RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019



Տեղադրվել է` 2019-04-18 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1533, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՈ՞Ւ ՁԵՐԲԱԿԱԼԵՑԻՆ ԱՍԱՆԺԻՆ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Ապրիլի 11-ին Լոնդոնումՙ Էկվադորի դեսպանատանը, ձերբակալվեց WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը : Նա այնտեղ ապրել էր 7 տարի:

Wikileaks-ը աշխարհին պատմեց, որ ԿՀՎ-ն մշակել է բջջային հեռախոսների եւ հեռուստացույցների միջոցով մարդկանց լրտեսելու ծրագրեր: Հրապարակեց Գուանտանամոյի կալանավորների վիճակի մասին տվյալներ, տեղեկացրեց Աֆղանստանում եւ Իրաքում ամերիկացի զինծառայողների պատերազմական հանցագործությունների մասին: Աշխարհն իմացավ, որ Սադդամ Հուսեյնը չի ունեցել քիմիական զենք, որ Աբու-Ղրեյբ բանտում սոսկալի կտտանքների են ենթարկել իրաքցի կալանավորներին, որ ամերիկացիները գնդակահարել են Բաղդադի խաղաղ բնակիչներին, ծաղրուծանակի ենթարկել Լիբիացի փախստականներին, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Հայտնի դարձան գունավոր հեղափոխությունների քողարկված կողմը, քաղաքական մեքենայությունները, համատարած լրտեսումը եւ այլն:

Համացանցային ակտիվիստ Ասանժը հայտնի է հատուկ ծառայությունների աշխատանքում կոռուպցիայի, ինչպես նաեւ աշխարհի առաջատար տերությունների պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հրապարակած նյութերի խոշոր զանգվածների շնորհիվ: Վերջին յոթ տարիներին նա թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, որտեղ քաղաքական ապաստան էր ստացել: Բայց հիմա նրան սպառնում են բանտարկության խոշոր ժամկետներ:

Նա 2012 թվականից այնտեղ է ապաստանել սեռական ոտնձգությունների առնչությամբ Շվեդիայի ներկայացրած մեղադրանքների պատճառով: WikiLeaks-ի հիմնադիրը դրանք համարում է քաղաքական հետապնդման դրսեւորումներ: Լոնդոնի դատարանը նրան ազատ էր արձակել երկրից դուրս չգալու ստորագրության դիմաց, բայց Ասանժը չէր ներկայացել դատական նիստին եւ ապաստան էր խնդրել Էկվադորից: Շվեդիայի դատախազությունը բռնաբարության մեղադրանքը կասեցրել էր 2017 թվականին: Ըստ որում, Լոնդոնի ոստիկանությունը շարունակում էր մնալ Էկվադորի դեսպանատան մոտակայքումՙ պատրաստվելով նրան ձերբակալել լոնդոնյան դատարան չներկայանալու գործով, ինչն էլ իրականացվել էր:

Ըստ դիվանագիտական նորմերի, բրիտանական ոստիկանությանն արգելված է մտնել Էկվադորի դեսպանատուն: Բայց 2019 թ. ապրիլի 11-ին դեսպանն անձամբ հրավիրեց իրավապահներին: Ձերբակալությունից առաջ Ասանժին զրկեցին փախստականի կարգավիճակից եւ 2017 թ. ստացած Էկվադորի քաղաքացիությունից: Էկվադորի նախագահ Լենին Մորենոն տվյալ քայլը բացատրեց Ասանժի թշնամական գործողություններով եւ միջազգային նորմերի, այդ թվումՙ ուրիշ պետությունների ներքին գործերին չմիջամտելու նորմի խախտմամբ: Նա այդպիսի վերջին օրինակ է համարում հունվարին Վատիկանի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը:

Մորենոյի խոսքերով, Ասանժը դեսպանատանն օգտագործել է արգելված էլեկտրոնային սարքավորումներ, խափանել է տեսախցիկները, առանց թույլտվության դիմել է դիվանագիտական փաստաթղթերին եւ վատ է վարվել պահակների հետ: Մորենոն նաեւ ասել է, որ ձերբակալությունից երկու օր առաջ WikiLeaks-ը սպառնացել է Էկվադորի ղեկավարությանը: «Իմ կառավարությունը վախենալու պատճառ չունի, մենք մտադիր չենք որոշումներ ընդունել սպառնալիքների ներքո», նշել է Մորենոն: Էկվադորը վեց տարի եւ տասը ամիս պաշտպանել է Ասանժի իրավունքները եւ բրիտանացիներից հավաստիացումներ ստացել, որ Ասանժին չեն հանձնի այնպիսի երկրի, որտեղ նրան կսպառնային խոշտանգումներ եւ մահապատիժ:

WikiLeaks-ի գլխավոր խմբագիր Քրիստին Հրաֆնսոնը համոզված է, որ Էկվադորի իշխանությունները մասնակից են այն դավադրությանը, որի նպատակն է Ասանժին հանձնել ԱՄՆ իշխանություններին:

Ասանժին տարան Լոնդոնի դատարան եւ մեղավոր ճանաչեցին գրավի դիմաց ազատ արձակման պայմանը խախտելու մեջ: Մեծ Բրիտանիայում նրան սպառնում է մինչեւ 12 ամսվա բանտարկություն: Բայց Ասանժի գլխավոր խնդիրը կապված է ոչ թե Մեծ Բրիտանիայի, այլ ԱՄՆ-ի հետ: Ամերիկայում նրան մեղադրում են WikiLeaks-ի գլխավոր իրազեկիչ Չելսի Մենինգի հետ գործարքի համար, որը կազմակերպությանը փոխանցել է կառավարական բազմաթիվ փաստաթղթեր:

Մասնավորապես, Մենինգը Ասանժին իբր օգնել է մուտք գործել գաղտնի փաստաթղթեր պարունակող համակարգիչներ: Այս մեղադրանքով Ասանժին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում, հայտարարել են ԱՄՆ արդարադատության նախարարությունում: Ասանժի փաստաբանները նախարարության մեղադրանքին հակադարձում են այն փաստարկով, որ այդպիսով ոտնձգություն է կատարվում խոսքի ազատության դեմ: Նրան կարող են արտաքսել ԱՄՆ: Ասանժի արտահանձնման գործով առաջին դատական լսումները տեղի կունենան մայիսի 2-ին, տեղեկացնում է korrespondent.net կայքը:

ԱՄՆ իշխանությունները WikiLeaks-ի գործունեությունը հետաքննում են 2010-ական թվականների սկզբիցՙ Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի հրապարկման կապակցությամբ: Այնուհետեւ կայքի գործունեությունը քննել են 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության գործի շրջանակներում: Կազմակերպությունը հրապարակել էր Դեմոկրատական կուսակցության նամակագրությունը, որը, ամերիկյան հատուկ ծառայությունների կարծիքով, գողացել էին Ռուսաստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները:

Օրերս ցանցահենների Anonymous միջազգային ցանցը Մեծ Բրիտանիայի իշխանություններին եւ ողջ աշխարհում նրանց կողմնակիցներին վերջնագիր է ներկայացրել Ջուլիան Ասանժի ձերբակալման պատճառով: Նրանք գտնում են, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ամեն ինչի պատրաստ են իրենց գաղտնիքները պահելու համար: Ընդգծվում է, որ Ասանժը 2010 թվականից ի վեր քանիցս ներկայացվել է խաղաղության Նոբելյան մրցանակի, քանի որ բացահայտել է թե՛ աջերի եւ թե՛ ձախերի գաղտնիքները, ինչպես նաեւ պատերազմական հանցագործությունները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ