RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3424, Տպվել է` 250, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԱՀԱՅՈՑ ԱՌԱՋՆՈՐԴ ՍԵՐՈՎԲԵ ԻՍԱԽԱՆՅԱՆԻ ԵՊԻՍԿՈՊՈՍԱԿԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱԼՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆՙ ԱՅՍՕՐ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Քյոլնից կաթոլիկական լուրեր սփռող «Դոմռադիոն» ( Domradio ) մայիսի 13- ին արդեն ծանուցել էր, որ նախորդ օրըՙ մայիսի 12- ին Սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոս էր ձեռնադրվել եւ օծվել Գերմանահայոց առաջնորդ Սերովբե Իսախանյանը։ Գերմանիայից հայ ուխտավորների հետ հանդիսավոր արարողությանը ներկա էին գտնվել նաեւ Գերմանիայից կաթոլիկ եպիսկոպոսներ։ Հայ առաքելական եկեղեցու հետ հարաբերությունները «լավ եւ եղբայրական» էր որակել նրանցից մեկըՙ Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսաց ժողովի միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ, Մագդեբուրգի առաջնորդ եպիսկոպոս Գերհարդ Ֆայգեն, իսկ Իսախանյանին բնութագրել էր որպես վստահելի ու նախաձեռնող եկեղեցականի։Իսախանյանի ծավալուն կենսագրականին զուգահեռ «Դոմռադիոն» անդրադարձել էր Հայ եկեղեցու, ժողովրդի պատմությանը, հիշատակել Հայոց ցեղասպանության փաստըՙ ընդգծելով, թե ցայսօր շփոթված են, որ Գերմանիան տեղյակ լինելովՙ քաղաքական հաշվարկներից ելնելով, լուռ է մնացել։

Մայիսի 12- ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանի առջեւ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հանդիսապետությամբ Իսախանյանի հետ եպիսկոպոս էին ձեռնադրվել նաեւ ԱՄՆ հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Դանիել Ծ.Վ. Ֆընտըգյանը, ինչպես նաեւՙ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի հայրապետական պատվիրակ Տիրան Ծ.Վ. Պետրոսյանը։

Մայիսի 19- ին Սուրբ Գայանե վանքում եպիսկոպոսական ուխտի իր անդրանիկ պատարագը մատուցելուց հետո Իսախանյան եպիսկոպոսը վերադարձավ Քյոլն, ուր հաջորդ օրըՙ մայիսի 20- ին ժամը 19-ին Սուրբ Սահակ- Մեսրոպ եկեղեցում աղուհացով, Հրաշափառի երգեցողությամբ դիմավորեցին Գերմանահայոց առաջնորդինՙ «Կոմիտաս» երգչախմբի ձայնակցությամբ, 60 ներկաների ողջույն-շնորհավորանքներով։ Նույն օրը հայտարարվեց, թե այսօրՙ մայիսի 24-ին, 200 հյուրերի ներկայությամբ Քյոլնի առաջնորդանիստ եկեղեցում տեղի կունենա Գերմանահայոց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրման առթիվ հրավիրված էկումենիկ արարողությունը։

1963 թվականին Իրանի Փերիա գավառի Հազարջրիբ հայաբնակ գյուղում ծնված Սերովբե եպս Իսախանյանը 1968- ին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ 1980-86-ին սովորել է Գեւորգյան ճեմարանում։ 1986- ին սարկավագ է ձեռնադրվել, 1987-ինՙ կուսակրոն քահանա, 1989- ինՙ վարդապետ։ Հայաստանում, Ուզբեկստանում պաշտոնավարելուց հետո 1995- ից Գերմանիայում էՙ հովվական ծառայություն է կատարել Քյոլնում, Բեռլինում, Բրեմենում, Համբուրգում, Հալլեում, Բրաունշվայգում, Հանաու, Մայնց քաղաքներում, Գիիսենում, Մայնի Ֆրանկֆուրտում։ 2010- ի հունիսից 2017- ի դեկտեմբերին եղել է Գերմանահայոց թեմի առաջնորդական փոխանորդը, 2018- ի հունվարից ապրիլՙ Գերմանահայոց առաջնորդական տեղապահը։ Սերովբե Իսախանյանը Գերմանահայոց թեմի առաջնորդ է ընտրվել 2018- ի ապրիլի 15- ինՙ փակ գաղտնի քվեարկությամբ, 51 ձայնով։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ