հարմարեցված էր մոլորակի 1-ին տիեզերագնաց Յուրի Գագարինի 1961 թվականի թռիչքին: Այդ օրը հատուկ հեռուստատեսային ուղերձով Ռուսաստանի Դաշնության ժողովուրդներին դիմեց նախագահ Վլադիմիր Պուտինը , ընդգծելով, թե Յուրի Գագարինի թռիչքը մարդկային քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումներից մեկն է: Այժմ արդեն 500-ից ավելի տիեզերագնացներ եղել են երկրամերձ ուղեծրում, որոնցից 61-ըՙ կանայք: Նույնիսկ Իսրայելը փորձեց այդ օրը տիեզերանավ ուղարկել Լուսին, որը իրո՛ք տեղ հասավ, սակայն, ցավոք, վայրեջքի պահին վթարի ենթարկվեց: Այնուամենայնիվ, դա իսրայելական գիտության մեծագույն նվաճումներից մեկն էր, ինչի առթիվ արժի՛ սրտանց շնորհավորել հրեական պետությանն ու ժողովրդին:

Երբեմնի խորհրդային տեիզերագնացության նվաճումների մեջ, անշուշտ, փոքր չէր նաեւ հայ գիտնականների, մասնագետների, նույնիսկՙ բանվորների վաստակը: Որովհետեւ ես հրաշալի հիշում եմ, որ, օրինակ, իմ ծննդավայր Դիլիջանի Իմպուլս գործարանում ժամանակին արտադրվում էր հեռավոր կապի ԿԱ-12 պլյուս 12 սարքը, որն օգտագործվում էր խորհրդային տիեզերանավերում: Եվ հիմա ցավ եմ զգում, որ մենք, փաստորեն, կամովին եւ միանգամայն անտեղի հրաժարվել ենք համայն մարդկության նվաճումների մեջ ունեցած մեր այդ միանգամայն արժանավոր բաժնից: Որովհետեւ Հայաստանում, ցավոք, պետականորեն չի նշվում (կամ առնվազն այս անգամՙ չնշվե՛ց) տիեզերագնացության օրը: Բայց չէ՞ որ դա զուտ խորհրդային տոն չէր, համամոլորակային տոն էր:

Հեռու երիտասարդությանս տարիներին առիթ եմ ունեցել ընդունելու ժամանակի խորհրդային տիեզերագնացներից մի քանիսին: Նրանքՙ Սեւաստյանովը, Լեոնովը, Տերեշկովան, Կլիմուկը, հետագայում մի քանի ուրիշներ եւս Հայաստան էին ժամանում իբրեւ ՀԼԿԵՄ կենտկոմի հյուրեր: Ներկայանում էին որպես ՀամԼԿԵՄ կենտկոմի աշխատակիցներ եւ ցրվում էին Հայաստանի առողջարաններովՙ պարզապես հանգստանալու: Նրանց ժամանումն ու մեկնումը մեծ մասամբ գաղտնի էր պահվում (նրանց մասին տեղեկացվում էին հատուկենտ մարդիկ), որպեսզի հետաքրքրասերների բազմությունները չխանգարեին հյուրերի վաստակած հանգիստը: Չէ՞ որ այն տարիներին տիեզերագնաց տեսնելը արդեն իսկ մեծագույն մի բան էր: Ահա, այդ տեղեկացվածներից մեկը ես էիՙ այն տարիներին կոմերիտմիության քաղկոմի 1-ին քարտուղար, ում պարտականությունների մեջ էր նաեւ տիեզերագնացներին ընդունելը, քաղաքի առողջարաններից մեկում տեղավորելը, ուղեկցելը տեսարժան վայրեր, բնության գրկում նրանց ազատ ժամանցը կազմակերպելը...

Բացառիկ զուսպ, խիստ կուլտուրական մարդիկ էին: Վիտալի Իվանովիչ Սեւաստյանովն, օրինակ, այն օրերին նոր էր վերադարձել մեր մոլորակի ուղեծրում 18-օրյա տիեզերական թռիչքից, որը ժամանակի մեծագույն ռեկորդներից մեկն էր: Պատմում էր, թե ուղեծրից վերադառնալուց հետո իրեն ճիշտ նույնքան օր է անհրաժեշտ եղելՙ երկրի վրա քայլել կարողանալու համար: Այն ժամանակ դեռ 35 տարեկան էր, շատ եւ շատ հետաքրքրական բաներ էր պատմում ոչ միայն իր, այլեւ մյուս տիեզերագնացների պրակտիկայից: Վերջերս մահացավ, Աստված հոգին լուսավորի: Երբեք չեմ մոռանա ոչ միայն նրա պատմածները, այլեւ այն բացառիկ հարգանքը, որ այդ փառապանծ մարդը ցուցաբերեց Հայրենական պատերազմի վետերան հորս նկատմամբ: Մեր տուն էի հրավիրելՙ ընթրիքի, երբ հայրս, անտեղյակ, որ այդ երեկո մեր հարկի տակ տիեզերագնաց է լինելու, տուն մտավ: Սեւաստյանովը ակնածանքով կանգնեց, ողջագուրվեց հորս հետ, մեծարանքի ոգեշունչ խոսք ասաց նրա հասցեին: Ձեր որդու պատմածներից տեղյակ եմ,-ասաց,-որ դուք Հայրենական պատերազմում 7 անգամ վիրավորվել եք, հայրի՛կ: Շնորհակալությո՛ւն ձեզ: Ձեր պատերազմական մեդալները մեր ժամանակների շքանշաններից բարձր են... Սրտի խորքերից բխող այդպիսի երախտագիտության խոսք ավագ սերնդի սխրանքի մասինՙ կյանքիս մեջ քիչ եմ լսել: Եվ սա գրում եմՙ ընդգծելու, որ ժողովրդի մեծությունը չափվում է նաեւ նախորդ սերնդի արածի ու ապրածի հանդեպ անկեղծ հարգանքով: Որովհետեւ առաջընթացի օրենքը պահանջում է ոչ թե նախորդների արածի սեւացում, ինչը, ավա՜ղ, արդեն 30 տարի պրակտիկա է դարձել Հայաստանում, այլ վատը մերժելովՙ լավը վերցնելու եւ առաջ գնալու իմաստություն...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ