RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2019-05-09 > #019, 2019-05-17 > #020, 2019-05-24 > #021, 2019-05-31 > #022, 2019-06-07

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019



ՀԻՄՆԱՀԱՐՑ

Տեղադրվել է` 2019-05-27 12:26:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 3921, Տպվել է` 256, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊԱՅՔԱՐ ՋՐԻ ՀԱՄԱՐ. ԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Երբ երկրում ապրում է մեկ միլիարդից ավել քաղաքացի, իհարկե առաջնահերթ է բնակչության ապահովումը ոչ միայն սննդամթերքով, այլեւ ամենակարեւորըՙ ջրով: Ուղղակի այդ դեպքում, իմ կարծիքով, արժե չմոռանալ նաեւ աշխարհի միլիարդավոր այլ մարդկանց մասին, ովքեր ապրում են ուրիշ պետություններում:

1990-ական թթ. իմ ընկերներից մեկը իր բարեկամ-բնապահպանների հետ մի քանի հազար կիլոմետր ճանապարհ կտրեց եւ հասավ Արալ լճին: Այդ լիճը գտնվում է Ղազախստանումՙ Կենտրոնական Ասիայում: Տեսածը ցնցել էր արշավախումբը: Այնտեղ, որտեղ ինչ-որ ժամանակ կյանք է եղել, առատ ջրային պաշարներ, նրանք տեսել էին միայն մերկ անապատ, իսկ ջրի փոխարենՙ աղի անհամար պաշարներ: «Այսպիսին է մահվան պատկերը», ասել էին ցնցված բնապահպանները: Նրանք մի անգամ էլ գնացել են այդ վայրեր համեմատաբար վերջերս եւ բոլորին ցույց են տալիս հետաքրքրական ու հուսադրող լուսանկարներ: Բայց այն ժամանակ այդ շրջանը բնապահպանական աղետի էպիկենտրոն էր:

Ես չէի հիշի այս տխուր պատմությունը, եթե չբախվեի նման բանի հետ արդեն մեր օրերում: Շատերի գնահատմամբ, մոտավորապես նման խնդիր է հասունանում եվրասիական մայրցամաքի մի քանի երկրներում, եւ դա արդյունք է Չինաստանում կենսագործվող ջրային քաղաքականության:

Չինաստանը ահռելի բնակչություն ունեցող մեծ պետություն է, որը սպառում է աշխարհի ջրի պաշարների մոտ 30%-ը: Սակայն նույնիսկ այս ծավալները ամենավերջին հաշվարկներով արդեն բավարար չեն: Արդյունքում տուժում են Կենտրոնական եւ Հարավային Ասիայի մի ամբողջ շարք երկրներ:

Փորձագետների կարծիքով, մեծ տարածաշրջանում հասունացող բնապահպանական աղետի են հանգեցնում, առաջին հերթին, Չինաստանի ցածր արդյունավետ ոռոգման համակարգերը, ինչպես նաեւ արդյունաբերության բուռն զարգացումը եւ երկրում ցանքատարածությունների անվերահսկելի ընդլայնումը:

Օրինակ, արդեն այսօր, տիեզերական լուսանկարների վրա (որոնք արվել են արբանյակներից) Չինաստանի տարածքում դժվարությամբ կարելի է տեսնել Բրահմապուտրա գետի վտակները, ինչպես նաեւ կենտրոնաասիական տարածաշրջանի այնպիսի ջրային աղբյուրներ, որպիսիք են Իլի եւ Իրտիշ գետերը: Հարկ է նշել, որ դարի սկզբին իրականացված անկախ հետազոտությունները կանխատոսում էին Իլի գետի հոսանքի նվազեցում մոտակա 30 տարում ավելի քան 40%-ով, իսկ Իրտիշ գետում ջրի մակարդակը արդեն այժմ նորմայից ցածր է 43%-ով: Մոտ ապագայում տարածաշրջանի այնպիսի խոշոր ջրամբարներ, որպիսիք են Բալխաշ եւ Զայսան լճերը, ուր լցվում են այդ ջրային հոսքերը, անկասկած, կարժանանան վերոհիշյալ Արալ լճի ցավալի ճակատագրին:

Հատուկ տագնապ է առաջացնում Ռուսաստանի Դաշնության արեւելյան շրջաններում առկա ջրային իրավիճակը, ուր Չինաստանի հիդրոտեխնիկական գործունեության արդյունքում հասնում է պահանջված ջրային ծավալների սարսափեցնող չնչին մասը, ինչի արդյունքում էլ տեղի է ունենում նավագնացության ջրանցքների չորացում, փոքրանում են ձկնորսության ծավալները, ինչպես նաեւ արձանագրվել է անապատացման գործընթաց որոշ ռուսաստանյան մարզերում: Իրավիճակը թեժանում է նրանով, որ ջրի այն մասը, որն, այնուամենայնիվ, հասնում է Չինաստանին հարակից երկրներ, ծայրահեղ աղտոտված է եւ պարունակում է նավթամթերքների եւ գյուղատնտեսական գործունեության զանազան թափոններ: Իր հոդվածներից մեկում Սիբիրյան դաշնային համալսարանի պրոֆեսորը նշում է. «Իրտիշ գետի ստորին հատվածում հոսքի նվազեցումն արդեն հիմնախնդիրներ է առաջացրել Օմսկի, Կուրգանի եւ Տյումենի մարզերի նավագնացության եւ ջրամատակարարման համար: Գետի աղտոտվածությունն իր հերթին ավերիչ ազդեցություն ունի Օբ գետի հիդրոռեսուրսների վերականգնման վրա: Ամուր գետի վրա մի շարք ՀԷԿ-երի կառուցման չինական ծրագրերի իրականացման եւ ամուրյան հոսքի մեծ մասի ուղղման դեպքում դեպի ՉԺՀ ներքին շրջաններ (նրանց կարիքների համար), այդ սահմանապահ գետը շուտով կկարողանա քայլելով անցնել նույնիսկ հավը, այնինչ ժամանակակից արդյունաբերությունն ու էներգետիկան շարունակում են պահանջել ջրի նորանոր ահռելի ծավալներ»:

Ներկայումս հիմնական խնդիրն այն է, որ Չինաստանը չի ուզում միջազգային շփումների գնալ ջրի հարցը կարգավորելու համար: Ջրային հիմնախնդիրները բազմիցս դրվել են քննարկման ամենաբարձր միջազգային բանակցություններում: Սակայն չինական կողմը առայժմ գերադասում է լռել կամ չտեսնելու տալ դրանք: Օրինակ, մինչ այսօր ստորագրված չեն մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնցից ամենակարեւորն են Կոնվենցիաները միջազգային ջրահոսքերի ոչ նավագնացային ձեւերի օգտագործման իրավունքի եւ մերձսահմանային ջրահոսքերի եւ միջազգային լճերի օգտագործման մասին: Առանց այդ հիմնարար փաստաթղթերի չինական կողմը, փաստորեն, ազատ է անսահմանափակ տնօրինել ջրային ռեսուրսները:

Եթե այսպես Չինաստանը շարունակի օգտագործել ջուրը, հաշվի չնստելով իր հարեւանների կարիքների հետ, ապա բնապահպանական աղետի սպառնալիքը եվրասիական մայրցամաքի համար տարեց-տարի ավելի իրական կդառնա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ