RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2019-10-18 > #040, 2019-10-25 > #041, 2019-11-01 > #042, 2019-11-08 > #043, 2019-11-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019



Տեղադրվել է` 2019-10-31 23:38:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2578, Տպվել է` 164, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ԿՅԱՆՔԻ ԱՐԱԳԸՆԹԱՑ, ԲԱՅՑ ԽՈՐԴՈՒԲՈՐԴ ԺԱՄԱՆԱԿԸ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկ շաբաթում որքան իրադարձություններ կան մեր շուրջը`չես հասցնում իմաստավորել: Վատ, լավ, սովորական ու անսովոր, անհեթեթ ու հեթեթ, միջազգային ու տեղական` ամերիկյան օրենսդիրների համար հայկական թեմայից սկսած, նախորդ նախագահի` հեգնախառն-տողատակային-չզղջացող ճեպազրույցով ու մեր բեւեռացված-լարված կյանքի ցունամիներով ավարտված: Կալանավորում են, տասնմեկ հազար մարդու հեռախոսազրույցի քննելու հանդեպ թույլտվություն են ստանում, ազգովին ԱԳ նախարարի ԲիԲիՍի-ի հարցազրույցն են այպանում, Նաիրի Հունանյան-ոճրագործին սարքում են մահակ` սրա-նրա գլխին կոմպրոմատ նետելու համար (պե՞տք է` գործը վերաբացեք, մասնագետով-բանով, ոչ թե մեկին թողեք նրա մոտ` հանրությանն իրար խառնելու համար): Եւ պայքարում, պայքարում, պայքարում են: Բոլորը: Կարեւոր չէ` ինչի համար, կարեւորը, որ պայքարում են: Ոչինչ չի վկայում այն մասին, որ վերջապես բոլոր տեսակի զրթուզիբիլ հարցերն այլեւս կդադարեցնեն քաղաքականացնել, կդադարեն աճպարարություններն ու ձեռնածությունները, եւ մեր կյանքն ի վերջո արագընթաց խորդուբորդությունից կմտնի հարցերն առանց հարայ-հրոցի, խաղաղ-խելացի կարգավորելու փուլ:

ԿՈՆԳՐԵՍԻ ԲԱՆԱՁԵՎԸ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Դա տեղի ունեցավ հոկտեմբերի 29- ին, 405 կողմ 11 դեմ ձայներով:

Եթե այսօր մեր լրատվամիջոցի բոլոր հեղինակների նյութերի առաջին տողերում այս լուրն ընդգծված ու կարեւորված լինի` դա արդարացված է, քանի որ անկախ այն պատճառներից, թե արդյոք բանաձեւի ընդունումը հետեւանք է հայկական լոբբիի տարիների աշխատանքի, ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առաջացած կնճիռի` քրդերի դեմ սկսված թուրքական ոտնձգությունների հետեւանքով, ռուս-թուրքական մերձեցման առիթով հերթական անգամ գործածվող ամերիկյան մահակի, թե՞ հարցի պատմականորեն հասունացման ու ճիշտ տեղում ճիշտ ժամանակի մեջ իր լուծումը գտնելուն` կարող ենք արձանագրել, որ բանաձեւի ընդունումը հայերիս համար շարքային իրադարձություն չէ եւ մեր ու աշխարհի համար հետագա զարգացումների ներուժ է ունենալու: Անկախ այն բանից, որ համանման բանաձեւ գոյություն ունի դեռ 1984 թվականից, անկախ նրանից, որ ԱՄՆ նախագահն էլ դեռ կարող է չգործածել ցեղասպանություն բառը: Սակայն եթե այնպես ստացվի, որ այս անգամ ԱՄՆ Սենատն էլ, Թուրքիային թունդ դաղելու եւ նրա ռուսական խաղերը սահմանափակելու հույսով, ընդունի բանաձեւը, ապա հետագայում, թեկուզ նույն Թուրքիայի հետ հարաբերությունների նոր գործիքների որոնման ճանապարհին աշխարհի մեծ պետություններն արդեն ստիպված են լինելու կիրառել արդեն հատուցման անհրաժեշտության մասին նոր գործիքը:

Բանալի բառերը հնչեցին կորնգրեսականներից մեկի` քվեարկությունից հետո ասված խոսքում` թե այնդքան մեծ «կողմ» ձայները նրա համար են, որ թուրքերը հասկանան, թե քրդերի ջարդերն անընդունելի են, անգամ այդ քվեարկությունն էր պլանավորվածՙ Թուրքիայի հանրապետության օրը: Այնուամենայնիվ` հոռետեսներին ականջ կախելու հարկ չկա այս առումով, ընդամենը պետք է սպասել-տեսնել` Սենատը կընդունի՞ բանաձեւը հենց այն տեսքով, ինչ տեսքով Ներկայացուցիչների պալատն է ընդունել ( ԱՄՆ կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի դրա ժխտան որեւէ միջոցառման եւ Հայոց ցեղասպանության դատապարտման հանրային ըմբռնումը խրախուսի), թե ինչ- որ բան կփոխվի, այնուամենայնիվ:

Իսկ հետագա զարգացումների աշխարհաքաղաքական մշտադիտարկման խնդիրն այս առումով պետք է լինի ոչ միայն հայկական լոբբիստական գրասենյակների կամ անհատ գործիչների խնդիրը, այլ Հայաստան պետության, որտեղ պիտի մտահոգվեն ԱԳՆ վերլուծական տիրույթից բացի` նաեւ գիտական- վերլուծական ողջ մտքի կենտրոնացման եւ խնդրի հեռանկարի մոդելավորմանը միտված քայլերը ձեռնարկող ոչ-կառավարական մի կենտրոնի ստեղծման ուղղությամբ, որը գաղափարներ կմատակարարի մեր պետությանն ու աշխարհի հայությանն այս համատեքստում: Նվազագույնը:

ԲՅՈՒՋԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ` ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐԻ ԲԵՆԵՖԻՍԸ

Իշխանության գալուց հետո այս կառավարության համար լիարժեք սեփական կարելի է համարել այն բյուջեի նախագիծը, որն այժմ քննարկվում էր ԱԺ մշտական հանձնաժողովներում, եւ որով նախատեսված է շատ զուսպ` 4,9 տոկոս տնտեսական աճ, վարչապետի գնահատմամբ` հետագա տարիների ավելի լավ աճի նախապատրաստություն որպես: Բյուջեի թվային պատկերը 1 տրիլիոն 608 միլիարդ 600 միլիոն դրամ եկամտային, 1 տրիլիոն 880 միլիարդ 200 միլիոն դրամի ծախսային մասերի ամբողջությունն է, տարբերությունը պակասուրդն է, որի համար նաեւ վարկեր են ներգրավվելու: Թվերն ու դրանց վերաբերյալ իրարամերժ գնահատականները ԶԼՄ-ները լայնորեն ներկայացնում են, դրանք հետաքրքարկան կլինի դիտարկել ԱԺ լիագումար նիստի քննարկմանը, երբ առավել ամփոփ ամեն ինչ տեսանելի կլինի, իսկ բյուջեին դեմ քվեարկելու պատրաստված §Բարգավաճ Հայաստանը¦ կներկայացնի իր հակափաստարկները: Մենք ընդամենը կանգ առնենք նախագծի քննարկման համատեքստում վարչապետին կից Սփյուռքի հարցերով գրասենյակի հանձնակատար Զարեհ Սինանյանի ներկայացրած ծախսերի շրջանակում կատարելիք աշխատանքի բովանդակությանը, որպես նոր կարգավիճակի կառույցի, որը նա չզլացավ մանրամասն ու գրավիչ ներկայացնել:

Զարեհ Սինանյանը հստակ ընդգծեց այն խոչընդոտները, որոնք չեն նպաստում սփյուռքի հետ Հայաստանի առավել նպատակային , թիրախավորված աշխատանքին, սփյուռքից հայրենադարձության կազմակերպմանը եւ կոնկրետ իր ղեկավարած գրասենյակի` եկող տարի իրագործելիք ծրագրերին: Նախ` օրենսդրությունը դրան չի նպաստում` կոնկրետ պաշտոններ ստանձնելիս սփյուռքահայերին ներկայացվող որոշակի սահմանափակումներն ու քաղաքացիության պահանջը: Նա հույս ունի սփյուռքից ներգաղթին չնպաստող օրենսդրությունը եկող տարվա ընթացքում վերանայել-փոփոխել` Ազգային ժողովի գործուն օժանդակությամբ:

Ըստ նրա` գրասենյակի ղեկավարն ու աշխատակիցները պետք է ակտիվ այցելեն սփյուռքահայ համայնքներ, քանի որ պետության ներկայության առումով վակուում է ստեղծվել սփյուռքում. պետք է ներկա լինել, ճանաչել համայնքները, տեղեկատվություն հավաքել եւ հնարավորությունները գույքագրել, որպեսզի իմանալով ներուժը` պետությունը պլաններ կառուցի այդ ներուժի վրա:

Հայաստան-սփյուռք նախկին համաժողովները ձեւական ու անարդյունք են եղել, աշխատելու իմիտացիա է արվել: Չնայած դրան` եկող տարի մի քանի այդպիսի համաժողով անցկացվելու է, բայց կոնկրետ արդյունք նախանշելով: Օրինակ` առաջին այդպիսի համաժողովի արդյունք է ակնկալվում սփյուռքի համակարգող խորհրդի ստեղծումը:

Գրասենյակը, հնարավորությունները գույքագրելուն զուգահեռ, պետք է հետագա տարիների ռազմավարություն մշակի:

Գրասենյակի` բյուջեին ուղղված մոտ մեկուկես միլիոն դոլարին համարժեք ծախսերի հայտն իհարկե բավարար չէ, բայց նաեւ հայկական իրողությունների տեսանկյունից քիչ էլ չէ` արդյունք ակնկալելու համար: Ըստ Սինանյանի` եթե վերջին երեք տասնամյակում պետությունն այրել է կամուջները սփյուռքյան համայնքների հետ` անվերջ պահանջողի դիրքից հանդես գալով, ապա մեկ տարում նոր մոտեցումներով չափելի արդյունք սպասելը ճիշտ չէ, բայց սկզբնավորման առումով`սպասելիք, այո, կա, մանավանդ եթե ճանաչենք ու քարտեզագրենք սփյուռքը:

Եկող տարվա ընթացքում նախատեսված է սփյուռքից քսան բարձրակարգ մասնագետի ներգրավել պետական աշխատանքի մեջ: Առհասարակ` ըստ Սինանյանի` ժողովրդագրական խնդիր լուծելու համար պետությունը պետք է մեծ վերադարձ կազմակերպի առաջիկա երկու- երեք տարվա ընթացքում, պետք է մեծ վերադարձի մասին օրենք ընդունվի, որն, ի դեպ, ԱԺ համապատասխան հանձաժողովն արդեն նախաձեռնել է: Օրենքը ինչպես հոգեբանական աջակցության հարց է լուծելու, որ պետությունը տեր է սփյուռքի հայ մարդուն, այլեւ հայրենադարձության համար փափուկ պայմաններ պետք է ամրագրի: §Արի տունն¦ այժմ վերանվանվել է §Քայլ դեպի տուն¦, որով եկող տարի ութ հարյուր երիտասարդ է հայրենիք գալու: Կարեւոր է մտածողության փոփոխությունը` որ ոչ թե միայն սփյուռքից պահանջվում է, այլ` որ նրա հնարավորությունների իրացման համար հարմար դաշտ է ստեղծվելու: Պետք է ամեն ինչ վերանայվի` օրենսդրությունը, վերաբերմունքը, աշխարհայացքը, մոտեցումները սփյուռքի ու սփյուռքահայերի հանդեպ: Պրոբլեմն ըստ Սինանյանի սկսվում է սյուռքահայի կամ սփյուռքից եկած գործարարի ` հայրենիք մտնելու պահից` քաղաքացիություն ստանալուց մթնած-սառը դեմքեր տեսնելուց մինչեւ մաքսատան ուսադիրավորի վատ վարվեցողություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 01-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ